Հայաստան - Արցախ

Արա Այւազեան. «ԱԳՆ-ն տեղեակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին յանձնման յուշագրի բովանդակութեան եւ ստորագրման մասին»

«ԱԼԻՔ» – ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այւազեանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրւել Գորիս-Կապան ճանապարհը եւ Սիւնիքի Շուռնուխ գիւղի մի հատւածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարութիւնը տեղեակ չի եղել։

«Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզւեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ յուշագիր Ադրբեջանի հետ եւ երեւի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարութիւնը տեղեակ չէր»: «Ազատութեան» հետ հարցազրոյցում ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարարը։

Ստորեւ ներկայացնում ենք մի հատւած Արա Այւազեանի հետ հարցազրոյցից.

– Պարո՛ն Այւազեան, 2020 թւականի դեկտեմբերից Ադրբեջանին անցաւ Գորիս-Կապան ճանապարհը, եւ արդէն 2021-ի յունւարին Ադրբեջանին նաեւ փոխանցւեց Շուռնուխ գիւղի մի մասը։ Դուք տեղեա՞կ էք, թէ իրաւական ինչ փաստաթղթերի հիման վրայ այս տարածքների յանձնումը, փոխանցումը տեղի ունեցաւ։

– Տեսէք, եղել է Անվտանգութեան խորհրդի նիստ, այդ Անվտանգութեան խորհրդի նիստը տեղի ունեցաւ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, եւ այդ նիստերից երեք նիստ է եղել, ես երկուսին եմ մասնակցել, ապա մեկնել եմ արտասահման, եղել են քննարկումներ, ես հիմա այդ քննարկումների բովանդակութեան մասին չեմ կարող բարձրաձայնել, բայց հետագայում պարզւեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ յուշագիր Ադրբեջանի հետ եւ երեւի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարութիւնը տեղեակ չէր։

– Յուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին։

– Այդպէս յայտարարւեց։ Անվտանգութեան խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկւում, որովհետեւ ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, եւ տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրւի, առնւազն ես տեղեակ չեմ եղել, եւ հետագայում է դա պարզւել։ Եւ երբ պարզւել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանութեան նախարարութեան, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրւի։ Իմ պաշտօնավարման մինչեւ վերջ այդ փաստաթղթերին ես ծանօթ չեմ։

– Դուք չէ՞ք տեսել այն փաստաթուղթը, որով Գորիս- Կապան ճանապարհը եւ Շուռնուխ գիւղի մի հատւածը փոխանցւել է Ադրբեջանին եւ պոստ ֆակտում էք իմացել, որ նման՝ եռակողմ յուշագիր է ստորագրւել։

– Այո, եռակողմ կամ երկկողմ. տեղեակ չեմ անկեղծ։

Related Articles

Back to top button