ԹեհրանՀամայնքՄարզական

Սպորտի եւ երիտասարդութեան նախարարը՝ «Արարատ»-ում

Քիումարս Հաշեմի. «Պէտք է վերականգնել «Արարատ»-ի ունեցած համբաւը երկրի ակումբային մրցոյթներում»

«ԱԼԻՔ» – Երեքշաբթի, յունւարի 9-ին, «Արարատ» մարզաւան այցելեց Սպորտի եւ երիտասարդութեան նախարար դոկտ. Քիումարս Հաշեմին:

Այցի ընթացքում նախարարին ընկերակցում էին նախարարութեան տարբեր ոլորտների տեղակալները: Նախարարին դիմաւորեցին Սուրբ Խաչ մատուռի շրջափակում, որտեղ հիւրերին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը ծանօթացրեց մատուռի եւ շրջափակում գտնւող գերեզմանատան պատմութեանը:

Նախարարը Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամների եւ մարզաւանի վարիչի ընկերակցութեամբ՝ շրջայց կատարելով մարզաւանի տարբեր հատւածներ, ներկայ գտնւեց նաեւ Էդմոնդ Բզիկի գլխաւորութեամբ «Արարատ»-ի ֆուտբոլի ակադեմիայի փորձերին, որտեղ էլ ծանօթացաւ ֆուտբոլային կանաչ գորգի վիճակին, յատկապէս, դաշտը ջրելու հետ կապւած խնդիրներին:

Այցը, որը կատարւում էր Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանի միջնորդութեամբ եւ նախաձեռնութեամբ, նպատակ ունէր մարզական նախաձեռնութիւնների եւ մարզաւանի պահպանման հետ կապւած ֆինանսական խնդիրները ծանօթացնել նախարարին:

Պրն. Շահվերդեանի խօսքով՝ նախարարը դրական է տրամադրւած նշւած խնդիրների լուծման ուղղութեամբ եւ խոստումներ է տւել հետեւելու Թեհրանի վաղեմի ակումբի՝ «Արարատ»-ի խնդիրների լուծման աշխատանքներին:

Աւելի ուշ դոկտ. Հաշեմին մարզաւանի «Տնակ»-ում հանդիպելով «Արարատ» ֆուտբոլի թիմի վետերանների, ինչպէս նաեւ բասկետբոլիստների եւ թեթեւ ատլետի մարզիկների հետ, նշեց, որ «Արարատ»-ը մրցութային սպորտի ոլորտում պատմութիւն ունեցող եւ կարեւոր դերակատարութեան տէր անուն է, որի խնդիրների լուծման ուղղութեամբ Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութիւնն իր կարողութեան սահմաններում փորձելու է աջակից լինել, յատկապէս, շինարարական ոլորտի աշխատանքներին: «Նկատելի է, որ 50-ամեայ շէնք-շինութիւնը, թէեւ կէս դար առաջ է կառուցւել, սակայն շատ լաւ պահպանւել է: Տպաւորւած եմ բասկետբոլի սրահի պարկետի այդքան լաւ պահպանւած իրականութեամբ: Դա ինքնին շատ բան կարող է ասել ժառանգւածի արժեւորման շնորհքի մասին: Սակայն, կարծում եմ կարելի է աննշան յատկացումներով առաւել խնամւած տեսք հաղորդել շինութիւններին»,- ասել է նախարարը:

Հանդիպմանը Կենտրոնական վարչութեան նախագահը բարձր գնահատեց նախարարի ներկայութիւնը, յատկապէս տօնական օրերին եւ բացատրութիւններ փոխանցելով աշխատանքների մասին, ընդգծեց ֆինանսական դժւարութիւններով պայմանաւորւած որոշ խնդիրներ, որոնց լուծումը ենթադրում է պետական յատկացումներ եւ աջակցութիւն:

Արա Շահվերդեանը եւս յիշեցրեց, որ «Արարատ»-ը վերջին տարիներին ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում թիմ ներկայացնել տարբեր առաջնութիւններում:

Նախարարը յոյս յայտնեց, որ պատկան նախարարութեան համագործակցութեամբ «Արարատ» ակումբի ֆինանսական եւ բիւջէտային խնդիրները կը լուծւեն, որպէսզի «Արարատ»-ի թիմերը դարձեալ կարողանան մասնակցել Իրանի առաջնութիւններին, ինչպէս եղել է անցեալում:

Նախարարը վերջում յաւելեց, որ տեղեակ է մարզաւանի տարածքի հետ կապւած կալւածային որոշ խնդիրների մասին եւ նշեց, որ փորձելու է նախարարութեան իրաւասութիւնների սահմաններում, աջակցել խնդրին վերջնական լուծում տալու աշխատանքներին:

Այցի ընթացքում, մարզաւանի տարածքի պահպանման հետ կապւած խնդիրների կողքին, շօշափւեց նաեւ լողաւազանների շահագործման հարցը, որի բիւջէտային խնդիրների լուծման ուղղութեամբ նախարարը առաջարկեց Սպորտի նախարարութեան փորձագիտական խմբերի այց կազմակերպելով, դա եւս օրակարգում ներառելու առիթ տալ:

Վերջում Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան կողմից նախարարին եւ միւս հիւրերին յանձնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի գերբով պատկերւած յուշանւէրներ:

 

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

 

 

Related Articles

Back to top button