Հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները (Ա)
Մաս առաջին. խնդրի էութիւնը
2020 թ. աղէտալի պատերազմից անմիջապէս յետոյ, առաւելապէս ադրբեջանական պարտադրմամբ, հայ-ադրբեջանական բանակցային օրակարգի առանցքային կէտերից մէկը դարձաւ երկու երկրների միջեւ սահմանազատման (դելիմիտացիա) եւ սահմանագծման (դեմարկացիա) հարցը, ինչը սկսեց լայնօրէն քննարկւել հայկական հասարակական-քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ 2021 թ. մայիսին, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք ներխուժումից կարճ ժամանակ անց, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի գլխաւորութեամբ ստեղծւեց երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման յանձնաժողով, որի աշխատանքները, չնայած մի քանի հանդիպումներին, դեռեւս յուսադրութիւն չեն ներշնչում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախ սահմանազատումը, ապա սահմանագծումը բարդ խնդիրների մի ամբողջ թնջուկ է, որն էլ աւելի է խճճւել ադրբեջանական զանազան քարտէզագիտական զեղծարարութիւնների, ռազմական ներխուժումների, աշխարհաքաղաքական մրցակցութիւնների, ինչպէս նաեւ ԽՍՀՄ տարբեր տարիների քարտէզների փոփոխութիւնների, եւ 1920 թ. այս կողմ, ԽՍՀՄ տարբեր որոշումների հիման վրայ հայկական պետութեան տարածքների փոքրացումների, անկլաւների առաջացման եւ այլնի արդիւնքում։
Այս թնջուկը թէկուզ թռուցիկ ընկալելու համար, անհրաժեշտ է նախ պատկերացում կազմել սահմանազատման (դելիմիտացիա) եւ սահմանագծման (դեմարկացիա) էութեան վերաբերեալ, ապա գնահատելով հայ-ադրբեջանական յարաբերոթիւնների ներկայ վիճակը, հասկանալ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման մարտահրաւէրները։ Ուստի, նպատակ ունենք «Հորիզոն»-ում տպագրւող սոյն յօդւածով, ինչպէս նաեւ դրա երկրորդ մասով առարկայացնել պատկերացումները նախ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի, դրա էութեան, միջազգային փորձի եւ ընդունւած մօտեցումների վերաբերեալ, ապա արդէն քննարկման առարկայ դարձնել հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման գործընթացի խնդիրներն ու ադրբեջանական կողմի շարունակական պահանջները, ինչի պարագայում Հայաստան-Ադրբեջան շուրջ 930 կլմ. երկարութեամբ սահմանի տարբեր հատւածների վերաբերեալ առկայ են վէճեր, իսկ ադրբեջանական զօրքերը շարունակում են գտնւել այդ սահմանից շուրջ 200 քառ. կլմ. այս կողմ։
Խնդրոյ առարկային վերաբերող միջազգային պրակտիկ գրականութեան մէջ, որը նաեւ շօշափում է տեսական հարցեր, արժէքաւոր փաստաթուղթ է Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) քարտուղարութեան անդրազգային սպառնալիքների վարչութեան սահմանային անվտանգութեան եւ կառավարման բաժնի կողմից 2017 թ. հրապարակւած՝ «Պետական սահմանների սահմանազատում եւ սահմանագծում. մարտահրաւէրներ եւ լուծումներ» ուղեցոյցը1) (այսուհետ Ուղեցոյց), որը կազմութեան ընթացքում մեծապէս հաշւի է առնւել սահմանային խնդիրների կարգաւորման