Յակոբ Բադալեան. «Մեզ ամէնից շատ կը յուզի հարցը, թէ արդեօ՞ք Ալեասկայում եղել է Հարաւային Կովկասի թեման»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Յակոբ Բադալեանի կարծիքով՝ Հարաւային Կովկասի հարցը Ալեասկայում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ չէր կարող արժանանալ շատ, թէ քիչ էական քննարկման: Այս մասին նա գրել է իր ֆէյսբուքեան էջում:
«Մեզ, բնականաբար, ամէնից շատ կը յուզի հարցը, թէ արդեօ՞ք Ալեասկայում եղել է Հարաւային Կովկասի թեման: Իմ կարծիքով՝ այդ հարցը Ալեասկայում չէր կարող արժանանալ շատ, թէ քիչ էական քննարկման: Եթէ հաշւի առնենք այն, որ հանդիպումը տեւել է մօտ երեք ժամ, իսկ աւելի ստոյգ ասւում է 2 ժամ 45 րոպէ, ապա կարծում եմ այդ ժամանակահատւածի համար կային շատ աւելի առանցքային ու մասշտաբային հարցեր, որոնք հրատապ են երկու կողմի համար էլ:
Սակայն, անգամ այդ պարագայում, հանդիպման ընդհանուր մթնոլորտն ու «ոգին» անկասկած ազդեցութիւն ունենալու է Կովկասում իրադարձութիւնների զարգացման տրամաբանութեան վրայ:
Եթէ դիտարկենք, որ Թրամփի ու Պուտինի այս հանդիպմանը չեղաւ որեւէ պատմական համաձայնութեան ազդարարում, բայց նաեւ չնշմարւեց կոնֆրոնտացիա (համագործակցութիւն-ԽՄԲ.), կարող ենք եզրակացնել, որ այդպիսին մենք չենք տեսնի նաեւ Կովկասում:
Այդ իմաստով, շարունակում եմ կարծել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը գործնականում եղել է Ալեասկայի հանդիպման համաձայնեցումը հասունացրած եւ ամբողջացրած փաթեթի մաս»,- գրել է նա: