ՌԴ ԱԳՆ. «Արեւմուտքի նպատակը կապ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հետ»
Ամենշաբաթեայ ճեպազրոյցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւններին եւ Արեւմուտքի միջնորդութեանը:
«Մենք տեսանք, թէ ինչպէս ԵՄ-ը լրամշակեց ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցչի դեկտեմբերի 17-ին հրապարակած յայտարարութիւնը՝ Եւրոմիութեան այսպէս կոչւած իրաւամարդկային պատժամիջոցներին մի շարք երրորդ երկրների միանալու մասին: Դրա սկզբնական տարբերակում երրորդ երկրների ցանկում յայտնւել էին Ադրբեջանն ու Հայաստանը, սակայն որոշ ժամանակ անց նրանք այնտեղից հրաշքով անհետացան։
Բրիւսէլն իր հակառուսական սահմանափակումներին միջազգային իրաւական նորմերի համապատասխանութեան տեսք հաղորդելու համար երրորդ երկրներին խաբէութեամբ ներքաշում է իր գործառութային միջոցների մէջ: Սակայն այդ բոլոր փորձերը ապակառուցողական են ու անհեռանկար: ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցները, որոնք ձեռնարկւել են՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը, միջազգային իրաւունքի կոպիտ խախտում են»,- նշել է Զախարովան։
«Արեւմուտքի նպատակը ոչ մի կապ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կամ երկարատեւ ճգնաժամի հետեւանքների կարգաւորման հետ։ Սա պարզապէս հակառուսական եւս մէկ քայլ է»,- յաւելել է նա:
Զախարովայի խօսքով՝ փորձելով ստիպել Ռուսաստանի հարեւաններին հետեւել պատժամիջոցներին, այդ թւում՝ հակառուսական կուրսին, ԵՄ-ն պարզապէս դիմում է բոլոր հնարաւոր միջոցներին, ներառեալ բացայայտ կեղծիքները: