ՄիջազգայինՔաղաքական

Իրանական վերլուծական կայքի կարծիքով՝ «Պուտինը Ալեասկան յաջողութեամբ օգտագործեց միջազգային մեկուսացումից դուրս գալու համար»

«ԱԼԻՔ» – «Ռուզ-փլաս» վերլուծական լրատւական կայքի փոխանցմամբ՝ Ալեասկայում Թրամփն իր մօտեցումներով կրկին ցոյց տւեց, որ քաղաքականութիւնն իր համար աւելի շատ շոուի թատերաբեմ է, քան բանակցային դաշտ։ Ամէն ինչ նախապէս պլանաւորւած էր՝ Պուտինի ժամանման պահից մինչեւ B-2-ների թռիչքը եւ այդ դրւագի պատկերները, որոնք արագ տարածւեցին ամբողջ աշխարհում։ Թրամփի համար այս կադրերը բաւարար էին իրեն յաղթանակած յայտարարելու համար։

Այնուամենայնիւ, Պուտինը լքեց բանակցութիւնների սեղանը՝ առանց զիջումների։ Նա այս հանդիպումն օգտագործեց միջազգային մեկուսացումից դուրս գալու եւ իր լեգիտիմութիւնը ամրապնդելու համար, եւ գործնականում ոչինչ չկորցրեց։ Ահա թէ ինչպէս այս հանդիպումը երկու կողմերի համար դարձաւ շահեկան խաղ:

Թրամփը շարունակում է մնալ ամերիկեան քաղաքականութեան շոումէնը: Նա ծարաւ է ուշադրութեան եւ աշխարհը համարում է իր մեդիա շոուների թատերաբեմ։ Ալեասկայում հանդիպումն աւելի շատ նրա կողմից անձնական «ցուցադրում» դարձաւ, քան խաղաղութեան ճանապարհին՝ ձեռքբերում։

Ռուսական աղբիւրների համաձայն՝ Պուտինը վայրէջքից անմիջապէս յետոյ Թրամփին ողջունելիս ասել է. «Շնորհակալութիւն հրաւէրի համար։ Երբ ես իջայ ինքնաթիռից, մտքում ասացի՝ բարեւ, հարեւան»։

Պուտինը յաւելել է, որ Ալեասկան ներկայացնում է Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների ընդհանուր պատմութեան մի մասը, եւ իր ուրախութիւնն է յայտնել Թրամփին նրան առողջ տեսնելու համար։

Նա ընդգծել է, որ Ալեասկայում բանակցութիւններն ընթացել են կառուցողական մթնոլորտում։

Related Articles

Back to top button