
«ԱԼԻՔ» – Իւրաքանչիւր երկրի մէջ գործում են այնպիսի կառոյցներ ու կենտրոններ, որոնք անկախ պայմաններից չեն կարող դադարեցնել իրենց ծառայողական աշխատանքները եւ շարունակում են սպասարկել ժողովրդին:
Թեհրանի հայկական համայնքում եւս գործում են նման կենտրոններ, այդ թւում տարեցների հանգստեան տները ինչպէս՝ Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում գործող, «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» կենտրոնները:
Առաիջին երկուսի վերահսկողութիւնը պատկանում է Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութեանը: Պատերազմական այս օրերին հարցազրոյց ենք ունեցել ընկերութեան կենտրոնական վարչութեան նախագահ Հերմինէ Բաբայեանի հետ, ով ներկայացրեց երկու ծերանոցների ներկայ կարգավիճակը:
Նա նշեց, որ 121 տարւայ անցեալով Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան հովանու ներքոյ են՝ Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում գործող նաեւ «Սօսէ Մայրիկ» տարեցների հանգստեան երկու կենտրոնները, որոնցից առաջինը ունի աւելի քան 70-ամեայ, իսկ երկրորդը՝ 42 տարւայ անցեալ:
«Սօսէ Մայրիկ»-ում բնակւում են 14 կանայք, իսկ Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում բնակւում են 9 տղամարդ»:
Տնկ. Բաբայեանը ընդգծեց. «Ներկայ պայմաններում եւս ամէն ինչ իր բնական հունով է ընթանում, կենտրոնները ապահովւած են սնունդով եւ դեղորայքով եւ բարեբախտաբար որեւէ հարցեր չեն ծագել եւ մեր սիրելի տարեցները ապրում են իրենց բնական առօրեան: Երկու կենտրոններում գիշերները լինում են հերթապահներ եւ անմիջական կապի մէջ ենք: «Սօսէ Մայրիկ» կենտրոնի տեխնիկական պատասխանատուն է Սիլւա Կարապետեանը, իսկ Ս. Գէորգի կենտրոնում Ելենա Մողադասին, կանոնաւոր յաճախականութեամբ երկու կենտրոններ են այցելում Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան վարչականները, տարեցների բժշկական ստուգումները եւս կատարւում է պարբերաբար եւ անհրաժեշտութեան դէպքում տեղափոխւում են հիւանդանոց, նոյնիսկ լինում են բժիշկներ, որոնք առանց գումարային ակնկալիքների են իրականացնում իրենց առաքելութիւնը: Մեզ հետ համագործակցում են սննդաբաններ, հոգեբաններ եւ սոցիալական աշխատողներ եւ յուսանք այս օրերին երկու կենտրոններում որեւէ հարցեր չեն առաջանալ եւ մեր սիրելի տարեցները հանգիստ իրենց բնական կեանքը կը շարունակեն»:
Համայնքում գործող «Չիլոյեան» տարեցների կենտոնի ներկայ պայմանների մասին, որը գտնւում է Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի վերահսկողութեան տակ, կապ ենք հաստատել հանգստեան տան տեխնիկական հարցերով պատասխանատուի տեղակալ Քարմելլա Յարութիւնեանի հետ: Նա ընդգծեց, որ աւելի քան 60-ամեայ «Չիլոյեան» հանգստեան տնում ներկայումս բնակւում են 16 տարեցներ, որոնցից 13-ը տեղափոխւել են Իրանի հիւսիսային ծովափնեայ «Հայկաշէն» աւանը, որը նոյնպէս գտնւոմ է Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի վերահսկողութեան տակ, իսկ երեք տարեցներ տեղափոխւել են իրենց հարազատների մօտ: «Հայկաշէն» տարածքում նրանք ստանում են համապատասխան ծառայութիւնները եւ ամէն ինչ ընթանում է իր բնական հունով»:
Թղթակցութիւնը` ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ



