Գառնիկ Դանիէլեան. «Այն վիճակը, որ հիմա Կիրանցում է, մտահոգութիւնների տեղիք է տալիս»
«ԱԼԻՔ» – Ադրբեջանցի սահմանապահները Կիրանցում ամէն անգամ սադրանքներ են իրականացնում, թէեւ մեզ համար այդ ամէնը զարմանալի չէ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
«Սահմանագծման, սահմանազատման աշխատանքների անւան տակ Կիրանցում միակողմանի զիջում է տեղի ունեցել։ Կիրանցում եւ դրան կից տարածքներում այսօր ադրբեջանական ուժերն ակտիւ ինժիներական եւ այլ աշխատանքներ են կատարում, անմիջապէս դպրոցի հարեւանութեամբ տեխնիկան է աշխատում։ Նոր կառուցւած ճանապարհի հարեւանութեամբ ադրբեջանցիները եկել եւ կոնֆլիկտ են ունեցել հայ սահմանապահների հետ։ Պատճառն այն է եղել, որ ադրբեջանցիները հայկական կողմի ներկայացուցիչներին ասել են՝ այն տարածքը, որտեղ որ կառուցւում է այդ ճանապարհը, եւս նրանց է պատկանում։ Այսինքն՝ ադրբեջանցիներն ամէն անգամ սադրանքներ են իրականացնում, որոնք մեզ համար զարմանալի չեն»,- նշեց Դանիէլեանը։
Պատգամաւորի խօսքով՝ մինչ այս եւս մի քանի միջադէպեր են տեղի ունեցել, բայց երկու օր առաջւայ նման միջադէպ չի եղել, եւ այն վիճակը, որ հիմա Կիրանցում է, շատ մտահոգութիւնների տեղիք է տալիս։
«Մենք բազմաթիւ անգամներ զգուշացրել ենք, որ ադրբեջանական կողմը հանգիստ եւ խաղաղ չի ապրելու։ Երբ Կիրանցը յանձնւում է թշնամուն, պէտք է ի նկատի ունենալ, որ ադրբեջանցիների նպատակը հէնց մխրճւելն է գիւղի տարածք։ Մինչ այս եւս մի քանի միջադէպեր են տեղի ունեցել, բայց երկու օր առաջւայ նման միջադէպ չի եղել, եւ այն վիճակը, որ հիմա Կիրանցում է, շատ մտահոգութիւնների տեղիք է տալիս։
Ինչ վերաբերում է կոնկրետ ականի պայթիւնին, նշեմ, որ դա տեղի է ունեցել երէկ, այս պահին պարզւում են, թէ ինչ հանգամանքների ներքոյ է պայթիւնը եղել։ Բարեբախտաբար տուժածը թեթեւ մարմնական վնասւածքներ է ստացել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարւած եւ անորոշ, քանի որ նոյն հայկական վերահսկողութեան տակ գտնւող տարածքներում, որտեղ բնակիչները ցանել են իրենց ցորենը, ադրբեջանական կոմբայներն այդ ցորենն ու գարին հնձել էին։ Այս տեղեկութիւնը հէնց գիւղացիներն են ինձ ասել։
Նաեւ նշեմ, որ շաբաթներ առաջ հարցում էի ուղարկել Էկոնոմիկայի նախարարութիւն եւ բացատրութիւններ պահանջել, թէ ինչու գիւղացիները չեն կարողանում իրենց բերքը հնձել։ Ի պատասխան ասել են, որ դա իրենց գործառոյթների մէջ չի մտնում։ Ստացւում է դա ադրբեջանցիների գործառոյթների մէջ է, եւ ամբողջ ցորենը նրանց է պատկանում»,- եզրափակել է Դանիէլեանը։