Թեհրան

«Սպասարկութեան սեղան» Թեհրանի նահանգապետի, կուսակալի եւ պատգամաւոր Արա Շահվերդեանի ներկայութեամբ

«ԱԼԻՔ», Կ.Դ.- Սուրբ Ծննդեան տօնի առիթով՝ Թեհրանի նահանգապետ դոկտ. Ալիռեզա Ֆախարիի եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ՝ Թեհրանի 8-րդ քաղաքամասի քաղաքապետարանի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, յունւարի 9-ի առաւօտեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից դահլիճում կազմակերպւել էր «Սպասարկութեան սեղան»: Սկզբում եկեղեցում հիւրերին ողջոյնի խօսք փոխանցեցին եկեղեցու քահանաներ՝ Տ. Գրիգորիս Ներսիսեանը եւ Տ. Մեսրոպ Ռաթէոսեանը: Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ իր շնորհաւորանքները փոխանցեց Թեհրանի կուսակալ Ահմադ Ղոյումին: Ապա Թեհրանի նահանգապետը, ընկերակցութեամբ պատգամաւոր Արա Շահվերդեանի, պետական հիւրերի եւ քահանայ հայրերի ծաղիկ տեղադրեց եկեղեցու բակում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան Բիւրաւոր նահատակների յուշարձանին, որից յետոյ ներկաները եկեղեցուն կից սրահ տեղափոխւեցին:

Սրահում ներկաներին ողջոյնի խօսք փոխանցելով պատգամաւոր Արա Շահվերդեանը անդրադարձաւ «Սպասարկութեան սեղան»-ների անհրաժեշտութեանը, որի ընթացքում ժողովուրդը առիթ է ունենում դէմ առ դէմ պատկան պատասխանատուներին ներկայացնել իր խնդիրները:

Միջոցառմանը գնահատագրեր յանձնւեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին հայ նահատակների ընտանեկան պարագաներին, եւ անձնուրացներին: Նաեւ յուշանւէրներ էին նկատի առնւել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ պատգամաւոր Արա Շահվերդեանի համար: Ապա ներկաները մօտենում էին տարբեր սեղանների մօտ հաստատւած պատասխանատուներին, արծարծելով իրենց խնդիրները: Ներկայ էին՝ ջրի եւ կոյուղու, էլեկտրաէներգիայի, գազի, Իմամ Խոմէյնիի անւան նպաստամատոյց կոմիտէի, ինքնութեան թղթերի գրանցման վարչութեան պատասխանատուները եւ 8-րդ շրջանի քաղաքապետ Ֆաթեմէ Թանհային եւ քաղաքապետարանի պաշտօնատարներ:

Միջոցառմանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, ազգային մամինների ու միութիւնների ներկայացուցիչներ,նահատակների ընտանեկան պարագաներ, անձնուրացներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Related Articles

Back to top button