բելոռուսա-լեհական շուրջ տասնամեայ փորձը: Ըստ այդմ սահմանւած է, որ սահմանազատումը (դելիմիտացիա) հարեւան պետութիւնների միջեւ պետական սահմանի մասին պայմանագրի իրաւական ձեւակերպումն է, եւ գրաֆիկօրէն գծագրւած դիրքը տեղագրական քարտէզի վրայ, ինչը պատշաճ կերպով սահմանւած է դրա համապատասխան գրաւոր նկարագրութեան մէջ։ Դրանից յետոյ քարտէզը եւ նկարագրութիւնը կարող են դառնալ պայմանագրի կամ դրա յաւելւածի անբաժանելի մասը: Սահմանագծումը (դեմարկացիա) հարեւան պետութիւնների կողմից գետնի վրայ պետական սահմանի տեղորոշումն է, ներառեալ սահմանագծման փաստաթղթերի կազմումը, սահմանային տեղորոշումը, համապատասխան նշանների տեղադրումը։ Այսինքն սահմանազատումը սահմանների վերաբերեալ պատկերացման շուրջ քաղաքական համաձայնութեան գալն է, իսկ սահմանագծումը տեղում սահմանային նշանների, փշալարերի, դիտարկման աշտարակների եւ այլնի անցկացումը, ինչպէս նաեւ սահմանագծման ընթացքում օբիեկտիւ խոչընդոտների յաղթահարումը, օրինակ, անբարենպաստ տեղանքների փոխադարձ շրջանցումը, սահմանի՝ գետերի հուներին զուգադիպման ժամանակ վերջինս որպէս սահման ընդունումը եւ այլն, ինչին կանդրադառնանք ստորեւ։
Իբրեւ դելիմիտացիայի կամ սահմանազատման հիմք կարող են կիրառւել միջազգային եւ միջպետական համաձայնագրերը, դրանց արդիւնքում կազմւած քարտէզները, վերպետական կազմաւորումների ադմինիստրատիւ սահմանները եւ այլն։
Պետութիւնների միջեւ սահմանների ճշգրտումը տարիներ, յաճախ նաեւ տասնամեակներ տեւող գործընթաց է, անգամ միմեանց միջեւ դիւանագիտական եւ բարեկամական յարաբերութիւնների առկայութեան պայմաններում, ինչպէս օրինակ Հայաստանի եւ Վրաստանի պարագան է, երբ յետանկախական այս ողջ ժամանակահատւածում, հայ-վրացական սահմանի միայն շուրջ 60 տոկոսի դեմարկացիան է աւարտւել, այդ էլ այն պարագայում, երբ դելիմիտացիայի համար երկու հարեւան երկրները հիմք են ընդունել Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան 1929 եւ 1935 թթ․ համապատասխան փաստաթղթերը, այսինքն, երբ սահմանազատման իրաւաքաղաքական հէնքի վերաբերեալ հակասութիւններ չկան։
Միայն ադմինիստրատիւ սահմաններով բաժանւած պետութիւնները աւելի յաճախ են յանգում սահմանային խնդիրների, ինչպէս օրինակ յետխորհրդային պետութիւնների պարագայում է, օրինակ Առաջաւոր Ասիայում։ Նման խնդիրներ ունեն Ղազախստանը, Կիրգիզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը։ Կիրգիզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը չեն կարողանում համաձայնութեան հասնել Ֆերգանայի հովտի վերաբերեալ2)։ Ռուսաստանն ինքը դեմարկացւած սահմաններ չունի օրինակ Վրաստանի եւ Ճապոնիայի հետ։
Սահմանազատման միջազգային իրաւական հիմքը
ԵԱՀԿ Ուղեցոյցը անդրադառնալով, սահմանազատման իրաւական հիմքին յղում է կատարում միջազգային իրաւունքի մի շարք կարեւոր փաստաթղթերի, մասնաւորապէս վկայակոչւում է Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների վերաբերեալ Մոնտեւիդիոյի 1933 թ․ կոնւենցիան, որը պետութեան գոյութեան համար նախապայմաններ է սահմանում՝ մշտական տեղաբնիկ բնակչութիւն, սահմանւած տարածք, ազգային կառավարութիւն եւ այլ պետութիւնների հետ քաղաքակիրթ յարաբերութիւնների մէջ գտնւելու կարողութիւն։ Պետութեան՝ որպէս միջազգային իրաւունքի սուբիեկտիւ, վերաբերեալ նորմերն ու տարբերակիչ յատկանիշերը պարբերաբար թարմացւել եւ կատարելագործւել են։ Խորհրդային Միութեան փլուզումից եւ Արեւելեան Եւրոպայում քաղաքական փոփոխութիւններից յետոյ 1991 թւականի դեկտեմբերի 16-ին Եւրոպական համայնքն ընդունեց «Արեւելեան Եւրոպայում եւ Խորհրդային Միութիւնում նոր պետութիւնների ճանաչման ուղեցոյցը»։ Համաձայն դրա պետութիւնները պարտաւոր են ապահովել թւով վեց չափորոշիչներ, որոնցից են, յարգանքը ՄԱԿ-ի Կանոնադրութեան, ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկիի Եզրափակիչ ակտի եւ 1990 թ․ Փարիզի խարտիայի դրոյթների նկատմամբ։
Այդպիսով, սահմանների առկայութիւնը պետութեան գոյութեան նախապայմանային հանգամանքներից մէկն է, սակայն միջազգային կայունութեան եւ հակամարտութիւնների զսպման համար աշխարհակարգին անհրաժեշտ է, որ սահմանները լինեն փոխադարձաբար ճանաչւած եւ պահպանւած։ Այս գործընթացը, ինչպէս վերը յիշատակւեց չափազանց բարդ ու խիստ բազմաշերտ է, որի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք ընդհանուր են եւ նոյնական սահմանազատման եւ սահմանագծման ճանապարհով անցնող բազմաթիւ պետութիւնների համար։ Այդ խնդիրներին եւ դրանց կարգաւորման ընթացակարգերին կանդրադառնանք ստորեւ։
Սահմանազատման աշխատանքում նախ եւ առաջ անհրաժեշտ է իրականացնել իրաւական հիմքի (միջազգային կամ միջպետական համաձայնագրի, քարտէզի եւ այլն) փոխադարձ համաձայնութիւն, ապա անցկացնել ներպետական համապատասխան ընթացակարգեր՝ պետական յանձնաժողովի կազմում, միջազգային պրակտիկայի ուսումնասիրութիւն, տարբեր քարտէզների ուսումնասիրութիւններ, ինչպէս նաեւ կատարել հողօգտագործման վիճակի, պատմական ժառանգութեան գնահատում, խնդրայարոյց տարածքների շրջանցման փոխադարձ ընդունելի տարբերակների մշակում։ Պէտք է իրականացնել նաեւ ընդհանուր պետութեան վրայ դելիմիտացւած սահմանի ազդեցութեան գնահատում, սահմանամերձ հատւածներում ինժեներական ենթակառուցւածքների եւ ժողովրդի կենսունակութեան արժեւորում, կադաստրային տեղեկատւութեան հաւաքագրում, սեփականութեան իրաւունքի պաշտպանութիւն, պաշտամունքի յուշարձանների, հողօգտագործման տարածքների, արօտավայրերի, էներգետիկ, ջրային եւ սանիտարական ենթակառուցւածքների գործունէութեան հնարաւորութեան ապահովում եւ այլն։ Այս կէտերից իւրաքանչիւրի վերաբերեալ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան աշխատանք՝ համապատասխան քարտէզագիտական նիւթի կիրառմամբ։
