Սուրբ Ծննդեան տօների առիթով՝ Թեհրանի ոստիկանապետի այցը՝ ազգ. առաջնորդարան
«ԱԼԻՔ» – Երեքշաբթի, յունւարի 9-ի առաւօտեան, մայրաքաղաքի Ոստիկանութեան եւ իրաւապահ ուժերի հրամանատար գեներալ Աբբաս Ալի Մոհամմադեանը, Թեհրանի տարբեր շրջանների հրամկազմի հետ միասին, այցելեց ազգային առաջնրդարան եւ հանդիպեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեմական խորհրդի ու Պատգամաւորական ժողովի ատենապետերի հետ՝ շնորհաւորելով Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ:
Հանդիպման սկզբում Սրբազան Հայրը լռութեան րոպէով յարգեց Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեանը զոհ գնացած անմեղ քաղաքացիների յիշատակը, որից յետոյ նա անդրադարձաւ նահատակ Սոլէյմանիի նկատմամբ համայն հայութեան սիրոյ եւ յարգանքի փաստին, եւ նշեց, որ գեներալը կարեւոր դեր է ունեցել տարածաշրջանում ահաբեկիչների դէմ պայքարում, յատկապէս, Հալէպի հայ համայնքի անվտանգութիւնը ապահովելու գուրծում:
Գեներալ Մոհամմադեանը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը տօնական տրամադրութեան կողքին չմոռանալու Քերմանի ահաբեկչութեան հետեւանքով մի շարք հայրենակիցների նահատակութեան ցաւը եւ օրինակելի համարեց հայ համայնքի կեցւածքը:
Հանդիպմանը ելոյթ ունեցաւ նաեւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ով շնորհակալութիւն յայտնեց տօնական օրերին իրաւապահ ուժերի համագործակցութեան համար, եւ կարեւորեց անվտանգութեան մթնոլորտի գոյացման եւ պահպանման փաստը ողջ երկրի տարածքում:
Կողմերի փոխանակած յուշանւէրներով ամփոփւեց հանդիպումը, որից յետոյ Թեհրանի ոստիկանապետը Բիւրաւոր նահատակների յուշարձան այցելելով յարգեց նահատակների յիշատակը:
Ոստիկանապետը հրաժեշտից առաջ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի ուղեկցութեամբ այցելեց նաեւ Ս. Սարգիս եկեղեցի:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