Մահացել է մշակոյթի գործիչ, ՆՓԱԿ-ի համահիմնադիր իրանահայ Էդւարդ Բալասանեանը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – 88 տարեկանում Նիւ Եօրքում կեանքից հեռացել է Էդւարդ Բալասանեանը՝ Երեւանի Նորարար Փորձառական Արւեստի Կենտրոնի (ՆՓԱԿ) համահիմնադիրն ու հայ արւեստի եւ մշակոյթի նւիրեալը: Այս մասին է տեղեկացնում նկարիչ Սոնիա Բալասանեանի ինստագրամային էջը:
Էդւարդ Բալասանեանը ծնւել է Իրանում, 1936 թւականաին: Ստացել է ճարտարապետի կոչում՝ Թեհրանի պետական համալսարանից, ապա՝ փիլիսոփայութեան գիտութիւնների դոկտորի կոչում՝ ԱՄՆ-ի Փենսիլւանիայի համալսարանից:
Նա 1992 թւականին կնոջ՝ յայտնի նկարիչ-բանաստեղծ Սոնիա Բալասանեանի հետ Երեւանում հիմնադրել է Նորարար Փորձառական Արւեստի կենտրոնը (ՆՓԱԿ), որը նպատակադրւած աշխատում է հայ աւանգարդ արւեստը համաշխարհային բեմահարթակներում ներկայացնելու ուղղութեամբ:
1998 թւականին Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի յանձնարարութեամբ ղեկավարել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցու կառուցման աշխատանքները:
Բալասանեանը իրանական բեմերում եւս ծանօթ անուն է: Որպէս արհեստավարժ դերասան ներկայացել է Շեքսպիրի, Չեխովի եւ այլ հեղինակների գործեր թատերախաղերում:
Բալասանեանը ղեկավարել է նաեւ ազգային բարերար Գերարդ Լ. Գաֆէսճեանի նւիրատւութեամբ կառուցւող Երեւանի Կասկադ համալիրին կից արւեստի թանգարանի շինարարութիւնը:
Էդւարդ Բալասանեանը մահացել է Նիւ Եօրքում՝ երկարատեւ հիւանդութիւնից յետոյ: Բալասանեանը գրանցւած է ՄԱԿ-ի Համաշխարհային մասնագէտների ցուցակում:
«ԱԼԻՔ»-ը ցաւակցում է յայտնի արւեստագէտի հարազատներին եւ բարեկամներին, ինչպէս նաեւ հայ արւեստասէր հանրութեանը՝ անդառնալի կորստի առիթով: