Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցութիւնները

«ԱԼԻՔ» – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի հետ քննարկել է Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հնարաւոր բանակցութիւնները։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր հեռախօսազրոյց է տեղի ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի միջեւ, որի ընթացքում քննարկւել են երկկողմ հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թւում՝ Սիրիան, Գազայի հատւածը եւ Ուկրաինան»,- նշւում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրութեան մէջ:
«ՌԻԱ Նովոստի»-ի տւեալներով՝ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաեւ Ռուբիոյի Թուրքիա կատարւելիք այցի մանրամասները։ Ակնկալւում է, որ ԱՄՆ պետքարտուղարը մայիսի 14-ից 15-ը Անթալիայում կը մասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտօնական հանդիպմանը:
Նշենք, որ նախօրէին Ֆիդանը յայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջիկայ օրերին կը կարողանան պայմանաւորւել ուղիղ բանակցութիւններ սկսելու պայմանների շուրջ։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Մոսկւան եւ Կիեւը տարբեր դիրքորոշումներ ունեն երկխօսութեան մեկնարկի հարցում։