Մենք ունենք շանս, եւ այն մեր ներսում է

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Մեր երկիրը դարձաւ բարոյալքւած հասարակութեան անմիտ էլիտաների նաւահանգիստ։
Մինչեւ խիզախութիւն չունենանք ընդունելու, որ մեր նորագոյն ողբերգութիւնների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրութիւնների արդիւնքները, Արցախի յանձնման հանդէպ մեր անտարբերութիւնը, քաղաքացիական պահւածքի եւ որակների բացակայութիւնը եւ այլն), ոչինչ չի փոխւելու։
Մեր հասարակութիւնը ոչ մի բանից չի վիրաւորւում, իրեն վիրաւորւած չի զգում ոչ մի ստորացումից, կորստից կամ նոյնիսկ պատմական ողբերգութիւնից յետոյ։ Սա լրջագոյն խնդիր է, որի մասին արդէն լաւ գիտեն թէ´ թուրքերը, թէ´ պոտենցիալ դաշնակիցները, եւ դրանից մեծապէս օգտւում են։ Այդ պատճառով էլ մեր հանդէպ վերաբերմունքն այսպիսին է։ Նոյնքան լուրջ խնդիր է ֆորմալ էլիտաների սպառւածութիւնը։ Բոլոր կարեւորագոյն փուլերում (ներառեալ՝ ընթացիկ յետւաշինգտոնեան) ճիշտ հարցադրումների, ակտիւ վարքագծի, ճիշտ ձեւակերպումների եւ հասարակութեանն ուղղւող ճիշտ ուղերձների ակնյայտ բացակայութիւնն ուղղակիօրէն պնդում է, որ հայաստանեան էլիտաների էական փոփոխութիւնն առողջացման միակ ճանապարհն է։
Բարոյալքւած հասարակութեան եւ սպառւած էլիտաների պարագայում Հայաստանը ոչ մի շանս չունի։ Եւ, հակառակը, ունի վերականգնման իրական հնարաւորութիւններ՝ նոր որակներով էլիտաների պարագայում, որի առաջին կարեւորագոյն խնդիրը կը լինի հասարակութեան առողջացումը, եւ բարոյալքման դժոխքից հանելը։