Հայկ Մամիջանեան. «Հրաժարականը գրում, գնում է. գալիս են մարդիկ, որոնք ե՛ւ հայրենասէր են, ե՛ւ ունակ գործ անել»

Վրաստանի ընտրութիւններն ինձ համար առաջին հերթին քաղաքական վեկտորի ընտրութիւններ էին. կարծում եմ՝ դրանց արդիւնքները բաւական յստակ ցոյց տւեցին մեր հարեւան եւ բարեկամ վրաց ժողովրդի արձագանգը եւ մօտեցումն այդ հարցին։ 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում նման տեսակէտ է յայտնել ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը՝ ընդգծելով՝ բոլոր նրանք, որոնք ասում էին, թէ Ռուսաստանը նւազեցնում է իր ազդեցութիւնը Հարաւային Կովկասում կամ, առհասարակ, հրաժարւում դրանից, հիմա տեսնում են ռուս-ադրբեջանական, ռուս-վրացական յարաբերութիւնների մակարդակը, հետեւապէս՝ այստեղ առաջնային է դառնում հարցը՝ իսկ ի՞նչ են անում Հայաստանի կառավարիչները մեր երկրի արտաքին քաղաքականութեան հետ։
«Հայաստանի կառավարիչների գործունէութիւնն առհասարակ աբսուրդ է. Հայաստանի Հանրապետութեան անվտանգային ճարտարապետութեան հիմնասիւն հանդիսացող ՀԱՊԿ-ի վերաբերեալ նախ ինչ-որ ամպագոռգոռ յայտարարութիւններ են անում, թէ՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրները մաս էին կազմում Արցախի դէմ յարձակման, յետոյ այլ յայտարարութիւններ եւս՝ չստեղծելով այդ համակարգին այլընտրանք։ Գիտէք՝ նման յայտարարութիւններով կարող է հանդէս գալ, օրինակ, ինչ-որ բլոգեր, հասարակական ակտիւիստ, ընդդիմադիր քաղաքական գործիչ, որը գործիք չունի, բայց ոչ իշխանութիւնը»,- ասել է Հայկ Մամիջանեանը՝ ընդգծելով՝ իշխանութեան առաքելութիւնը խնդիրներ լուծելն է, ոչ թէ յայտարարելը, թէ աշխարհում մնացել ենք մեն միայնակ։
«Օրինակ՝ պէտք է հասկանար, որ անհնար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական հիմնարար պայմանաւորւածութիւնների ձեռքբերումը եւ իրագործումը՝ առանց երաշխաւորի»,- նշել է պատգամաւորը։
Նրա խօսքով՝ ստեղծւած իրավիճակը պատճառներ ունի. դա հետեւանք է նրա, որ Հայաստանի իշխանութեան ղեկին նստած մարդը չի սպասարկում հայկական շահը։
«Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աթոռին նստած մարդն ուղղակի հայամէտ չէ. վարում է չարչու դիւանագիտութիւն` լուծումներ առաջարկելու փոխարէն»,- ասել է նա:
Օրինակ, ինչպիսի՞ լուծում էք պատկերացնում՝ հարցին ի պատասխան Հայկ Մամիջանեանն արձագանգել է.
«Թուղթը վերցնում, հրաժարականը գրում՝ գնում է. գալիս են մարդիկ, որոնք ե՛ւ հայրենասէր են, ե՛ւ ունակ գործընթացներ իրականացնելու։ Լուծումներ կը գտնւեն, երբ հասկանան, որ անհնար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական հիմնարար պայմանաւորւածութիւնների ձեռքբերում եւ իրագործում՝ առանց երաշխաւորի։ Պարտաւոր է դաշնակցի հետ ունենալ լաւ յարաբերութիւններ, գործընկերների համար դառնալ կանխատեսելի երկիր, ուժեղացնել անվտանգային համակարգերը թէ՛ դիւանագիտական, թէ՛ հողի վրայ, եւ այսպէս շարունակ»: