Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ընտրութիւններում յաջողութեան հասնելու համար

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Ընտրութիւններին ընդառաջ արտաքին կոպիտ, անթոյլատրելի ազդեցութիւնը նւազեցնելու եւ երկիրը սահուն փոփոխութիւնների տանելու համար անհրաժեշտ է պատկերացումների, քայլերի, պայմանների եւ շեշտադրումների մի ամբողջութիւն.

  1. Ժողովուրդը քւէարկութեան մատէրիալ չէ։ Ժողովրդին պէտք է ընտրութիւն առաջարկել։ Կայ խնդիր. հաւաքական ընտրողն այս պահին չի ընկալում, թէ ինչերի միջեւ է իրեն ընտրութիւն սպասւում։
  2. Յաջողութիւնը մեծապէս կախւած է ոչ այնքան նրանից, թէ ովքեր կառաջադրւեն, այլ՝ թէ ովքեր ԿԸՆՏՐԵՆ։ Նախքան քւէարկութեան օրը պէտք է ձեւաւորել մոտիւացւած հասարակութիւն։
  3. Առաջիկայ ԱԺ ընտրութիւնները բացառապէս ներհայաստանեան ընտրութիւններ են։ Սա լինելու է ընտրութիւն՝ Հայաստանի ներքին կեանքի մասին. ապրել այսօրւայ այլանդակ իրականութեան մէ՞ջ, թէ՞ ընտրել նորմալ, մարդավայել բարքեր։ Սա պէտք է հասկանալ ու բացատրել։
  4. Ներքին համերաշխութիւնն այլընտրանք չունի։ Ներհայաստանեան համերաշխութիւն, ներհայկական համերաշխութիւն Սա հէնց այն է, ինչի դէմ ամբողջ թափով պայքարում են գործող իշխանութիւնները։ Նրանք լաւ գիտէն, որ միայն պառակտւած հանրութեան պարագայում իրենք կարող են յաջողել։
  5. Նոր էլիտան «հակապարտութիւն» էլիտան է, այն պէտք է այդպէս դիրքաւորւի եւ ձեւաւորի ՉՊԱՐՏՈՒԹԵԱՆ մթնոլորտ՝ յետպատերազմեան վերականգնման առաքելութեամբ։
  6. Մինչեւ ընտրութեան օրը կարելի է քննարկել յաջորդ իշխանութեան միայն առաքելութիւնը, եւ ոչ երբեք՝ կազմը։ Հակառակ պարագայում լինելու է սովորական, ծանօթ գզվռտոցը եւ հանրային հիասթափութիւնների շքերթ, որից որեւէ դրական արդիւնք ծնւել չի կարող։
  7. Հակաիշխանական համակարգերում պէտք է վերջապէս վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանէ սխալ հաշւարկներ։
  8. Հաշւի առնել բոլոր սոցիալական խաւերին՝ իրենց խնդիրներով։ Հայաստանում կան ոչ ստանդարտ «սոցիալական խաւեր» որոնց հետ աշխատանքը պահանջում է ճիշտ, գրագէտ բանաձեւեր։
  9. Հաշւի առնել բոլոր սերունդների առանձնայատկութիւնները։
  10. Չանել կոպիտ բովանդակային սխալներ։ Գրագէտ բանաձեւերի դէպքում ե՛ւ ներսում կը լինի ընկալում, ե՛ւ տարածաշրջանում։
  11. Եկեղեցու պաշտպանութիւնը միայն եկեղեցու խնդիրը չէ։ Եկեղեցու վրայ գործադիր իշխանութեան յարձակման պայմաններում աշխարհիկ կառոյցները եւ լայն հասարակութիւնը պէտք է աւելի ակտիւ ու յստակ ներգրաււեն եկեղեցու պաշտպանութեան գործին։
  12. Չկարծել, թէ հնարաւոր է սեպարատ պայմանաւորւել իշխանութեան հետ։ Որեւէ պայմանաւորւածութիւն չի պահւելու, եւ հաշւարկները պէտք չէ դրա վրայ կառուցել։
  13. Հայաստանի ապագան որոշւում է Հայաստանում։ Ոչ մի այլ երկրի մայրաքաղաքում մեր փոխարէն ընտրութիւն չեն անելու։
  14. Սա ընտրութիւն չէ՝ խաղաղութեան եւ պատերազմի միջեւ։ Սա ընտրութիւն է՝ այսօրւայ «չպատերազմ» վիճակի հետագայ ճիշտ մենեջմենթի, կառավարման մասին։
  15. Առաջիկայ ընտրութիւնը Հայաստանում ապրելու մեր հնարաւորութեան մասին է։
  16. Մինչեւ 2018-ի մասին անկեղծ խօսելը, սխալները ընդունելը մեծացնում է 2018-ից յետոյ բացւած այլանդակ էջը փակելու հնարաւորութիւնը։
  17. Կազմել ճիշտ թիմեր, միաւորումներ, դաշինքներ։ «Ցուցակ կազմողները» պարտաւոր են վեր կանգնել կլանային կամ շքախմբային տրամաբանութիւնից։ Հանրային սկզբունքային պայքարող շերտը պարտաւոր է մի կողմ չքաշւել ընտրական պրոցեսից։ Պէտք է ընտրել առաւել հոգեհարազատ միաւորները եւ մտնել ընտրական պրոցեսի մէջ։
  18. Կտրականապէս խուսափել արհեստական նախըտրական լուծումներից, որոնք առաջին հայեացքից շահեկան են թւում, սակայն խորքային առումով սխալ են (նման գայթակղութիւն ծագում է մէկի տապալած գործը միւսի յաջողութեամբ քօղարկելու մոտիւացիայից)։
  19. Ապագայ իշխանութեան առաջնահերթ անելիքների մասին պէտք է լինի առաւելագոյն յստակութիւն։ Այդ քայլերը պէտք է հասկանալի լինեն ընտրողին։

Oragark.com

Related Articles

Back to top button