ՀՀԿ. «ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգաւոր փորձութեան են տանում Հայաստանի ինքնիշխանութիւնը»

«ԱԼԻՔ» – Վաշինգտոնեան հանդիպման արդիւնքում ստորագրւած եռակողմ յուշագրի կապակցութեամբ ՀՀԿ ԳՄ-ը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է.
«Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը խիստ մտահոգւած է Վաշինգտոնում ստորագրւած եռակողմ յուշագրով՝ այն դիտարկելով որպէս ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների եւ աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրւած հերթական վտանգաւոր (կապիտուլիացիոն) փաստաթուղթ:
Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պէտք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգաւոր փորձութեան են տանում Հայաստանի ինքնիշխանութիւնը, ինչպէս նաեւ զոհաբերում են Արցախի ժողովրդի իրաւունքները՝ լեգիտիմացնելով Բաքւի ռեժիմի կողմից Արցախում իրականացւած էթնիկ զտումների եւ հայրենազրկման փաստը։
Մասնաւորապէս՝
- Յուշագիրն արտայայտում է բացառապէս Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրութիւններով առաջնորդւող երկրների շահերը՝ ի հաշիւ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։
- Յուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացւած տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։
- Յուշագիրը որեւէ պարտաւորութիւն չի ամրագրում ապօրինի կալանաւորւած եւ Բաքւի բանտերում պահւող հայ գերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։
- Հայաստանի սահմանների անձեռնմխելիութեան, անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան միջազգային իրական երաշխիքների փոխարէն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ եւ անհասցէ խոստումներ:
- Յուշագրում բացակայում են Արցախահայութեան սեփականութեան, մշակութային եւ հոգեւոր ժառանգութեան պաշտպանութեան, ինչպէս նաեւ քաղաքական իրաւունքների վերաբերեալ դրոյթները։
- Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնօրէն ճանաչւած միակ բանակցային ձեւաչափի լուծարման համաձայնութիւնն անթոյլատրելի նահանջ է հակամարտութեան կարգաւորման յայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտօնական Երեւանի վրայ, Ադրբեջանի կողմից ակնյայտ ճնշման հետեւանք է, եւ արցախահայութեան բռնի տեղահանման միջազգայնօրէն արդարացում։
- Փաշինեանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիօրէն հասցւած հարւածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմա-քաղաքական հաւասարակշռութիւնը, ինչը պետութեան համար յղի է նոր սպառնալիքներով ու մարտահրաւէրներով։
- Ինչպէս այլ կարեւոր փաստաթղթերի, այնպէս էլ այս յուշագրի բովանդակութիւնը թաքցւած է եղել ՀՀ քաղաքացիներից եւ Ազգային ժողովից։ Կենսական կարեւորութեան որոշումները չեն կարող կայացւել երկրի ներսում լեգիտիմութիւն չունեցող ռեժիմի կողմից։
- Անկասկած է, որ ներկայիս զարգացումները Հայաստանում իշխող վարչախմբի եւ նրա պարագլխի՝ ամէն գնով, այդ թւում՝ ազգային, պետական շահերի ոտնահարմամբ եւ գէոպոլիտիկ արկածախնդրութեամբ, վերարտադրւելու հիւանդագին, հակապետական եւ հակաժողովրդական մոլուցքի հետեւանք են։
- Նման պայմաններում հայ-ադրբեջանական յարաբերութիւնները կարգաւորող որեւէ փաստաթուղթ, ներառեալ՝ «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն եւ արդար խաղաղութեան հաստատմանը։ Այն էականօրէն սահմանափակելու է նաեւ Հայասսանի Հանրապետութեան անվտանգութեան եւ ինքնիշխանութեան ապահովման գործիքակազմը եւ կապելու է երկրի արտաքին քաղաքականութեան ձեռքերը։
Յստակ գիտակցելով տւեալ գործընթացից բխող հետագայ մարտահրաւէրները եւ գնահատելով առկայ իրավիճակի անհրաժեշտ գործողութիւնները, պահանջում ենք՝
Ա. Օրակարգային առաջնահերթութիւն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալւած բոլոր հայ գերիների եւ ապօրինի պահւող անձանց անյապաղ ազատ արձակման հարցը:
Բ. Առանց որեւէ նախապայմանի, ադրբեջանական զինւած ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացւած տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ:
Գ. Արցախահայերի վերադարձի իրաւունքի պաշտպանումն արձանագրել որպէս տարածաշրջանում կայունութեան եւ երկարատեւ խաղաղութեան գործընթացի բաղկացուցիչ մաս:
Դ. Իրաւաբանօրէն պարտաւորեցնող միջազգային անվտանգութեան երաշխիքներ եւ իրատեսական մեխանիզմներ սահմանել Հայաստանի տարածքային ամբողջականութեան, ինչպէս նաեւ մեր քաղաքացիների խաղաղ զարգացման ու կենսական շահերի ապահովման համար:
Ե. Հրաժարւել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ենթադրող պահանջի կատարումից:
Հաշւի առնելով վերոգրեալը, ՀՀԿ-ն մերժում է գործող կառավարիչների քաղաքական եւ դիւանագիտութեան ձախողումների արդիւնքում, միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղւած գործելաոճը:
Տարածաշրջանում իրական խաղաղութիւնն ու երկարատեւ կայունութիւնը պահանջում է արդարութեան վրայ հիմնւած, հաւասարակշռւած եւ կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թէ հարկադրանքի եւ աշխարհաքաղաքական առեւտրի վրայ կառուցւած եւ պարտադրւած մնացորդային արդիւնքներ:
Խաղաղասիրութիւնն ու հաղորդակցութեան ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպէս ՀՀ արտաքին քաղաքականութեան սկզբունք՝ ՀՀԿ-ն չի կարող անարդար, պարտադրւած եւ ոչնչով չերաշխաւորւած խաղաղութեան հռչակումն ընդունել որպէս առկայ իրավիճակի իրական հանգուցալուծում՝ յատկապէս, երբ շարունակւում են ոտնահարւել հայ ժողովրդի կենսական իրաւունքները, տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխան պետականութեանը յարիր արժանապատիւ կեցւածքը:
Հայաստանի Հանրապետական կուսակցութեան Գործադիր մարմին
11.08.2025»։