Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Հայեր, եկէք պաշտպանենք Հայաստանը»

Օքամփօն բաց նամակ է յղել աշխարհասփիւռ հայերին

Միջազգային քրէական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորէնօ Օքամփօն բաց նամակ է յղել աշխարհասփիւռ հայերին:

«Երեք խնդիրներ փոխկապակցւած են. Հայաստանը շարունակում է մնալ վտանգի տակ, քանի դեռ բանակցութիւններ են ընթանում Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի շուրջ, յստակութիւն չկայ, թէ ինչպէս կարող է 2023 թւականի ցեղասպանութեան զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապահով վերադառնալ իր նախնիների հողը, իսկ 23 հայ պատանդներ դեռ Բաքւի բանտերում են։

«Ադրբեջանը Բաքւում 2024 թւականի նոյեմբերին հիւրընկալում է COP 29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովը՝ «COP յանուն խաղաղութեան» անւան տակ։ Եթէ հայերը չազատւեն, եւ COP 29-ին մասնակցող պատւիրակների կողմից անտեսւի Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը, նախագահ Ալիեւին կը տրւի հզօր յարթակ՝ ողջ Հայաստանը զաւթելու, իր աշխարհաքաղաքական նկրտումները բարձրացնելու համար:

Նման սցենարը ոչ միայն կը ժխտի Լեռնային Ղարաբաղի ցեղասպանութիւնը եւ պատանդներին կը դատապարտի երկարամեայ բանտարկութեան, այլեւ ամբողջ համայնքին կը թողնի որպէս անցեալի մոռացւած մասունք, եւ դա կը մեծացնի վտանգը հէնց Հայաստանի համար:

Վերջին ամսւայ ընթացքում հազարաւոր մարդիկ աւելի քան 30 երկրներից, որոնցից շատերը հայ նախնիներ ունեն, համախմբւել են թւային ֆորումներում եւ սոցիալական ցանցերում: Ի յաւելումն առցանց արշաւի, բողոքի ցոյցեր անցկացւեցին Երեւանից մինչեւ Տորոնտօ՝ պահանջելով վերադարձնել Բաքւում բանտարկւած հայ պատանդներին։

Հիմա ժամանակն է ընդլայնելու շարժումը եւ կապելու այն ամբողջ աշխարհում որոշում կայացնողների հետ: Ալիեւի զոհերը միայն հայերը չեն։ Նա ազդում է շրջակայ միջավայրի, ադրբեջանցի քաղաքացիների եւ նոյնիսկ եւրոպացի պատգամաւորների վրայ: Ադրբեջանը, որ հարստացել է հանածոյ վառելիքով, առաջատար դիրք է գրաւում կլիման վատթարացնող գործօններում: Վարչախումբը ոչնչից չի խորշում։ Այն ճնշում է լրագրողներին, ակադեմիկոսներին, իր սահմաններում ցանկացած այլախոհի։

Ընդամէնը մի քանի օր առաջ այն արգելեց 26 երկրների 76 եւրոպացի պատգամաւորների մուտքն Ադրբեջան՝ իր կոռուպցիան բացայայտելու համար։ Բուէնոս Այրեսի աւագ դպրոցներ կատարած իմ վերջին այցելութեան ժամանակ ես հանդիպեցի դեռահասների, ովքեր հասկացան, որ նման գործողութիւնները խաթարում են իրենց ապագան եւ ցանկանում են սկսել TikTok արշաւներ՝ հասնելու իրենց հասակակիցներին ամբողջ աշխարհում:

Յաջորդ քայլը կը լինի COP 29-ի պատւիրակներից պահանջել բարձրաձայնել այս հարցերը, այդ թւում՝ Ալիեւի՝ հանածոյ էներգիայի եկամուտները օրինականացնելու, Լեռնային Ղարաբաղի ցեղասպանութեան, Եւրոպայի եւ ԱՄՆ-ի քաղաքական համակարգերը կոռումպացնելու, քաղբանտարկեալների ու Բաքւի հայ պատանդների վերաբերեալ։

Հայեր, եկէք պաշտպանենք Հայաստանը եւ առաջնորդենք աշխարհը դէպի իսկապէս խաղաղ COP29»,- գրել է Օքամփօն:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի գրասենեակ

Related Articles

Back to top button