Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Ինձ համար զինւորականը նա է, ով անմահութեան զգեստ է հագել եւ ապրում է պատւի համար»

«ԱԼԻՔ» – «Բոլորիս մեր բարեմաղթանքներն եմ յղում Հայոց Բանակի վերակազմաւորման առիթով։ Ես յատկապէս շեշտում եմ վերակազմաւորման, որովհետեւ Հայոց Բանակի պատմութիւնը շատ մեծ է, որը հասնում է մինչեւ Հայկ Նահապետ ու ձգւում մեր օրերը»: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ երէկ՝ յունւարի 28-ին, Հայոց բանակի օրւայ առիթով, նախկին զինւորականների, սպաների եւ պատերազմի մասնակիցների համար  կազմակերպւած ընդունելութեան ժամանակ յայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«33-րդ տարեդարձը պայմանաւորւած է Հայաստանի Հանրապետութեան վերաանկախացման հռչակմամբ եւ մեր Արցախ աշխարհի ազատագրման պատմութեամբ։ Մեզ համար այսօր մեծ պատիւ է կրկին մեր խոնարհումը յայտնել եւ մեր ուխտը կնքել մեր նահատակ եղբայրների ու քոյրերի, հայրերի ու մայրերի, որդիների ու դուստրերի հետ, որոնց կենդանի ներկայութիւնը ես անձնապէս ամէն օր եմ զգում։

Շուտափոյթ ազատում մաղթենք թէ՛ Բաքւի բանտերում գտնւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն ու գերեվարւած տղաներին, թէ՛ Երեւանի բանտերում գտնւող մեր զինւորականներին, որոնք ապօրինի կերպով պահւում են կալանքի տակ։

Մեր մաղթանքը մէկն է եւ բխում է մեր պատրաստակամութիւնից, որպէսզի 2025 թւականին մեր բանակն ու պետութիւնը չմնայ առանց գերագոյն գլխաւոր հրամանատարութեան։ Մեր պարտութիւնների շարքը տեղի է ունեցել ու շարունակում է տեղի ունենալ միայն այդ գերագոյն գլխաւոր հրամանատարութեան բացակայութեան պատճառով»,- ասել է Բագրատ Սրբազանը՝ յաւելելով. «Նրանք, ովքեր մեզ հետ ճանապարհ են դուրս եկել եւ այսօր մնացել ու մնում են այդ ճանապարհի մէջ, համոզւած եմ՝ նրանց վիճակւած է միայն ու միայն ունենալու յաղթանակ:

Այո՛, փշոտ է մեր ճանապարհը, բայց ազատութեան համար ամէն ինչ արժէ վճարել, այլըտնրանք էլ չկայ: Այդ խաչելութեան ճանապարհն անցնող մեր երկիրը, պետականութիւնը, բանակը, ժողովուրդն արժանի է նաեւ յարութեան յաղթանակին: Ես ապրում եմ այդ յաղթանակի ուղղակի ամէն օրը»:

Բագրատ Սրբազանը նշել է, որ որքան էլ որ դժւար լինի մեզ այսօր իրար շնորհաւորելը, այդուհանդերձ, մենք այդ շնորհաւորանքը բարի մաղթանանքներով փոխանցում ենք մէկս միւսին՝ որպէս սրտակցութիւն եւ զօրակցութիւն:

«Մեր աղօթքները թող գնան սահմանին կանգնած մեր սպաներին եւ զինւորներին, որոնք անտեր են՝ չունենալով գերագոյն գլխաւոր հրամանատար եւ հրամանատարութիւն: Ինձ համար զինւորականը նա է, ով անմահութեան զգեստ է հագել եւ ապրում է պատւի համար, չի կարող լինել այլ կերպ, այլ կերպն այսօրւայ աղէտն է»,- ասել է նա:

Related Articles

Back to top button