Newsweek. «Մտորումներ Լեռնային Ղարաբաղի մոռացւած էթնիկական զտումների մասին»
«ԱԼԻՔ» – Ես դեռ չեմ կարող վերադառնալ իմ իսկական տունն Արցախում (Լեռնային Ղարաբաղ), որը անկախութիւն է հռչակել 1991 թւականին եւ ժողովրդավարական ինքնակառավարում ունէր Խորհրդային Միութեան փլուզման պահից մինչեւ անցեալ տարի։ Իմ հնամենի հայրենիքը Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների է ենթարկւել անցեալ սեպտեմբերին։ Այս մասին ասւում է լրագրող Սիրանուշ Սարգսեանի յօդւածում, որը հրապարակւել է ամերիկեան Newsweek ամսագրում։ Հաղորդում է News.am-ը:
«10 ամիս շրջափակման մէջ ապրելիս, նոյնիսկ հարեւան Հայաստանի մօտակայ բնակավայր հասնելն անհնար էր թւում։ Երբեք չէի պատկերացնի 120 հազար հայրենակիցներիս հետ իմ արտաքսումը։
Ես գրել եմ պատմութիւններ մայրերի մասին, որոնք ամբողջ գիշեր անցկացրել են հացի հերթերում, երեխաների մասին, որոնք ցրտին չնայելով դպրոց էին գնում, հղի կանանց մասին, որոնք կորցնում էին իրենց չծնւած երեխաներին թերսնման եւ ստրեսի պատճառով: Շատերը մահացան։ Ադրբեջանը հողին է հաւասարեցրել մի քանի հնագոյն եկեղեցիներ ու գերեզմանոցներ։ Արցախից մեր վտարումը կանխամտածւած էթնիկ զտում էր։
Այո, ես ակնկալիքներ ունեմ ԱՄՆ-ից, որը երկար տարիներ մասնակցում է տարածաշրջանում հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտօնեաները մեզ հաւաստիացնում էին, որ ԱՄՆ-ն «չի հանդուրժի ոչ մի ռազմական գործողութիւն, չի հանդուրժի որեւէ յարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրայ, եւ որ մեր իրաւունքները պաշտպանւած կը լինեն»։ Բայց դա տեղի չունեցաւ։
Երբ քայլում եմ մայրաքաղաք Երեւանի աղմկոտ փողոցներով, ինձ թւում է, թէ ապրում եմ ուրիշի կեանքով։ Թւում է, թէ Ադրբեջանն ամբողջ աշխարհի մասնակցութեամբ ջնջում է իմ կեանքը, իմ անցյալն ու մեր հազարամեայ պատմութիւնը»,- նշւում է յօդւածում։