Թուրքագէտ. «Յետէրդողանական Թուրքիայում կը լինի այլ քաղաքական իրավիճակ»
«Թուրքիայում ընդդիմութեանն ընտրածների մէջ վստահաբար կայ մի հատւածը, որն ընտրել է իր վերելակը, շքամուտքն ապահովող քաղաքապետի»,-Panorama.am-ի հետ զրոյցում նման համոզմունք յայտնեց ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնէանը՝ անդրադառնալով Թուրքիայի ՏԻՄ ընտրութիւններում ընդդիմութեան տարած յաղթանակին։
Թուրքագէտի խօսքով, այս ընտրութիւններում ընդդիմութեան թեկնածուները շատ աւելի մրցունակ ու յաջողութիւնների պատմութիւն ունեն, ինչպէս օրինակ, Ստամբուլի, Անկարայի քաղաքապետերը, նրանք կարողացել են ադեկվատ արձագանքել հասարակութեան սոցիալական, տեխնիկական, գաղափարախօսական հարցերին, եւ հասարակութիւնը գոհ էր նրանցից որպէս քաղաքապետ։
«Մինչդեռ իշխանութիւնը նման թեկնածուներ չէր առաջադրել եւ աւելի շատ յոյսը Էրդողանի կերպարի ու նրա ռեսուրսների վրայ էր, մինչդեռ սա նախագահական ընտրութիւններ չէին, եւ քաղաքացիների մեծ մասն ընտրում էր իրենց համար կոմֆորտ իրավիճակ ստեղծող վարչարարի»,-մանրամասնեց Մելքոնյանը։
Ընդդիմութեան յաղթանակի գործում յաջորդ կարեւր հանգամանքը Panorama.am-ի զրուցակիցը համարում է ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցութեան գաղափարախօսութեան տրանֆորմացիան։
«Այդ գաղափարախօսութեան մէջ մի շարք նոր տարրեր են մտել, որոնք նաեւ հասարակութեան տարբեր շերտերի են գրաւել դէպի իրենց կողմը»,-ասաց Մելքոնեանը։
Միւս գործօնն այն է, որ իշխանութեան իսլամական բուրգը միասնական չգործեց, Էրդողանի խորհրդարանական դաշնակիցը՝ «Կրկին բարօրութիւն» կուսակցութիւնը, ըստ էութեան, հանդէս եկաւ Էրդողանի դէմ, աւելին ցոյց տւեց, որ Էրդողանի իսլամական խօսոյթը եւ Իսրայէլի դէմ խօսոյթը կեղծ են։
Անդրադառնալով ընտրութիւններից յետոյ Թուրքիայում հնարաւոր զարգացումների վերաբերեալ հարցին՝ Ռուբէն Մելքոնեանն ասաց՝ հիմա ընդդիմութիւնը ոգեւորւած է, ուզում են արտահերթ խորհրդարանական, նախագահական ընտրութիւններ, որոնցում մի քանի ամիս առաջ իրենք պարտւել են։
«Էյֆորիան բնական է, քաղաքական տրամաբանութիւնից է բխում։ Բայց չի կարելի միանշանակ ասել, որ սա ընդդիմութեան յաղթանակն է Էրդողանի հանդէպ։ Սա տարբեր շերտեր ու վեկտորներ ունի, միանշանակ գնահատելը սխալ է։ Հիմա արդէն յաղթողներն իրար հետ են մրցում, թէ ում շնորհիւ է եղել այս յաղթանակը»,-նշեց նա։
Մելքոնեանի կարծիքով, Թուրքիայում իշխանական բուրգն ընտրութիւնների այս արդիւնքներից չի փլուզւի, սակայն լրջագոյն վերաարժեւորման փուլ է սկսում, սակայն պայքարն ընթանալու է յետէրդողանական Թուրքիայի համար։
«Այս հարցում Էրդողանի ժառանգները լրջագոյն խնդիրներ են ունենալու ընդդիմադիր թեկնածուների հետ պայքարելու գործում։ Աւելի յստակ ասեմ, եթէ Ստամբուլի քաղաքապետ Էքրէմ Իմամօղլուն առաջադրւի նախագահի թեկնածու, ապա իշխանութեան որեւէ թեկնածուի համար լինելու է մեծագոյն խնդիր։ Հիմա ուրւագծւում է յետէրդողանական Թուրքիայի պայքարի մօտաւոր կոնտուրները»,-նշեց Մելքոնեանը։
Պատասխանելով հարցին, թէ ինչ արդիւնքներ կունենան Թուրքիայում կայացած ընտրութիւններն ու դրանց արդիւնքները Հայաստանի հետ յարաբերութիւնների, այդ երկրի արտաքին քաղաքականութեան վրայ, թուրքագէտն ասաց՝ իշխանութիւնն աւելի շատ կենտրոնանալու է ներքին, սոցիալական խնդիրների վրայ, քանի որ էրդողանական Թուրքիայի աքիլէսեան գարշապարը տնտեսութիւնն է, մարդիկ դժգոհ են տնտեսական վիճակից։
«Այս առումով միգուցէ արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ ուշադրութեան որոշակի նւազում արձանագրւի, որոշակի։ Սա չի նշանակում, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխւելու է, բայց քաղաքական առաջնահերթութիւնները կարող են փոխւել, եւ երկրորդը, այդ իրավիճակում կարելի է կանխատեսել, որ յետէրդողանական Թուրքիայում կը լինի այլ քաղաքական իրավիճակ, այլ քաղաքական թելադրողներ, որոնց հետ բանակցելը, յարաբերութիւններ ունենալը կը լինի շատ աւելի տարբեր, քան կարծր հակահայկական , բռնատիրական բոլոր ֆունկցիաներն իր մէջ ներառող Էրդողանի հետ։ Եւ եթէ Հայաստանում լինի նորմալ իշխանութիւն, ոչ թէ այս իշխանութիւնը, Թուրքիայի հետ շփման հնարաւորութիւններ կարող են բացւել»,-ասաց Մելքոնեանը։