Ալիեւ. «Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցք»-ը բացելու համար»

«ԱԼԻՔ» – «Մինչ Փաշինեանի իշխանութիւնը հայ հասարակութեանը կերակրում է այն մտքերով, թէ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները բաւարարելով՝ խաղաղութեան կը հասնենք, թշնամի երկրի ղեկավար Ալիեւը հերթական անգամ ոչնչացրել է Փաշինեանի այս դաւադիր եւ կործանարար թէզը»։ Գրում է Yerkir.am-ը:
«Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց Զանգեզուրի մասին չի մոռացել եւ չի մոռանայ»: Այս մասին տրանսպորտային հարցերին նւիրւած հանդիպման ժամանակ յայտարարել է թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Ե՛ւ միջազգային մակարդակով, ե՛ւ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պէտք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջեւան) անարգել անցումը, որը պէտք է լինի յարմարաւէտ եւ ազատ՝ առանց որեւէ ստուգումների եւ խոչընդոտների»,- յոխորտացել է նա։
Ցեղասպան Ալիեւի խօսքով՝ Հայաստանը պէտք է կատարի ստանձնած պարտաւորութիւնները՝ ապահովելով դէպի Նախիջեւան անարգել անցումը: Նա յաւելել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ը բացելու համար։
Ալիեւը նաեւ ասել է, որ եթէ Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պէտք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց Բաքւի դա ընդամէնը «թղթի կտոր» է:
Ստացւում է, որ հայ ժողովուրդը առաջիկայում պէտք է պատրաստւի ոչ թէ խաղաղութեան, այլ նոր արհաւիրքի, քանի որ Ադրբեջանը կոնկրետ խօսում է նւաճողական իր ծրագրի մասին, իսկ Փաշինեանի իշխանութիւնը մինչ օրս ամէն կերպ արդարացրել է դրանք ու պատերազմի կամ առանց կրակոցի բաւարարել թշնամու պահանջները։