ԹեհրանՀամայնք

Աւանէս (Յովիկ) Անդրէասեանի յիշատակին

Մահւան 40-օրեակի առթիւ

40 օր առաջ, 2026 թւականի մարտի 31-ին, յետ կարճատեւ հիւանդութեան, կեանքից հեռացաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վաստակաւոր անդամ՝ Յովիկ Անդրէասեանը: Նա ծնւել է 1927 թւականին, Չհարմահալ գաւառի Մամուքա գիւղում:

Նախնական ուսումը ստացել է ծննդավայրում, եւ որպէս կանոն ինչպէս միւս համագիւղացիները, երբ երիտասարդները կեանք են փնտրում գաւառից դուրս, Անդրէասեան ընտանիքն եւս թողնում է գիւղը եւ տեղափոխւում քաղաք: Հանգուցեալը աշխատանքի է ընդունւում Խուզիստան նահանգի Նաւթային ընկերութեան մօտ: Երեսուն տարի աշխատելուց յետոյ, անցնում է թոշակի:

Նա ամուսնացել էր Վարդուշ Փանոսեանի հետ եւ երկար տարիներ վայելել են միմեանց սէրն ու յարգանքը:

1981 թւականից անդամակցել է Հ. Ուս. «Չհարմահալ» միութեանը, եւ ցուցաբերել է իր բոլորանւէր ծառայութիւնը յանուն միութեան բարգաւաճմանը: Նիւթական օժանդակութիւն է առաջարկել միութեանս, երբ այն խիստ կարիք է զգացել: Մի քանի նստաշրջան՝ եղել է Կենտրոնական վարչութեան անդամ, հանգուցեալը խիստ տոգորւած լինելով ազգային կեանքին, երիտասարդ տարիքում փարւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, ուր հաւատարիմ է մնացել մինչեւ կեանքի վերջ:

Հանգստի կոչւելուց յետոյ, նա՝ որպէս ժրաջան եւ բծախնդիր անհատականութիւն, 15 տարի պաշտօնավարել է Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան գրասենեակում, որպէս գործավար, 10 տարի եւս աշխատել է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի գրասենեակում որպէս գործավար եւ հաշւապահ:

Թող՝ որ այս երկու տողը, խունկ ու մոմ լինի քո անթառամ յիշատակին: Խաղաղութեամբ հանգչես սիրելի Յովիկ, Աստւած հոգիդ լուսաւորի:

ՀԱՅ ՈՒՍ. «ՉՀԱՐՄԱՀԱԼ» ՄԻՈՒԹԵԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Related Articles

Back to top button