Լեւոն Նազարեան. «Խաչակնքւելով եմ հետեւել Փաշինեանի ասուլիսին. դա հաշւետւութիւն էր Ալիեւին եւ Էրդողանին»
«Խաչակնքւելով եմ հետեւել Փաշինեանի ասուլիսին, որովհետեւ, դժբախտաբար, ուղերձները, որոնք աւանդաբար Փաշինեանն իր ասուլիսների ժամանակ ունենում է, այսպէս ասած, միստիկ նշանակութիւն են ունենում մեր հասարակութեան եւ պետութեան համար: Փաշինեանը կարծես թէ ներկայացնում է այն պլանները, որոնցով ցանկանում է կազմաքանդել մեր պետութիւնը»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Լեւոն Նազարեանը:
Ըստ նրա՝ Փաշինեանի ասուլիսի ուղերձները հիմնականում երկու հասցէատէր ունէին. «Դրանք ուղղւած էին Էրդողանին եւ Ալիեւին եւ իր աշխարհաքաղաքական տէրերին: Աւելի շատ նման էր ՍՊԸ-ի հաշւետւութեան, որտեղ ինքը ներկայացնում էր իր աշխատանքային հաշւետւութիւնը: Մի միտք էր կարմիր թելով տանում, որ պետութիւն ունենալը հաւասար է հարկեր տալուն եւ հարկեր հաւաքագրելուն: Այսինքն՝ հիմնական գաղափարներից մէկն այն էր, որ հարկերի հաւաքագրումը նոյնն է, որ ունենալ պետութիւն: Այսինքն՝ ինքը չի խօսում պետութեան գործառոյթների մասին:
Փաշինեանի ուղերձներն ուղղւած չէին հայ ժողովրդին եւ այն մարդկանց, ովքեր հայոց պատմութեան, հաւաքական գիտակցութեան կրողներ են: Ինչ-որ վարչական կատարողի հաշւետւութիւն էր: Մեզ ուզում էր ասել՝ եթէ ուզում էք պետութիւն ունենալ, պէտք է հարկերը խելօք հաւաքել եւ լսել, թէ ինչ է ասում Ադրբեջանը, այսինքն՝ ինչ ասում է Ալիեւը՝ պէտք է խելօք լսէք, ես դրանք իրականացնելու եմ, դուք էլ ձեր համար հարկերը մուծէք, մենք էլ դրանք կը հաւաքենք, մանկապարտէզ կը վերանորոգենք»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինեանն ասաց, որ այս պահին հրաժարւում է ռուսական միջնորդութիւնից եւ նախընտրում է Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ ձեւաչափով շարունակել բանակցութիւնները, որն ըստ Փաշինեանի՝ արդիւնաւէտ է:
Լեւոն Նազարեանը նկատեց՝ չեն կարող լինել բանակցութիւններ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ, որովհետեւ ըստ նրա՝ Փաշինեանն Ալիեւի կամակատարն է. «Եթէ որեւէ մէկն ունի աւելի բարձր կառավարչական դիրք՝ որեւէ մէկի նկատմամբ, այդ փոխյարաբերութիւնները բանակցութիւններ չեն, դրանք վարչական փոխյարաբերութիւններ են, որտեղ Ալիեւը թելադրում է, թէ ինչ պէտք է անի Նիկոլ Փաշինեանը»: