Բաքուն Լեւոն Մնացականեանից փորձել է «ցուցմունքներ» կորզել՝ ընդդէմ ՀՀ զինւած ուժերի

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
«ԱԼԻՔ» – Արցախը հայաթափւած է, Պաշտպանութեան բանակը՝ կազմաքանդւած, սակայն Ադրբեջանը շարունակում է պայքարել ՊԲ ունեցած յաջողութիւնների դէմ, դարձնել դրանք դատական քննութեան առարկայ, այդ թւում՝ զօրահանդէսները:
Մասնաւորապէս, յունիսի 5-ին Բաքւում կայացած «դատավարութեան» ժամանակ տեսանիւթ է ներկայացւել 2012 թւականի մայիսին Ստեփանակերտում կայացած զօրահանդէսից, եւ այս թեմայով հարցեր են ուղղւել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին, ով ի պատասխան՝ յայտնել է՝ այդ ժամանակ ՊԲ շտաբի պետն էր, եւ պատասխանատու է եղել այդ զօրահանդէսի նախապատրաստման համար:
Ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ՝ Լեւոն Մնացականեանը յաւելել է, որ 2-3 զօրահանդէսի էլ Հայաստանի Հանրապետութիւնում է մասնակցել, իսկ օկուպացւած Արցախում կազմակերպւած զօրահանդէսին ներկայացւած են եղել հրետանային բոլոր միջոցները, եւ ոչ միայն:
«Դ-30, Դ-20 հաուբիցներ, ինչպէս նաեւ՝ հակատանկային միջոցներ, Բ-21 «Գրադ», հրթիռային համակարգեր, եթէ չեմ սխալւում՝ «Սմերչ», «Տոչկա-Ու»: Այդ զօրահանդէսին ներկայացւած են եղել այնպիսի զօրատեսակներ, որոնք ՊԲ-ն իր զինանոցում չի ունեցել, դրանք զօրահանդէսի համար Հայաստանից են տեղափոխւել, եթէ չեմ սխալւում՝ «ԲՄ-80», «Տոչկա-Ու», «Սմերչ»»,- այս մասին, ադրբեջանական քարոզչամեքենայի պնդմամբ, իբր ասել է Լեւոն Մնացականեանը:
Այստեղ հարկ ենք համարում ուշադրութիւն հրաւիրել Թուրքիայի, Պակիստանի, Իսրայէլի ռազմական օգնութիւնից օգտւած Ադրբեջանի նենգութեան վրայ. «դատական» այլ նիստերի ժամանակ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարութեանը՝ Լեւոն Մնացականեանին, Բակօ Սահակեանին հարցեր են ուղղւել՝ արդեօ՞ք Արցախի տարածքում «Իսկանդեր-Մ», «Տոչկա-Ու» եղել է, որոնք կարող էին կիրառւել 44-օրեայ պատերազմի ժամանակ, եւ պատասխանը հնչել է՝ ոչ:
Եւ հիմա Ադրբեջանը փորձում է ապացուցած լինել՝ կամ այդ զինատեսակները բերւել են Արցախ, ինչպէս զօրահանդէսների ժամանակ, կամ՝ ՀՀ տարածքից են կիրառւել 2020 թւականի պատերազմի ժամանակ:
Այսինքն, այս «ծրագրւած» հարցաքննութիւններն իրականում ուղղւած են Հայաստանի Հանրապետութեան դէմ՝ անկախ նրանից, թէ ով է եղել ղեկավարն այս կամ այն ժամանակահատւածում, յատկապէս, երբ ադրբեջանական լրատւամիջոցների փոխանցմամբ, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը Բաքւում իբր յայտարարել է նաեւ, որ ՊԲ-ն ՀՀ զինւած ուժերի մաս է հանդիսացել, ուստի ՀՀ ՊՆ միջնորդութեամբ, ՊԲ հրամանատարի նշանակումը սկզբում հաստատւել է ՀՀ նախագահի կողմից, այնուհետեւ՝ վարչապետի, ասել է թէ՝ նաեւ Նիկոլ Փաշինեանի:
Աւելի ուշ յունիսի 5-ին կայացած «դատավարութեանը» դարձեալ չի շրջանցւել 2016 թւականի Ապրիլեան պատերազմը:
Լեւոն Մնացականեանն այս համատեքստում յայտարարել է, թէ ՊԲ-ն ոչ թէ յարձակւողի, այլ պաշտպանւողի դերում է եղել:
«Դիւիզիաների հրամանատարները ինձ զեկուցում էին իրավիճակը եւ խնդրում համապատասխան որոշում ընդունել: Այդ որոշումներն իմ կողմից հաստատւում էին»,- ադրբեջանական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Լեւոն Մնացականեանը եւ իբր յաւելել, որ ինքն էլ որպէս ՊԲ հրամանատար՝ կատարւողի մասին տեղեկացրել է այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Իւրի Խաչատուրովին եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիւ վարչութեան պետ Արտակ Դաւթեանին, որից յետոյ իբր ԳՇ ղեկավարութիւնը ռեզերւային ուժերը կենտրոնացման գօտիներ դուրս բերելու հրաման է տւել:
Ադրբեջանական քարոզչամեքենան նոյնիսկ հաղորդում է, թէ իբր Լեւոն Մնացականեանը դատարանում մանրամասնել է բոլոր խնդիրները, որոնք ՀՀ զինւած ուժերից Ապրիլեան պատերազմի օրերին առաջադրւել է իրենց:
Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանը ժամանակին յայտարարել էր, որ Ապրիլեան պատերազմի կազմակերպիչը ՌԴ-ն է, եւ ոչինչ, որ 2016 թւականի ապրիլի 8-ին ֆէյսբուքեան իր էջում ներկայացրել էր թուրք-ադրբեջանական ծրագրի իր վարկածը, ինչը, ըստ էութեան, իր «ձեռքով» կամ իր իշխանութեան օրօք իրականութիւն դարձաւ:
Եւ այսօր, երբ տեւական ժամանակ է՝ պարզ է դարձել, որ Բաքւի «դատավարութիւնը» Հայաստանի Հանրապետութեան դէմ է, եւ ոչ թէ անձերի, տպաւորութիւն է, որ ՀՀ իշխանութիւնները լուրջ չեն ընդունում այս վտանգը, որի մասին վկայում է նաեւ այն, որ Ադրբեջանի հետ այս թեմայով կառուցողական զրոյց չի ստացւում:
Ի դէպ, յունիսի 5-ին Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, արդեօ՞ք Էրդողանի հետ քննարկւել է Բաքւում պահւողների հարցը, ով ժամանակին «Ազովի» հրամանատարների ճակատագրին առնչւող՝ Ռուսաստանի հետ ունեցած պայմանաւորւածութիւնն էր խախտել։
Իսկ «դատական» յաջորդ նիստը յունիսի 12-ին է նշանակւած՝ Մոնթէ Մելքոնեանի զոհւելու տարելիցի օրը:
168.am