Փաշինեանը համաձայնել է ՀՀ-ն դարձնել պրոքսի – գործիք. Սուրէնեանցը՝ Արեւմուտքի լռութեան մասին

«ԱԼԻՔ» – Սուրէն Սուրէնեանցը վստահ է՝ ՀՀ-ում քաղբանտարկեալներ չլինելու ու հակաեկեղեցական ռեպրեսիաները կասեցնելու հարցերում ընդդիմութիւնը խիստ միասնական պէտք է լինի։
Եթէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը սկսի չկատարել Արեւմուտքի պահանջները, հէնց այդ Արեւմուտքը նրան կը հռչակի Սադամ Հուսէյն։ Այս մասին Sputnik Armenia-ի հետ ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցութեան նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրէն Սուրէնեանցը։
«Խայտառակութիւն է մեր երկրի համար, որ ունենք քաղբանտարկեալներ, ու այն էլ այս թւով։ Մեր աջակցութիւնն ենք յայտնում նրանց՝ մասնաւորապէս Նարեկ Սամսոնեանին, որը հացադուլ է իրականացնում։ Պէտք է հասնել նրան, որ երկրում քաղբանտարկեալներ չլինեն։ Ռեպրեսիաների դադարեցման կարեւոր հարցերից է նաեւ հակաեկեղեցական արշաւի կասեցումը»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։
Սուրէնեանցն ասաց, որ այս 2 հարցում ընդդիմութիւնը խիստ միասնական պէտք է լինի։ Ընդգծեց՝ Փաշինեանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղբանտարկեալ ունենալու ամօթալի խարանը։
«Չկարծէք, թէ Արեւմուտքը չգիտի այն այլանդակութիւնների մասին, որ իրականացնում է Նիկոլ Փաշինեանը։ Իրենք արժէքները մի կողմ են դրել ու շարժւում են աշխարհաքաղաքական շահերով։ Այսինքն՝ Փաշինեանը համաձայնել է Հայաստանը դարձնել պրոքսի-պատերազմի գործիք։ Որ պահին Փաշինեանը չկատարի Արեւմուտքի ցուցումները, կասկած չունենաք՝ Արեւմուտքը կը հռչակի նրան Սադամ Հուսէյն, հրէշ»,- շեշտեց Սուրէնեանցը։
Նրա խօսքով՝ նախկին 3 նախագահներն էլ չեն «պարել» Արեւմուտքի դուդուկի տակ, այդ պատճառով էլ, երբ քաղբանտարկեալ է եղել, միջազգային կառոյցները մշտապէս բարձրաձայնել են այդ մասին։
«Եթէ Նիկոլ Փաշինեանն ուղիղ եթերում մարդ ուտի եւ կարողանայ համոզել, որ իր զոհը ռուսական ագենտ է, Կայա Կալասը (ԵՄ արտաքին քաղաքական ծառայութեան ղեկավար–ԽՄԲ.) կը ծափահարի հայկական ժողովրդավարութեանը»,- յայտարարեց քաղաքական վերլուծաբանը։
Նշենք, որ ներկայում 20-ից աւելի քաղաքական եւ հասարակական գործիչ անազատութեան մէջ է՝ տնային կալանքի կամ կալանքի տակ։ Նրանք են՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնեանն ու Վազգէն Սաղաթէլեանը, գործարար Սամուէլ Կարապետեանը, Մասիսի քաղաքապետ Դաւիթ Համբարձումեանը, Գիւմրու համայնքապետ Վարդան Ղուկասեանը, «Սրբազան պայքարի» գործով 17 աջակիցները։