Մեթոդաբանական առանձին մօտեցումներ են կիրառւում, երբ սահմանագիծն անցնում է բնական այնպիսի աշխարհագրական պայմաններով, ինչպիսիք են լեռնային տեղանքը, գետը, լիճը, ծովը, ինչպէս նաեւ այլ տարածքներ (դաշտ, անապատ, ճահիճ եւ այլն)։ Օրինակ, լեռնագագաթներով անցնող սահմանների սահմանազատման համար առաջարկւում է, օգտագործել «ջրբաժան մօտեցումը», եթէ տեղում առկայ են ջրային հոսքեր, կամ օգտագործել միջգագաթային գոգաւորութիւնները։ Ինչ վերաբերում է գետով անցնող սահմաններին, ապա որպէս կանոն, ինչպէս վերը նշւեց, հիմնականում, եթէ առկայ է սահմանագծի եւ գետի համընկնում, ապա գետը համարւում է սահմանագիծ, այստեղ արդէն բանակցութիւններով կարգաւորման հարցեր են հանդիսանում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գետում նաւարկութիւնը (եթէ այն նաւարկելի է), կղզիների պատկանելութիւնը (եթէ այդպիսիները կան)։ Մէկ այլ խնդիր է այն, երբ գետի հոսքը ենթարկւում է փոփոխութիւնների։ Այն պարագաներում, երբ սահմանագիծը գետն է, կողմերի միջեւ յաճախ կարող են ընդունւել սահմանի կոնկրետ այդ հատւածի իրաւական ռեժիմի մասին համաձայնագրեր։ Օրինակ, նմանատիպ խնդիրներ են առկայ հայ-վրացական սահմանի Դեբետաւան գիւղի տարածքում, երբ սահմանագիծ համարւող Դեբետ գետը տարածւել է դէպի հայկական կողմ եւ իր հետ տարել գիւղի մշակովի հողից մի փոքր հատւած։ Առանձին կարգաւորումներ են գործում նաեւ ծովային եւ լճային սահմանների պարագայում, սակայն դրանց անդրադարձը նպատակայարմար չենք համարում, քանի որ հայ-ադրբեջանական յարաբերութիւններում, նման խնդիր դրւած չէ։
Մեթոդաբանական այլ մօտեցումներ կարելի է կիրառել այն դէպքերում, երբ սահմանագիծն անցնում է մարդածին օբիեկտներով, ինչպիսիք են, օրինակ ճանապարհներն ու երկաթուղին, կամուրջներն ու այլ կառոյցները, էլեկտրասնուցման գծերը, խողովակաշարերը, հողային ոռոգման ջրագծերը, պաշտամունքի օբիեկտները եւ այլն։
Սահմանազատման բանակցութիւնների նախապատրաստական փուլում անհրաժեշտ է գոյքագրել բոլոր այն օբիեկտները, որոնք հատում են սահմանը, որպէսզի որոշւի դրանց պատկանելութիւնը եւ նշանակութիւնը ինչպէս այն պետութեան համար, որը դա կառուցել է, այնպէս էլ հարեւան պետութեան համար, ինչպէս նաեւ անդրսահմանային նշանակութեան համար, բայց յատկապէս տեղի բնակչութեան համար, այնպէս, որ բնակչութեան կեանքում կենսական նշանակութեան բարդութիւններ չառաջանան։ Աւտոմայրուղիները եւ երկաթուղիները երկրի կենսական ենթակառուցւածքներ են՝ մարդկանց, ապրանքների եւ բեռների տեղափոխման համար: Դրանք յաճախ անցնում են սահմանային գծի երկայնքով, յաճախակի հատելով այն, իսկ որոշ առանձին հատւածներում՝ դրա հետ համընկնելով: Ամենապարզ դէպքն այն է, երբ ճանապարհը հատում է սահմանը եւ հեռանում նրանից։ Մնացած դէպքերում խնդիրը պէտք է լուծւի հետեւեալ կերպ՝ բնակեցւած տարածքները մեկուսացւած չթողնելու համար անհրաժեշտ է որոշել, թէ որ ճանապարհն է աւելի կարեւոր այս կամ այն պետութեան համար, որպէսզի բանակցութիւնների ընթացքում հնարաւոր լինի պլանաւորել ճանապարհահատւածների փոխանակում։ Դրանց վրայով անցնող սահմանային գիծը փոխանցելի են այս կամ այն կողմ՝ կախւած նրանից, թէ որ կողմն է գումար ծախսել ճանապարհի կառուցման վրայ, եւ որ կողմի համար է այն աւելի կարեւոր։ Միջազգային պրակտիկայում կիրառւող այս մօտեցումը, որեւէ կերպ հաշւի չի առնւել այն պարագայում, երբ Ադրբեջանին է յանձնւել Գորիս-Կապան հիմնական ճանապարհահատւածը, ինչի պարագայում մի շարք հայկական բնակավայրեր տեւական ժամանակահատւած զրկւած էին կենսական ճանապարհից, իսկ Հայաստան-Իրան կապը էապէս դժւարացել է այլընտրանքային Գորիս-Տաթեւ-Կապան ճանապարհով։
