
Ազգային-հասարակական գործիչ, վաստակաւոր ուսուցիչ եւ տեսուչ Նոյեմիկ Համբարչեանը (Բլբուլեան) ծնւել է ապրիլ 21, 1939 թւականին Թեհրանում:
Երիտասարդ տարիքից փարւելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարներին, իր ամբողջ կեանքը նւիրեց թեհրանահայ համայնքին ծառայելով հայ դպրոցին եւ միութեանը:
Կեանքի ընկեր ընտրելով իր միութենական եւ գաղափարակից ընկերոջը՝ Պարթեւ Բլբուլեանին 1963 թւականին ամուսնանում է նրա հետ եւ բախտաւորւում երկու տղայ զաւակներով:
Նախ, որպէս ուսուցիչ պաշտօնավարել է «Քուշեշ» տարրական, ապա «Վաչէ Յովսէփեան» դպրոցներում: Երկար տարիներ եղել է «Վաչէ Յովսէփեան» դպրոցի տեսչուհի եւ դաստիարակել է հազարաւոր սաների:
Իրանի Իսլ. յեղափոխութիւնից յետոյ հրաժարեցւում է տեսչի պաշտօնից եւ հանգստի կոչւում:
Այնուհետեւ հրաւիրւում է պաշտօնավարել «Արաքս» աղջ. դպրոցում, որպէս փոխտեսչուհի:
Երկար տարիներ զաւակների հեռաւորութիւնը հանդուրժելուց յետոյ մեկնում է Ամերիկայի Միացեալ Նահանգներ՝ բնակութիւն հաստատելու նպատակով:
2023 թւականին կեանքից հեռանում է իր սիրելի ամուսինը Պարթեւը, խոր վիշտ պատճառելով նրան:
Նոյեմիկը եւս երկարատեւ հիւանդութիւնից յետոյ մահանում է Մայիսի 8, 2025 թւականին:
Հողը թող թեթեւ լինի վրադ սիրելի Նոյեմիկ: Քո յիշատակը միշտ վառ կը մնայ իրանահայ դպրոցական պատմութեան մէջ:
ՄԻ ԸՆԿԵՐ