ԻրանՄիջազգայինՔաղաքական

Վահէ Դաւթեան. «Իրանը հաւատարիմ է իր կողմից սահմանւած աշխարհաքաղաքական կարմիր գծերին»

«ԱԼԻՔ» – Էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել՝ անդրադառնալով այն փաստին, որ Իրանը էլեկտրաէներգետիկ միջանցք է բացում Նախիջեւանով։

«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դէպի Նախիջեւան իր տարածքով, այդ հարցում արդէն աշխատանքներ են տարւում, եւ կայ պայմանաւորւածութիւն» յիշո՞ւմ էք Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ վերջերս արած այս յայտարարութիւնը:

Առնւազն էլեկտրաէներգետիկ հաղորդակցութիւնների մասով այս սցենարն այսօր կեանքի է կոչւում «գետնի վրայ»:

Ս. թ. ապրիլին Ադրբեջանի փոխվարչապետ Մուսթաֆաեւի եւ Իրանի ճանապարհաշինութեան եւ քաղաքային զարգացման նախարար Սադեղիի հանդիպման ժամանակ կողմերը յայտարարել են այսպէս կոչւած «Արեւելեան Զանգեզուրի տնտեսական գօտու» եւ Նախիջեւանի միջեւ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին:

Դրան զուգահեռ «Ազերէներջի» պետական ընկերութեան ու թուրքական էլեկտրաէներգետիկ շուկայի առանցքային խաղացող TEİAŞ-ի միջեւ օպերացիոն համաձայնագիր է կնքւել՝ Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման ծաւալների աւելացման վերաբերեալ: Այս անգամ՝ ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Նախիջեւանի տարածքով:

Սա չափազանց կարեւոր ազդակ է Երեւանի համար՝ յատկապէս հաշւի առնելով այն, որ Բաքուն այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք» նախագծի ներքոյ աւանդաբար դիտարկում է նաեւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Արդեօ՞ք սա վկայում է «միջանցքի» հարցում Բաքւի որոշակի նահանջի մասին:

Տեսնենք:

Ամէն դէպքում, Իրանը, ինչպէս տեսնում ենք, հաւատարիմ է իր կողմից սահմանւած աշխարհաքաղաքական կարմիր գծերին»։

Related Articles

Back to top button