ԱՄՆ-ը եւ Եմէնը պայմանաւորւածութեան են հասել. այլեւս փոխադարձ հարւածներ չեն լինելու

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ը եւ Եմէնը Օմանի սուլթանութեան միջնորդութեամբ համաձայնութեան են եկել հրադադարի շուրջ: Եմէնը նաեւ համաձայնել է դադարեցնել յարձակումները ամերիկեան նաւերի վրայ Կարմիր ծովում եւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում։ Հաղորդում է CNN-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Միացեալ Նահանգները կը դադարեցնի ռմբակոծել Եմէնի հութիներին, քանի որ նրանք «կապիտուլիացւել են»: Նրա խօսքով՝ հութիները խոստացել են այլեւս չյարձակւել Կարմիր ծովում գտնւող նաւերի վրայ։
«Հութիները յայտարարեցին, որ չեն ցանկանում դա, կամ գոնէ այդպէս են ասել մեզ: Նրանք պարզապէս չեն ցանկանում կռւել: Եւ մենք յարգում ենք դա: Եւ մենք կը դադարեցնենք ռմբակոծութիւնը: Նրանք կապիտուլիացիայի ենթարկեցին, բայց աւելի կարեւոր է, մենք կընդունենք նրանց խօսքը: Նրանք ասում են, որ այլեւս չեն պայթեցնի նաւերը»:
Իսկ ահա հութիների «Անսար Ալլահ» շարժման քաղբիւրոյի անդամ Մուհամմեդ Աբդելսալամը յայտարարել է. «Մենք ԱՄՆ-ից ոչ մի խնդրանք չենք ունեցել, այլ ամերիկացիներն իրենց ուղերձներն ու խնդրանքները մեզ ուղարկել են Օմանի միջոցով: Եմէնի ներկայիս դիրքերը ցոյց է տալիս մեր ուժն ու կայունութիւնը։ Հրադադարի այս խնդրանքը մեզ է հասել ԱՄՆ-ից՝ Օմանի միջոցով»:
Միեւնոյն ժամանակ, Պենտագոնի խօսնակը հաստատել է CNN-ին, որ ԱՄՆ զինւորականներին հրահանգ է տրւել դադարեցնել յարձակումները Եմէնում հութիների վրայ: Հաղորդագրութեան համաձայն՝ հրամանն ընդունւել է ԱՄՆ-ի եւ հութիների միջեւ անցած շաբաթ Օմանի միջնորդութեամբ սկսւած բանակցութիւններից յետոյ։