Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Գոռ Գէորգեան. ««Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման օրակարգի շուրջ Հայաստանը հետզհետէ կարող է ներքաշւել տարածաշրջանային որակապէս նոր` կատաղի մրցապայքարի մէջ»

«ԱԼԻՔ» – «1978-2025 թթ. ընթացքում, ԱՄՆ-ը երկրորդ անգամ մեր մակրոտարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակութեան խաղաղութեան (մեր դէպքում դեռ պայմանական) նախագիծ է սատարում. առաջին դէպքում «քեմփ-դէյւիդեան» գործընթացն էր, որն յաջողութեամբ հասցւեց իր տրամաբանական աւարտին, իսկ ներկայումս էլ` հայ-ադրբեջանականն (այսուհետ «վաշինգտոնեան փաստաթղթեր»), որը դեռ պէտք է հասցւի աւարտին»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է պատմական գիտութիւնների թեկնածու, արեւելագէտ Գոռ Գէորգեանը:

«Ինչո՞ւ աշխարհաքաղաքական նշանակութեան.

Ա. Քեմփ-դէյւիդեան գործընթացի գլոբալ նպատակն էր արաբական աշխարհում ԽՍՀՄ դիրքերի թուլացումը, իսկ Եգիպոսը` արաբական երկրների շարքում, պաշտօնական Մոսկւայի ամենաազդեցիկ դաշնակիցներից էր,

բ) «Զանգեզուրի միջանցք»-ը` Տրանսկասպիական երթուղիների փոքր, բայց անչափ կարեւոր բաղկացուցիչ է, նրա շահագործումը կամ բացումը այսպէս կոչւած «Մեծ Խաղից» դուրս է թողնում Ռուսաստանին եւ Իրանին, աւելին` մեծ հաշւով էական ռիսկեր առաջացնում նաեւ երկու երկրների անվտանգային միջավայրի համար: Այս ամէնից առաւել, թիրախաւորւում է նաեւ Չինաստանը, որը տարիներ շարունակ իրանական նաւթի հիմնական սպառողն է եւ ԱՄՆ-ի համար «աշխարհաքաղաքական քուլիսների» յետեւում կանգնած ծանրակշիռ մրցակից: Չինական հսկայ տնտեսութեան համար էներգակիր աղբիւրները` շնչառական խողովակներ են: Այս ամէնին գումարւում է նաեւ ոչ պակաս կարեւոր գործօն հանդիսացող «Մեծ Թուրան» ծրագրի կեանքի կոչելու հանգամանքը:

Այսպիսով, «վաշինգտոնեան փաստաթղթեր»-ի թերեւս ամենակենտրոնական տեղը զբաղեցրեց «Զանգեզուրի միջանցք»-ի բացման վերաբերեալ եռակողմ համաձայնութեան ձեռքբերումը: Եգիպտա-իսրայէլական եւ հայ-ադրբեջանական կարգաւորման գործընթացները, պատմական իրողութիւնների տեսանկիւնից բնականաբար շատ տարբեր են, սակայն, որպէս ԱՄՆ-ի հովանու ներքոյ խաղաղութեանը միտւած (մեր դէպքում պայմանական) եւ միեւնոյն ժամանակ աշխարհաքաղաքական նախաձեռնութիւններ, ունեն որոշակի առանձնայատկութիւններ եւ տարբերութիւններ. ժամանակագրական, աշխարհաքաղաքական, իրավիճակային, մասշտաբային, անհատականութիւն-կերպարների առումով եւ այլն:

Քեմփ-դէյւիդեան գործընթացն պաշտօնական Կահիրէի համար իրական խաղաղութեան մասին էր, որտեղ Եգիպտոսն Իսրայէլի հետ իրաւահաւասար կողմ էր` իր սեփական օրակարգով եւ դեռ աւելին:

Աւաղ, մեր դէպքում ակնյայտ է, որ այս պահի դրութեամբ, համաձայն «վաշինգտոնեան փաստաթղթերի», ադրբեջանական կողմը մի շարք կարեւոր հարցերի առնչութեամբ արդէն իսկ շահեկան կարգավիճակում է (կէտերի մասին անցած օրերին արդէն իսկ քանիցս գրւել է), աւելին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացման վերաբերեալ համաձայնութեան նւաճումը` դարձաւ թուրքական դարաւոր երազանքի առյաւատչեան, այսպէս ասած «Մեծ Թուրանի սեզամը», որն անկախ իր տնտեսական շահութաբերութեան ցուցանիշներից` հայկական կողմի համար կարող է դառնալ աշխարհաքաղաքական թակարդ:

Տրանսկասպիական երթուղիների «աշխարհաքաղաքական փազլի» մաս կազմող «Զանգեզուրի միջանցք»-ը եւ Սիւնիքը եղել են ու կան հայկական պետութեան էքզիստենցիալ անվտանգութեան «Աքիլեսեան գարշապարը». սա պատմական փաստ է:

Աւելին, մեծ է հաւանականութիւն կայ, որ հէնց «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման օրակարգի շուրջ Հայաստանը, հետզհետէ կարող է ներքաշւել տարածաշրջանային որակապէս նոր` կատաղի մրցապայքարի մէջ: Մոլորութիւն է չյիշել, որ Ռուսաստանը եւ Իրանը շարունակում են մաս կազմել Հարաւային Կովկասի ուժերի յարաբերակցութեանը. պայմանական լռութիւնը դեռ բացակայութեան` ցուցիչ չէ:

Հետեւաբար, Հայաստանի համար «վաշինգտոնեան փաստաթղթերի» իրագործման գործընթացը պէտք է դեռ ժամանակի փորձութեան միջով անցնի. եթէ ԱՄՆ-ը ստանձնել է խաղաղութեան սոյն գործընթացը, ապա առաջին նախապայմանը պէտք է լինի Հայաստանի անվտանգութեան երաշխաւորութեան մասին յայտարարութիւնը:

Այս առումով ԱՄՆ-ին մինչ օրս յաջողւել է երաշխաւորել Եգիպտոսի եւ Իսրայէլի միջեւ խաղաղութիւնն, այնպէս որ Թրամփը այս մասով, եւ ոչ միայն, դեռ անելիք ունի:

Ի դէպ 2020 թ. նոյեմբերի 9 եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտն էլ չեղարկւած չէ եւ մնացել է օդում դեռ առկախւած: Ինչեւ է:

Երէկւանը՝ արդէն պատմութիւն է, այսօր Հայաստանն այլեւս նոր իրողութիւններ է շեմել, իսկ վաղւայ օրն՝ արդէն թակում է մեր դուռը: Վայնասունի եւ ընկրկելու ժամանակ չկայ:

Հայաստանին քաղաքական նոր ուժ է հարկաւոր, որակապէս նոր գործընթաց. դա դեռ երէկւայ օրւայ ուշացած հրամայականն է. այն պէտք է կարողանայ վերաիմաստաւորել արդի իրողութիւնները, վերագնահատել Հայաստանի շահերի առաջնահերթութիւնը եւ փորձի հասնել իրական խաղաղութեան՝ յենւելով մեր տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան ապահովման գրաւականի վրայ:

Յ.Գ. – Եթէ խաղաղութիւնն իրական է` այն այլընտրանք չունի որեւէ  պետութեան համար»,- գրել է Գէորգեանը:

Related Articles

Back to top button