Թրամփն ու Պուտինը Հարաւային Կովկասում կոնսենսո՞ւս ունեն

«ԱԼԻՔ» – Ալեասկայում տեղի ունեցաւ տարւայ գլխաւոր միջազգային իրադարձութիւններից մէկը՝ հանդիպեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ամերիկեան ԶԼՄ-ները գրում են, որ Ուկրաինայում պատերազմի վերաբերեալ գրեթէ երեք ժամ տեւած հանդիպումն աւարտւել է կարճ, ջերմ հրապարակային յայտարարութիւններով, սակայն առանց հրադադարի կամ խաղաղութեան համաձայնագրի մասին յայտարարելու։
«Գործարք չի լինի, քանի դեռ համաձայնագիր չկայ»,- ասել է Թրամփը։
Ըստ նրա՝ Պուտինի հետ հանդիպումը շատ լաւ է անցել, ինչպէս նաեւ հեռախօսազրոյցը Զելենսկու եւ եւրոպական տարբեր առաջնորդների, այդ թւում՝ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի հետ։
«Բոլորը եկել են այն եզրակացութեան, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ սարսափելի պատերազմին վերջ տալու լաւագոյն միջոցն ուղղակիօրէն խաղաղութեան համաձայնագիր կնքելն է, որը վերջ կը դնի պատերազմին, այլ ոչ թէ պարզապէս հրադադարի համաձայնագիր, որը յաճախ չի կատարւում»,- գրել է Թրամփը հանդիպումից յետոյ արած գրառման մէջ։
168.am-ի հետ զրոյցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասել, որ հանդիպումն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական՝ առանց բեկումների, ինչը կարելի էր սպասել։ Ըստ նրա, արդէն առաջընթաց է, որ չեղան կոշտ յայտարարութիւններ, եւ կողմերն ընդհանուր առմամբ ընդգծեցին, որ շարունակելու են խօսակցութիւնը։
«Հաշւի առնելով մինչ այս հանդիպումը Թրամփի վերջնագրերը, որ երկու րոպէում պարզ կը լինի՝ կա՞յ գործարք, թէ՞ ոչ, այն, որ գործարքի բացակայութեան պայմաններում չեղան սուր յայտարարութիւններ, ցոյց է տալիս որոշակի համաձայնութիւնների առկայութիւն, որոնք, սակայն, ամբողջական չեն։
Սա սպասելի էր ռուսական կողմի համար, սա առաջին ուղիղ շփումն էր, բոլոր համաձայնութիւնները կը յայտարարւեն միայն ամբողջական համաձայնութիւնից յետոյ։ Շատերը կարծում էին, որ առաջին հանդիպումը յանգեցնելու է շրջադարձի, հրադադարի, սակայն դա միամտութիւն է, իրական բանակցութիւնները նոր են սկսւում, եւ հետագայ հանդիպումները եռակողմ ձեւաչափով պէտք է աւելի արդիւնաւէտ լինեն։ Հաշւի առնելով Ուկրաինայի դիրքաւորումը՝ համաձայնութիւնը դժւար է կնքւելու»,- ասել է Սիմոնովը։
Նա գտնում է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը քննարկում են աշխարհաքաղաքական բոլոր հարցերը եւ տարածաշրջանները։
«Այն կարծիքին եմ, որ ընդհանուր առմամբ ՌԴ-ԱՄՆ նախագահների միջեւ կայ կոնսենսուս շատ հարցերի, այդ թւում՝ Հարաւային Կովկասում ընթացող զարգացումների վերաբերեալ։ Ամէն բան քննարկւել է այս ամիսների ընթացքում։ Սակայն գլխաւոր առեւտուրն ընթանում է Ուկրաինայի հակամարտութեան գօտում խաղաղութիւն հաստատելու շուրջ»,- եզրափակել է Սիմոնովը։