Լիլիթ Գալստեան. «Ինչո՞ւ մեր մէջ չի կարծրանում ՏԷՐ լինելու կոդը»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատւիրակութեան հետ իր հանդիպմանը.
«Վերջերս ԱԺ-ում հանդիպեցի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի շատ ներկայանալի եւ բազմանդամ պատւիրակութիւնը՝ Նաումբուրգի քաղաքապետ Արմին Միւլլէրի ղեկավարութեամբ։
Բնականաբար, խօսքիս առանցքում Արցախն էր, արցախահայութեան ՎԵՐԱԴԱՐՁ-ի իրաւունքը։ Յետոյ խօսեցինք կրթական ու մշակութային յարաբերութիւնների կարեւորութեան ու ժողովրդական դիւանագիտութեան մասին։ Ասացի նաեւ, որ Գերմանիայի հետ բարեկամական խմբում ընդգրկւելս ոչ այնքան քաղաքական, որքան զգացական ընտրութիւն է՝ պայմանաւորwած Բեռլինում ապրածս մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան ու գերմանացիներին մարդկային բոլորովին այլ դիտանկիւնից բացայայտելու չջնջւող զգացողութեամբ։
Հանդիպման աւարտին ինձ բազմաթիւ մտածումներ արթնացնող անակնկալ էր ապասւում։
Նաումբերգի քաղաքապետ Արմին Միւլլէրը տեղին հպարտութեամբ բարձրաձայնեց, ու գերմանացի մեծ փիլիսոփայ եւ ազատ գեղագէտ Ֆրիդրիխ Նիցշէն իրենց համերկրացին է, ծնւել է Անեալթում, սովորել է Նաումբորգի համալսարանում։ Յետոյ ինձ նւիրեց Նիցշէի «Այսպէս խօսեց Զրադաշտը» աշխատութեան հայերէն առաջին թարգմանութիւնը, որ հրատարակւել է Բաքւում, 1914-ին։
Իսկապէս անակնկալ էր, խառն ապրումներ առաջացնող․ Նիցշէի մահից 14 տարի անց Վ․ Խորենի ընտիր թարգմանութեամբ Բաքւում Նիցշէ է հրատարակւում։ Որ մեր թարգմանական դպրոցը հնագոյններից է, եւ աշխարհի հետ երկխօսելու մեր տաղանդն ու ձգտումը դարերի վրայ է ձգւում, նոյնպէս անհերքելի է։
Փաստ է, որ պատմականօրէն մենք մշակութային, քաղաքակրթական բովանդակութիւն ենք հաղորդել եւ հաղորդում Հայաստանից, մեր բուն օրրանից դուրս տարբեր աշխարհագրութիւններում, երբ մերը լքւած է, անղեկ կամ անխնամ։ Թիֆլիս, Ստամբուլ, Երուսաղէմ, Բաքու, Մադրաս, Սինգապուր, Վիեննա, Մոսկւա, Աստրախան, Վենետիկ․ դարերի վրայ ձգւող հայկական ներկայութիւն ․․․
Հիմա, հայկական ժառանգութեան կամ քաղաքակրթական հետքի մեծ մասը փոշիացւել է, մի մասը իւրացւել օտարների կողմից, մի մասն էլ՝ պարզապէս մահացել։
Մահացել է, որովհետեւ արմատը սեփական հողում չի, մի օր չորանում է էդ արմատը։ Չի ապրում, որովհետեւ դա իր կենսական միջավայրը չի, իր թթւածնի միջավայրը չի։
Ու մենք մի տեսակ շարունակ ԳՆԱՑՈՂ ԱԶԳ ենք։
Բայց միւս կողմից, ինչո՞ւ չենք կարողանում, դարեր շարունակ չենք կարողանում մեր բնօրրան տարածքների վրայ կենսունակ միջավայր ստեղծել, որ հայ մարդու աչքն օտար ափերի վրայ չլինի։ Ինչո՞ւ չենք կարողանում մեր մեղքն ու պատասխանատւութիւնը տեսնել։ Մերն այստեղ, այս հողում կերտել ու արարել․ ուրիշի կառուցածի վրայ հե՞շտ է…
Ինչո՞ւ մեր մէջ չի կարծրանում ՏԷՐ լինելու կոդը։
Մհերն ինչո՞ւ անձաւ մտաւ ու դեռ դուռն էլ փակեց։ Էս հարցը կեղեքելու չափ ցաւեցնում է ինձ, շատ վաղուց․․․
2012-ին /այն ժամանակ յաղթած էին, ինքնավստահ ու արժանապատիւ/, երբ Եւրանեստի վեհաժողովին Բաքու էինք մեկնել, գլխաւոր պողոտայի վրայ հայ ճարտարապետների փառահեղ ժառանգութիւնն էր, այդ թւում՝ Բաքւի թատրոնի շէնքը։ Հիմա իրենցն է, առանց հայկական հետքի յիշատակման։ Մեր եկեղեցին, որ պահանջեցինք մեզ տանել, Ալիեւի անւ., գրադարան էր դարձել, բնականաբար՝ առանց խաչի․․․
Թիֆլիսի 40-ից աւել հայ քաղաքապետների փաստն էլ է անհերքելի, պատմութեան դասագրքի դրւագ, այն էլ՝ ոչ միշտ բարձրաձայնւող։
Ինչուները շատ են։ Մենք՝ գնալով մաշւող ու փսոր, ու պատմութիւնը մեզ ԴԱՍ չի դառնում։ Որովհետեւ անկեղծ չենք, անղեկ ու մոլորւած, մեր ազգային ծրագրի ու տեսլականի սահմանը սեփական հաշւեհամարից այն կողմ չի անցնում։ Մենք մեր հողի վրայ հեղինակութիւն չենք հանդուրժում․ վկան այսօրւայ հորիզոնական քաոսը․․․ինքնասպանութեան հասնող քաոսը․․․
Ու արդէն կազմակերպւած ձեռքը հայկական հետքը մեր սեփական հողի վրայ ջնջելու ծրագիր է իրականացնում՝ սողացող վարքով, բայց թիրախաւորւած ու երկարաշունչ։ Պետական մշակութային մի շարք կազմակերպութիւններից հեռացնում են ազգային կարգավիճակը, ինչպէս կիսագրագէտ փախնախարարն ասեց՝ «բառը»։
Ու այդ ընթացքում Նաումբերգի քաղաքապետ Արմին Միւլլէրից նւէր եմ ստանում 1914-ին Բաքւի հայկական տպարանում հրատարակւած Նիցշէի «Այսպէս խօսեց Զրադաշտը» գիրքը։
Նրանք խօսում են սեփական մշակոյթը արժեւորելու եւ մեծարելու լեզւով, մենք՝ ատելութեան, անհանդուժողականութեան, օրէցօր աւելի խորացող ստի ու մաղձի լեզւով, որ պետականութեան եւ ազգայինի հետ ոչ մի աղերս չունի։
Եկեք խօսենք-մտածենք»,- գրել է նա: