Շուրջ 40 օր առաջ, հոկտեմբերի 22-ին անսպասելի գոյժը ցնցեց բոլորիս՝ ոչ եւս էր Հայ Ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան ժրաջան անդամուհի՝ ճարտարապետ դոկտ. Ալինա Թարվերդեանը: Անողոք մահը խլել էր իր ոլորտում բազմավաստակ, միութենական եւ ազգային կեանքին նւիրւած մի համեստ գործչի:
Ալինա Թարվերդեանը ծնւել է Թեհրանում, 1966 թ. մայիսին: Սովորել է «Վաչէ Յովսէփեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցներում, ապա իր նախասիրած ճարտարաթետութեան ոլորտում ուսումնառութեան համար, 1986 թւականին մեկնել է Հայաստան, ընդունւել՝ Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուսի Ճարտարապետութեան-ճարտարագիտական ինստիտուտում, որի շրջանն աւարտել է 1991-ին՝ ճարտարապետութեան մագիստրատուրայի (գերլիսանս) աստիճանով եւ վերադարձել՝ ընտանիքի գիրկը:
Հետագայ տարիներին, ճրտպ. Ալինան մասնագիտութիւնը կատարելագործելու նպատակով շարունակել է ուսումը՝ հեռակայ կարգավիճակով, որի արդիւնքում 2013 թ. սեպտեմբերին, Երեւանի Պոլիտեխնիկական համալսարանի Ճարտարապետութեան եւ շինարարութեան մասնագիտական խորհրդի որոշմամբ, արժանացել է ճարտարապետութեան թեկնածուի գիտական աստիճանի: Այդ աստիճանը համազօր է գնահատւում դոկտորականի: Իր աւարտական ատենախօսութեան նիւթն է հանդիսացել՝ «Թեհրանի հայ համայնքի ճարտարապետական ժառանգութեան գնահատումը եւ օգտագործման հնարաւորութիւնները», մի աշխատասիրութիւն, որն արժանի է վերագնահատման ու պահպանման, որպէս Թեհրանի հայութեան պատմութեան վաւերագրութիւն:
Ճրտպ. Ալինա Թարվերդեանն աշխատել է հիմնականում Մոնիթ ճարտարապետական ընկերութիւնում՝ որպէս նախագծող ճարտարապետ, մասնակցելով զանազան պրոեկտների նախագծման գործընթացին: Այդ շարքից յիշատակենք Քաշանի, Դամղանի, Բուշեհրի եւ այլ քաղաքների համալսարանների, Թեհրանի մետրոյի կայարանների, Իրան-Խոդրօ գործարանի մասնաշէնքերի եւ այլեւայլ նախագծերը:
Մասնագիտական աշխատանքին կից, սկսած 2007 թւից, ճրտպ. Ալինա Թարվերդեանը մասնակցել է Թ. Հ. Թ. Շինարարական մարմնի աշխատանքներին: Այդ շրջանի իր նախագծերից մէկը, Նոր Բուրաստան գերեզմանոցի նահատակների հատւածի խաչքար-յուշակոթողն է՝ կառուցւած ի յիշատակ «Սրբազան պաշտպանութեան» ընթացքին զոհւած հայորդիների:
Զուգընթաց, միութենական կեանքը մշտապէս եղել է նրա հետաքրքրութեան կենտրոնում: Նա աշխոյժ մասնակցութիւն է ունեցել յատկապէս Հայ Ճարտարապետների եւ ճարտարագէտների միութեան վերջին երեսնամեայ կեանքին: 1995 թւականին մուտք գործելով Հ. Ճ. Ճ. միութիւն, անգամներ ընտրւել է վարչութեան կազմերում՝ զբաղեցնելով վարչական տարբեր հանգամանքներ: Նաեւ հիմնական աշխատակիցն է եղել միութեան «Տեղեկատու-նամակ» ամսաթերթի, որը տպագրւել է մինչեւ 2017 թւականը եւ արտացոլել՝ միութենական կեանքն ու անցուդարձը: Անդամակցել է նաեւ Հայ Համալսարանականների ընդհ. միութեանը՝ 1985-ից, Հայ Կին միութեանը՝ 1996-ից, եւ Հայ Հասարակական միութեանը՝ 2010-ից:
Ալինա Թարվերդեանը դեռ երկար տարիներ պիտի մասնակից լինէր մեր համայնքի միութենական-հասարակական կեանքին, եթէ այդպէս վաղաժամ չդադարէր նրա բեղուն կեանքի ընթացքը: Նրա դին ամփոփւեց ՝ հոկ. 25-ին Նոր Բուրաստան գերեցմանոցում:
Յարգանք սիրելի Ալինայի անմոռաց յիշատակին եւ թող հողը թեթեւ լինի իր վրայ:
Էդւարդ. Յ.