Տեսողութեան խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծւել են «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդումների շօշափելի կրկնօրինակները
«Խօսող կտաւներ» ներառական նախագծի շրջանակում տեսողութեան խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծւել են Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի 9 պատկերազարդումների շօշափելի կրկնօրինակները. հեղինակային էսքիզներ, որոնք գտնւում են Հայաստանի ազգային պատկերասրահի հաւաքածուում։
1963 թւականին Գրիգոր Խանջեանի կողմից նկարազարդւել է Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմը. 9 գրաֆիկական գծանկարներում նկարիչը պատկերել է պոեմի գլխաւոր հերոսի՝ Կոմիտասի կեանքի հիմնական հանգրւանները։ Գծանկարներում պատկերւած են գիւղացիների հողագործական աշխատանքները, հանգիստն ու զւարճանքը, համերգասրահները, Արարատեան դաշտի բնապատկերը… Լեռնոտ հովիտները ցոյց են տալիս հայրենի հողի ընդհանրացւած պատկերը, հզոր գիւղացիները ներկայացնում են հողի հետ աշխատողների կապը, իսկ գիւղացի տարեց կինը ընդհանրացնում է Մայր Երկրի, Մայր Հայրենիքի գաղափարը: Խանջեանի Կոմիտասը հայոց հողի ծնած եւ հողով կերտւած հանճարի կերպարի վառ մարմնացումն է։
«Անլռելի զանգակատուն» պոեմի խանջեանական նկարազարդումները համալրւած են տիֆլոմեկնաբանութիւններով՝ ձայնային ուղղորդիչով, որը մանրամասն նկարագրում է նկարը, ինչպէս նաեւ ընթերցւում է Պարոյր Սեւակի պոեմի այն հատւածը, որը պատկերւած է նկարում: Տիֆլոմեկնաբան՝ Արման Նավասարդեան։
Տիֆլոմեկնաբանութիւնները ձեւաւորւում են համապատասխան երաժշտութեամբ. նախագծի հնչիւնային ռեժիսորն է Վահան Նահապետեանը, ով, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդէս է գալիս նաեւ՝ որպէս «Խոսող կտաւներ» նախագծի գլխաւոր փորձագէտ։ Նախագծի հեղինակը եւ պրոդիւսերը «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ Էռնա Ռեւազովան է։
Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 29-ին կը կայանայ շօշափելի պատկերազարդումների ցուցահանդէս-շնորհանդէս. ցուցահանդէսին կը ներկայացւեն նաեւ ՀԱՊ-ի ժողովածուից Գրիգոր Խանջեանի Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների հեղինակային էսքիզները։
Նախագծի շրջանակներում ստեղծւած շօշափելի կտաւները կնւիրաբերւեն Հայաստանի ազգային պատկերասրահին եւ Զանգակատունում գտնւող Պարոյր Սեւակի տուն-թանգարանին։ 2024 թւականին նշւում է նաեւ Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի գլխաւոր հերոսի՝ Կոմիտասի ծննդեան 155-ամեակը։
Նախագծի գործընկերն է Հայաստանի ազգային պատկերասրահը, «Խոսող կտաւներ» ներառական նախագիծն իրականացրել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպութիւնը՝ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ։
Panorama.am