ԱտրպատականԻրանՀամայնք

Յարգանք հայ եւ իրանցի նահատակաց՝ Թաւրիզում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատանը, հինգշաբթի՝ փետրւարի 6-ին, առաւօտեան ժամը 11-ին, յատուկ աղօթքով պետական յարգանք ընծայւեց հայ նահատակներին: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, Թեմական խորհրդի եւ հայ համայնքի զաւակների կողքին, սոյն աղօթքին ներկայ գտնւեցին Ուրբաթօրեայ աղօթապետի ներկայացուցիչ կրօնաւորը, Նահատակների պետական Հիմնարկութեան ընդհ. տնօրէնը, Ատրպատականի կուսակալը, որը նաեւ բանախօսեց այս առիթով: Ներկայ էին բարձրաստիճան մուսուլման կրօնաւորներ եւ զինւորականներ, հայ նահատակների հարազատները, մարդասիրական ծառայութեան բաժանմունքի պատասխանատուներ եւ նահատակաց յարգանքը քաջալերող հսկայ բազմութիւն: Կուսակալը մեծ յարգանքով արտայայտւեց հայ նահատակների յիշատակին, շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետութիւնում բնակւող բոլոր հայրենակիցների միասնականութիւնը:

Առաջնորդ Սրբազան Հայրը իր պատգամը հաղորդելով յարգանքի սոյն հանդիսութեան, նահատակները նմանեցրեց գրադարանում շարւած հատորների, որոնք ընթերցողների կարիք ունեն: Նա բացատրեց, որ ամէն մարդ ընթերցող չէ, իսկ հատորները իրարից տարբեր բովանդակութիւն են ունենում. «Նահատակների կեանքը բովանդակալից հատորների նման արժէքաւոր հարստութիւններ են, որոնք միշտ թերթատւելու են մեր ձեռքերում: Նրանց օրինակելի կեանքից շատ բան ունենք սովորելու, զօրանալու համար նրանց նահատակութեան ոգով»,- ասաց Սրբազանը: Նա յիշեց նաեւ պաղեստինցի ժողովրդի տագնապալից կացութիւնը եւ Գազայի ողբերգական իրավիճակը, որը միջազգային ընտանիքի քաղաքավար քաղաքականութեան կարիք  ունի:

Տեղի ունեցած ոգեկոչման արարողութեան ընթացքին, պետական հիւրերի անունից հայ նահատակաց ի յարգանս խօսք առաւ Կուսակալը: Նա Յեղափոխութեան ստեղծած բարենորոգութեան եւ բարեզարդման ընթացքը բացատրեց, սկսելով նոր կազմաւորումներից, ապա անդրադարձաւ բացերի լրացումներին, երկրի վերանորոգման աշխատանքներին եւ բոլոր ասպարէզներում արձանագրւած առաջադիմութիւններին: Կուսակալը քաջալերական խօսքեր ուղղեց նաեւ նահատակների ընտանիքներին, կրկնելով Սրբազան Հօր ակնարկութիւնը, թէ՝ հարազատների ցաւը դժւար է չքացնելը:

Հանդիսութիւնից յետոյ, ներկաները միասնաբար ուղղւեցին դէպի հայ նահատակների շիրիմների մօտ, որտեղ կատարւեց խնկարկութիւն, «Հոգւոց» եւ ծաղկամատոյց: Յայտնենք, որ նոյն առիթով պետական փողերախումբը հնչեցրեց Իրանի քայլերգը եւ յեղափոխութեան յաղթանակը նշող նւագներ, իսկ ծաղկամատոյցի պահին՝ նահատակաց յարգանքի մահերգը:

Կէսօրից յետոյ ժամը 1-ին, «Վադիյէ Ռահմաթ» իսլամական գերեզմանատունը ուղղեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի գլխաւորութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, Միութիւնների եւ Կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հայ համայնքի զաւակներ, յարգանքի տուրք ընծայելու Իրանի Իսլամ նահատակներին:

Սրբազան Հայրը գերեզմանատուն ժամանելուց յետոյ, մօտեցաւ Թաւրիզի նորոգ հանգուցեալ աղօթապետ Ալէ Հաշէմի շիրիմին, որը ուղղաթիռի արկածի զոհ էր գնացել: Հոգու խաղաղութեան համար յատուկ աղօթք կատարւեց նրա շիրիմի վրայ, ապա նաեւ բոլոր նահատակների շիրիմներին մօտենալով, դարձեալ աղօթք կատարեց Սրբազան Հայրը, ցաւակցելով գերեզմանատան ընդհ. տնօրէնին եւ Փոքրամասնութիւնների պատասխանատուին, որը ընկերակցում էր հայ համայնքին:

Նշենք, որ երկու գերեզմանատներում ծաղիկների մատակարարումը եւ հիւրասիրութիւնը ստանձնել էր թեմի Վանքերի ուխտագնացութեան Գործադիր յանձնախումբը:

Related Articles

Back to top button