ԱԿՆԱՐԿ. ՊԱՏԺԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ ՉԻ ՍՏԱՑՒԻ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ Է ՎԿԱՅՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ
Ա. ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Երկրորդ Աշխարհամարտի աւարտից յետոյ նացիստական Գերմանիայի ղեկավարները, ինչպէս նաեւ այդ համակարգին ծառայած տարբեր մակարդակի քաղաքական, ռազմական եւ …. գործիչներ ստիպւած եղան կանգնել դատարանի առջեւ՝ մարդկութեան դէմ յանցագործութեան մեղադրանքով։
Նիւրենբերգեան դատավարութիւնից բացի, որը կենտրոնական եւ ամենայայտնին էր այդ դատավարութիւնների շարքից, ամենաուշագրաւ դատավարութիւնները տեղի ունեցան Լեհաստանում։
Լեհաստանում տեղի ունեցած դատավարութիւններից ամենայայտնին անկակսած Կրակովում կայացած «Աուշւիցի» դատավարութիւնն էր, որի ընթացքում զինւորական տրիբունայի առջեւ կանգնեցին «Աուշւից-Բիրկենաու» համակենտրոնացման եւ մահւան ճամբարի 40 ղեկավարներ եւ աշխատակիցներ։
Հետաքրքիր է այն փաստը, որ նրանցից շատերը, մասնաւորապէս շարքայինները, դատավարութեան ընթացքում փորձում էին արդարանալ՝ նշելով, որ սոսկ կատարողներ են եղել, եւ բացառապէս կատարել են տրւած հրահանգները։ Այս հանգամանքը, սակայն, չօգնեց նրանց խուսափել պատժից՝ հատուցումից:
Հիմա հետեւէք հրապարակւած տարբեր տեսանիւթերում պատկերւած, անհնազանդութեան խաղաղ գործողութիւնների մասնակիցների դէմ ՀՀ ոստիկանութեան կարմիր եւ սեւ բերետաւորների վայրագութիւններին Կիրանցում, Երեւանում եւ այլուր: Ուշադիր նայէք նրանց մարդկային նկարագրից զուրկ դէմքերին եւ կը տեսնէք այնտեղ կուտակւած ատելութիւնը։ Դիտէք, թէ ինչպիսի հրճւանքով են ծեծի ու ջարդի ենթարկում յանուն Հայրենիքի պայքարի դուրս եկած քաղաքացիներին, ինչպէս են շնորհաւորում միմեանց սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ տարած հերթական «յաղթանակի» առիթով:
Նրանք, անշուշտ փորձում են «լաւագոյնս» կատարել իրենց տրւած հրամանը, հաշւի չառնելով իհարկէ այն փաստը, թէ այդ հրամանն ում կողմից է տրւած, ինչ նպատակ է հետապնդում եւ ինչ հետեւանքներ է կարող ունենալ հայրենիքի համար, եթէ, իհարկէ, նրանց համար որեւէ նշանակութիւն, իմաստ եւ արժէք ունի հայրենիք հասկացութիւնը։
Պարգեւավճարներից արբեցած, արժանապատւութիւնն ու բարոյականութիւնը կուլ տւած, մարդկային ու արժէքային որեւէ համակարգ չկրող, կարմիր եւ սեւ բերետներով այս գոյացութիւնները մոռացել են սակայն, որ թանձր մառախուղի պէս Հայոց Հայրենիքի երկնակամարը պատած այս մղձաւանջը մի օր անհետանալու է, եւ այդ օրը թշնամու կամակատար այս իշխանութիւնը (իր մեծ ու փոքրով, առանցքայինով ու երկրորդականով, կարեւորով ու անկարեւորով) ստիպւած է լինելու կանգնել արդարադատութեան առջեւ, եթէ, իհարկէ, մինչ այդ նրանց իշխանութեան բերած տէրերն ու պատւիրատուները չօգնեն նրանց ճողոպրել՝ փրկելով սեփական կաշին։ Այդ օրը, նրանք՝ խաղաղ ցուցարարների դէմ բռնութիւն գործած ոստիկանները նոյնպէս ստիպւած են լինելու կանգնել արդարադատութեան առջեւ, ինչպէս «Աուշւիցի» շարքայինները՝ 1945-46 թւականներին: Եւ այդ պահին չի անցնելու հրահանգներ կատարող շարքայիններ լինելու մասին արդարացման փորձերը։
Նրանք ստիպւած են լինելու գլխիկոր պատասխան տալու իրենց արարքների համար։ Նրանց մատնացոյց են անելու եւ ետեւներից դաւաճան են գոռալու բոլորը՝ հարեւանը, հարազատն ու ընկերը, անգամ սեփական երեխաները:
Դա անխուսափելի է լինելու։ Չկասկածէ՛ք։