Քաղաքական

Թէժ բանավէճ Հայաստանում. ո՞ր ղեկավարն է աւելի շատ դէմ ցեղասպանութեան ճանաչմանը

Կարծես թէ քիչ վիճաբանութիւններ ունէինք հայերի շրջանակում, մի նոր բանավէճ ծագեց անցեալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինեանին սատարող, արեւմտամէտ փոքր կուսակցութեան ղեկավար Արման Բաբաջանեանի եւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի միջեւ։

2025 թւականի ապրիլի 8-ին Բաբաջանեանն իր ֆէյսբուքեան էջում գրեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ու Օսկանեանը 2007 թւականի յուլիսին ամերիկացի դիւանագէտներին յայտնել են, որ «նրանք պատրաստ են խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունմանը, եթէ Թուրքիան պարզապէս բացի սահմանը կամ վերագործարկի Կարս–Գիւմրի երկաթուղին»:

Բաբաջանեանն որոշ չափով սխալ է մէջբերել Օսկանեանի խօսքերը, որ նա ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթիւ Բրայզային 2007 թւականին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ. «Եթէ Թուրքիան բացի սահմանը եւ նորմալացնի յարաբերութիւնները, ես յաջորդ օրը թռչում եմ Վաշինգտոն՝ հայկական լաբբիներին համոզելու, որ չաջակցեն Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւին»։

Ահա, թէ իրականում ինչ է գրել Բրայզան Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպումից յետոյ. «Բրայզան իմացել է, որ Հայաստանը Վաշինգտոնում միջամտելու է, որպէսզի դանդաղեցնի Կոնգրեսի Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւը միայն այն դէպքում, եթէ թուրքական կողմը բացի սահմանը, կամ առնւազն թոյլ տայ վերաբացել միջսահմանային երկաթուղին… Արտգործնախարար Օսկանեանը ներկայացրել է մինչ օրս ամենակոնկրետ մեկնաբանութիւնն այն մասին, թէ ինչն է Հայաստանը համարելու թուրքական բարեխղճութեան բաւականին նշանակալի ժեստ, որպէսզի Հայաստանը լուրջ ջանքեր գործադրի Բանաձեւի ուղղութեամբ թափը մեղմելու համար: Օսկանեանը վերահաստատել է Հայաստանի շարունակական թերահաւատութիւնը Թուրքիայի դրդապատճառների նկատմամբ եւ մտահոգութիւնը, որ Հայաստանի նկատմամբ նախաձեռնութիւնները նպատակ ունեն միայն շեղել եւրոպական ճնշումը եւ խափանել հնարաւոր Բանաձեւը: Օսկանեանը, սակայն, ասաց, որ եթէ Թուրքիան բացի սահմանը եւ նորմալացնի յարաբերութիւնները, նա «յաջորդ օրը կթռչի» Վաշինգտոն՝ խորհրդակցելու Կոնգրեսում Հայաստանի բարեկամների եւ հայամէտ լաբբիստական խմբերի հետ՝ յետաձգելու Բանաձեւը։ Իրադարձութիւնների նոր շրջադարձով, Օսկանեանը յայտարարեց, որ եթէ Թուրքիան ցանկանար պարզապէս վերականգնել երկաթուղային երթեւեկութիւնը գոյութիւն ունեցող Կարս-Գիւմրի երկաթուղային գծով, դա կարող էր բաւարար լինել, որպէսզի Հայաստանի կառավարութիւնը ներգրաւի ամերիկահայ համայնքին Բանաձեւի հարցում։ Նա, իհարկէ, չէր կարող երաշխաւորել արդիւնքը, սակայն խոստացաւ բարեխղճօրէն, բարձր մակարդակով ջանք գործադրել՝ համոզելու Վաշինգտոնի զրուցակիցներին, որ Բանաձեւը կը հակասի Հայաստանի ազգային շահերին, եթէ թուրքերը իրական շարժում առաջարկեն սահմանի հարցում»։

Բրայզան այս զեկոյցը գրել է Քոչարեանի եւ Օսկանեանի հետ 2007 թւականի յուլիսին Երեւանում ունեցած հանդիպումից յետոյ: WikiLeaks-ը Բրայզայի ամերիկեան ներքին զեկոյցը հրապարակել է մի քանի տարի անց:

Բաբաջանեանը շարունակել է մէջբերել Քոչարեանի խօսքերը Բրայզայի զեկոյցից. «Ինձ պէտք չի [Հայոց Ցեղասպանութեան ճանաչման] բանաձեւը։ Ինձ պէտք է բաց սահման եւ առեւտրային հաւասարակշռութեան հնարաւորութիւն Թուրքիայի հետ»։

Օսկանեանը ապրիլի 10-ին ֆէյսբուքում զայրացած պատասխանել է Բաբաջանեանին՝ մեղադրելով նրան «իբր WikiLeaks-ի փաստաթղթի վրայ հիմնւած կեղծ լուրեր տարածելու մէջ»։ Օսկանեանը յայտարարել է, որ Բաբաջանեանը «ստում է։ Նրա մեկնաբանութիւնները եւ հետեւութիւնները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակութիւնից եւ քննարկումների էութիւնից։ Փաստաթուղթը կցւած է»։

