ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԿՈՉ

Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ մեր երկիրը կանգնած է բազմաթիւ մարտահրաւէրների առաջ, երբ մեր երկրի իշխանութիւնները իրենց ամբողջ կարողութիւնները ի սպաս պիտի դնեն արտաքին սպառնալիքներին դիմակայելու ուղղութեամբ, ցաւօք գործող վարչախումբը Հայաստանի ներսում դիմում է լայնարձակ բռնաճնշումների ամէն գնով իր իշխանութիւնը պահելու համար։
Հայաստանի ներկայ ղեկավարութիւնը, որն ակնյայտ եւ քայլ առ քայլ կատարում է Ադրբեջանական հրահանգները, պատրաստ է անտեսել հայ ժողովրդի շահերը եւ ոտնահարել մեր ազգի բոլոր սրբութիւնները՝ յանուն իր նեղ խմբակցական շահերի։
Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու դէմ կատարւած ցեխարձակումները, ինչպէս նաեւ ընդդիմադիր գործիչների ապօրինի ձերբակալութիւնները եւ տարածւած անհիմն մեղադրանքները նպատակ ունեն կոտրել բոլոր դիմադրութիւնները, որոնք սպառնալիք են լինելու իրենց բռնատիրական ռեժիմին, եւ խանգարելու են աւարտելու նրանց հակահայ ծրագրերը։
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Իրանահայութեան կառոյցը դատապարտում է գործող վարչախմբի որդեգրած ընթացքը՝ ընդդիմադիրներին եւ մեր կառոյցի անդամներին ապօրինի ձերբակալելու համար։ Նրանք քաղբանտարկեալներ են, եւ պահանջում ենք անմիջապէս ազատ արձակել նրանց։
Դատապարտում ենք նաեւ իշխանութիւնների որդեգրած գործելաոճը՝ հայ ժողովրդին պառակտելու, ազգային արժէքներն ստորացնելու եւ ժողովրդի սահմանադրական ու ազատ խօսքի իրաւունքը սահմանափակելու ուղղութեամբ։
Յայտարարում ենք, այդ ճնշումների պատճառով մենք չենք ընկրկելու եւ շարունակելու ենք պայքարը մեր պետականութեան եւ ազգային արժէքների պահպանման ուղղութեամբ։
Նոր Ջուղայի եւ Հարաւային Իրանի
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Կենտրոնական Կոմիտէ
27 յունիս 2025