Վերոշարադրեալ աշխատանքներից յետոյ, արդէն գալիս է մասնագիտական եւ տեխնիկական աշխատանքի ժամանակը, ինչի անդրադարձը սոյն յօդւածում նպատակայարմար չենք գտնում։
Խնդրայարոյց հարցերի լուծման կարգը
Ինչ վերաբերում է խնդրայարոյց հարցերի լուծման կարգին, ապա միջազգային պրակտիկայում կիրառւող հիմնական մօտեցումը միջազգային այնպիսի չէզոք կողմի ներգրաւումն է, որի հանդէպ համատեղ վստահութիւն են տածում սահմանազատւող կողմերը։ Ինչ վերաբերում է սահմանի որոշակի հատւածներում առկայ խնդիրներին, ապա այդպիսի տարածքները կարելի է որակել որպէս «գորշ գօտիներ» եւ դրանց վերադառնալ սահմանազատման եւ սահմանագծման հիմնական գործընթացից յետոյ՝ բանակցային այլ փուլի միջոցով։
Սոյն յօդւածում բերւած մօտեցումները իհարկէ կիրառելի են, երբ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնող կողմերը տրամադիր են խաղաղութեան եւ ունեն դրան հասնելու քաղաքական կամք եւ չեն հետապնդում կարճ ժամանակ անց հերթական ռազմական ագրեսիայի սանձազերծում եւ սահմանագծումը չեն պատրաստւում յարմարեցնել այդ ագրեսիայի նախապատրաստութեան համար, մի բան, ինչն ամբողջովին բացակայում է Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւններում, երբ մաքսիմալիստական մօտեցումներով տրամադրւած Ադրբեջանը ամէն ինչ անում է սահմանազատման արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան կենսական ենթակառուցւածքների նկատմամբ վերահսկողութիւն պահպանելու, խոշոր բնակավայրերն անհրաժեշտութեան դէպքում կրակի տակ առնելու, ցանկացած պահի Հայաստանի որեւէ հատւածի կեանքը կաթւածահար անելու, ջրային պաշարների եւ ջրահաւաք աւազանների նկատմամբ վերահսկողութիւն ունենալու, Հայաստանի ինքնիշխան տարածքում ներկայութիւնը պահպանելու եւ, անկլաւների խնդիրն օգտագործելով, ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու համար։ Յօդւածի յաջորդ մասում արդէն կանդրադառնանք բուն հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին, հասկանալու ստեղծւած իրավիճակն ու փորձելու վեր հանել ադրբեջանական կողմի իրական նպատակադրումները։
___________________
1– «Delimitation and Demarcation of State Boundaries: Challenges and Solutions» Transnational Threats Department, Border Security and Management Unit, OSCE Secretariat.
https://www.osce.org/files/f/documents/9/2/363466.pdf
2– Ի՞նչ են դելիմիտացիան եւ դեմարկացիան, https://www.azatutyun.am/a/31537319.html
ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու,
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
«Հորիզոն»