Ուսումնասիրելով WikiLeaks-ի 2007 թւականի փաստաթղթերը եւ համեմատելով դրանք Բաբաջանեանի ու Օսկանեանի գրառումների հետ, ես պարզեցի նրանց հակասական յայտարարութիւնների պատճառը։

Բաբաջանեանն իր ֆէյսբուքեան գրառման մէջ չի պարզաբանել, որ նա մէջբերում է Բրայզայի հանդիպումների մասին երկու տարբեր հաղորդագրութիւններից, որոնք տեղի են ունեցել Երեւանում տարբեր ամսաթւերով՝ 2007 թւականի մարտի 28-ին եւ նոյն թւականի յուլիսի 30-ին: Բաբաջանեանը հրապարակել է երկու փաստաթղթերի չթարմացւած հատւածները:

Ուստի, երբ Օսկանեանը գրել է, որ Բաբաջանեանը «ստում է», քանի որ WikiLeaks-ի փաստաթղթում նման յայտարարութիւն չկայ, Օսկանեանը չի հասկացել, որ Բաբաջանեանը նկատի է ունեցել Բրայզայի երկրորդ զեկոյցը։

Իրականում, նախագահ Քոչարեանի, Օսկանեանի եւ նախագահի օգնական Վիգէն Սարգսեանի հետ հանդիպման իր երկրորդ զեկոյցում՝ 2007 թ. մարտի 28-ին Բրայզան գրել է. «Քոչարեանն ու Օսկանեանը բացայայտեցին իրենց խորը թերահաւատութիւնը Թուրքիայի բարեխղճութեան նկատմամբ եւ իրենց հոգնածութիւնը մի գործընթացից, որը նրանց թւում է Անկարայում պարզապէս համաշխարհային կարծիքի ճնշումը շեղելու եւ երբեք Հայաստանին կոնկրետ արդիւնք չտալու համար է»: Նրանք ասացին․ «Չնայած Հայաստանը կը փոխադարձի [Թուրքիայի] դրական ժեստերին, կառավարութիւնը հոգնել է ժեստերի եւ քննարկումների անվերջանալի շղթայից, որը ոչ մի տեղ չի տանում Թուրքայի հետ իր յարաբերութիւններում: Քոչարեանը կտրուկ ասաց, որ Հայաստանի համար ամենակարեւորը սահմանն է։ Սփիւռքի խմբերը ճնշում էին նրան՝ աջակցելու Կոնգրեսի բանաձեւի ընդունմանը, սակայն նա մերժել էր. «Ինձ պէտք չի» նա ասաց։ «Ինձ պէտք է բաց սահման եւ հնարաւորութիւն հաւասարակշռելու առեւտրային հսկայ անհաւասարակշռութիւնը Թուրքիայի հետ»։

Սովորաբար, փաստաթղթի յղման վերաբերեալ թիւրիմացութիւնը լուրջ խնդիր չէ: Սակայն հաշւի առնելով, որ Փաշինեանի շրջապատն օգտագործում է բոլոր հնարաւորութիւնները նախկին ղեկավարներին, այդ թւում՝ Օսկանեանին մեղադրելու համար, վերջինիս կողմից կտրուկ արձագանգ եղաւ։ Բաբաջանեանը կոշտ քննադատութեան էր ենթարկել Քոչարեանին եւ Օսկանեանին՝ յայտարարելով, որ նրանք «ոչ միայն պատրաստ էին լռեցնել սփիւռքի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պայքարը, զոհաբերել ամբողջ ժողովրդի յիշողութիւնը, այլեւ բացայայտօրէն ընդգծել՝ ցեղասպանութեան ճանաչումը իրենց օրակարգում առաջնահերթ չէ»։ Բաբաջանեանը յաւելել է, որ նախկին ղեկավարները ներկայիս իշխանութիւններին անւանում են «թուրք, դաւաճան եւ հողատու»։

Սա է խնդրի էութիւնը: Նախկին ղեկավարներին վարկաբեկելու մոլուցքով տարւած Բաբաջանեանն անտեսում է այն փաստը, որ իր դաշնակից Փաշինեանը բազմիցս անարգել է հայոց գրեթէ բոլոր ազգային խորհրդանիշները։ Փաշինեանն անտեղի հարցեր է բարձրացրել Հայոց Ցեղասպանութեան փաստերի վերաբերեալ՝ անգամ յայտարարելով, որ «Մեր պաշտօնական դիրքորոշումն այն է, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն այսօր մեր արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների ցանկում չէ»։

Ուզում եմ Բաբաջանեանին յիշեցնել յայտնի ասացւածքը՝ «Նրանք, ովքեր ապրում են ապակէ տներում, չպէտք է քարեր նետեն»։ Նախքան մատնացոյց անելը, համոզւէք, որ ձեր ձեռքերը մաքուր են:

Սա չի նշանակում, որ ես պաշտպանում եմ նախկին ղեկավարներին։ Ես բազմաթիւ դէմառդէմ բանավէճեր եմ ունեցել թէ՛ նախագահ Քոչարեանի, թէ՛ նախագահ Սերժ Սարգսեանի հետ շատ հարցերի շուրջ նրանց դիրքորոշումների, այդ թւում՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ։ Սակայն ես աւելի մեծ տարաձայնութիւններ ունեմ վարչապետ Փաշինեանի հետ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button