Լիլիթ Գալստեան. «ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամաւորները չաջակցեցին իմ առաջարկութեանը»

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը յայտնում է. «ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամաւորները չաջակցեցին իմ առաջարկութեանը՝ վերջնական բանաձեւում պահանջ ձեւակերպելու Բաքւում պահւող հայ ռազմագերիների եւ քաղաքական ղեկավարութեան դատավարութիւնները մշտադիտարկող միջազգային առաքելութիւն ուղարկելու վերաբերեալ՝ մինչեւ նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպէս նաեւ պահանջ Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ։ Աւելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկութեանը, այլեւ պարզւեց, որ Ադրբեջանի պատւիրակութեան հետ փոխադարձ համաձայնութեան են եկել»:
Ստորեւ ներկայացնում ենք պատգամաւորի՝ այդ մասին արւած յայտարարութիւնն ու նշւած ելոյթ-առաջարկն ամբողջութեամբ.
«ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամաւորները չաջակցեցին իմ առաջարկութեանը՝ վերջնական բանաձեւում պահանջ ձեւակերպելու Բաքւում պահւող հայ ռազմագերիների եւ քաղաքական ղեկավարութեան դատավարութիւնները մշտադիտարկող միջազգային առաքելութիւն ուղարկելու վերաբերեալ՝ մինչեւ նրանց անվերապահ ազատ արձակումը, ինչպէս նաեւ պահանջ Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ։
Աւելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկութեանը, այլեւ պարզւեց, որ Ադրբեջանի պատւիրակութեան հետ փոխադարձ համաձայնութեան են եկել»:
Ստորեւ Լիլիթ Գալստեանի ելոյթը.
Յարգելի գործընկերներ,
Իմ փոփոխութեան առաջարկը 52-րդ պարբերութիւնում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարութիւններին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանութեանը։
Տարբեր հաւաստի զեկոյցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները եւ հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ՝ խիստ մտահոգիչ պայմաններում։ Նրանք ենթարկւում են խոշտանգումների, զրկւած են տարրական իրաւական պաշտպանութիւնից, այդ թւում՝ միջազգային փաստաբանների աջակցութիւնից։ Կարմիր խաչի այցերն անգամ արգելւած են։ Ապացուցւած փաստ է, որ Ադրբեջանը անտեսում է մարդու իրաւունքների հիմնարար ստանդարտները։
Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդէս գալ հայ ռազմագերիների եւ կալանաւորւած անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխաւորման օգտին։ Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թւում՝ ԵԱՀԿ անդամ պետութիւնների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողութիւնը՝ մինչեւ նրանց անվերապահ ազատ արձակումը։
Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահաւաք առաքելութիւն՝ տարածաշրջանի մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու համար, որն այսօր շարունակական կերպով ենթարկւում է ոչնչացման՝ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացւող հայկական հետքերի ջնջման քաղաքականութեան արդիւնքում։
Յարգելի գործընկերներ,
ես բարձրացնում եմ այն հազարաւոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից։
Իմ առաջարկները որեւէ կերպ չեն խաթարում խաղաղութեան գործընթացը եւ միայն հնարաւորութիւն կը տան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը՝ դրականօրէն ազդելու խաղաղ կարգաւորման վրայ։ Ձեր ձայնը կարեւոր նշանակութիւն ունի հաշտութեան հաստատման գործում։