Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Աբովեան. «Այս իշխանութեան առաջարկած իրական Հայաստան ասւածը դա Արեւմտեան Ադրբեջան է»

Ուզում եմ շնորհաւորել «Վրացական երազանք» կուսակցութեանը՝ տարած յաղթանակի համար. այդ կուսակցութիւնը եւ նրանց ձայն տւած վրաց ժողովուրդն ապացուցեցին՝ հնարաւոր է կապիտալիզացնել ազգային, պետական շահը եւ դա անել ամէն մարդու ենթագիտակցութեան մէջ։ 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով Վրաստանում անցկացւած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների մասին, նման տեսակէտ է յայտնել վերլուծաբան Արման Աբովեանը՝ ընդգծելով, որ Վրաստանում մեծամասնութիւնը, ըստ էութեան, հասաւ այն ընկալման, որ պետութիւն պահպանելու, պետութիւն ունենալու համար չի կարելի այն դիտարկել՝ որպէս մեծ ճաշարան, որտեղ բոլորը հաց են ուտում կամ աշխատում։

«Եկէք հիմա համեմատենք, թէ ի՞նչ է արւում Հայաստանում, ի՞նչ քարոզ է տարւում մեր երկրում։ Գիտէ՞ք, որքան էլ ցաւոտ հնչի, բայց պէտք է ասեմ՝ այսօր պետական դոկտրին են հռչակել կերը, ոչ թէ ուտելիքը, մինչդեռ Վրաստանում Իւանիշւիլու կուսակցութիւնը կարողացաւ մեծամասնութեանն ապացուցել, որ եթէ նոյնիսկ ուզում ես կեր ունենալ, ապա դրա միակ տարբերակն ազգային պետութիւն ունենալն է»,- ասել է Աբովեանը։

Նրա խօսքով՝ իւրաքանչիւր պետութիւն կառուցւում է ազգային եւ պետական շահի համադրութեամբ, իսկ երբ հակադրում են ազգային եւ պետական շահերը, ապա պետութիւնը դադարում է գոյութիւն ունենալ։

«Պետութիւնն այդ տարբերակով պայթում է։ Արեւմուտքը հէնց այդ հակադրութիւնն էր ուզում ունենալ Վրաստանում եւ այդ նոյն Արեւմուտքը պարտւեց հէնց այդ հակադրութեան մէջ։ Արեւմուտքն ասում էր հետեւեալը՝ Վրաստա՛ն, դու շատ պուճուրիկ երկիր ես, պուճուրիկ գործօն, ուստի միակ տարբերակդ ազգային եւ պետական շահերը մոռանալն է՝ յանուն կերի, ինչը տեղի չունեցաւ»,- ընդգծել է վերլուծաբանը՝ շարունակելով, որ վրացիներն ընտրեցին վրացամէտ քաղաքականութիւնը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Աբովեանի, տրամագծօրէն հակառակ բանն է կատարւում մեր երկրում, որովհետեւ Հայաստանի իշխանութիւնն ընտրել է ոչ թէ հայկական շահը, այլ՝ լրիւ այլ բան։

«Հայաստանի իշխանութիւնն ուղղակի վարում է պրօփաշինեանական արտաքին քաղաքական վեկտոր։ Այս իշխանութեան առաջարկած իրական Հայաստանը դա Արեւմտեան Ադրբեջանն է»,- ասել է Արման Աբովեանը։

Related Articles

Back to top button