Հայկ Մամիջանեան. «Մարտի 1-ին, որպէս ցուցարար, յունիսի 12-ին, որպէս վարչապետի աթոռին նստած մարդ. զոհերի մեղաւորը Փաշինեանն է»
«ԱԼԻՔ» – «Չկայ մարդ, որի համար մարտի 1-ը սեւ էջ չլինի, բայց մարտի 1-ն ու յունիսի 12-ն ունեն մէկ խիստ առանցքային ընդհանրութիւն։ Երկու պարագայում էլ` թէ՛ զոհերի, թէ՛ մարդկանց առողջութեանը պատճառւած վնասի մեղաւորը Նիկոլ Փաշինեանն է»։ Այս մասին երէկ՝ յուլիսի 22-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հաւաքի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը:
Հայկ Մամիջանեանը նշել է, որ խորը ցաւ է ապրում, երբ մարտի 1-ի զոհերի հարազատները չեն մատնանշում, թէ ով է եղել այդ օրւայ զոհերի իրական մեղաւորը:
«Այդ օրւայ զոհերի իրական մեղաւորը Նիկոլ Փաշինեանն է, ես անձամբ եմ լսել, թե ինչպէս է ինքը իրեն ողջունող մարդկանց ցինիզմով պատասխանում՝ ի՞նչ էք ծափ տալիս, քարեր ու փայտեր վերցրէ՛ք, զինւէ՛ք: Շատ ափսոս, որ դա կադրերում չկայ, բայց կադրերում կայ իր հոգու փառաւորւելը ոստիկանների նկատմամբ իրականացրած գործողութիւններից»,- ասել է նա:
Իրենք դիւանագէտներ չեն, Փաշինեանի աթոռապահներն են
Անդրադառնալով ՀՀ ԱԺ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան խմբակցութեան վարած խորհրդարնական դիւանագիտութեանը, Հայկ Մամիջանեանը նշել է, որ այն ուղղւած է բացառապէս Փաշինեանի իշխանութեանը պահելուն:
«Իրենք դիւանագէտներ չեն, իրենք Փաշինեանի աթոռապահներն են։ Իրենց գործուղումներն ունեն մէկ նպատակ, որպէսզի բոլորին խաբեն, իբր Հայաստանում Փաշինեանի հետ համաձայն են, իբր Հայաստանում որեւէ խնդիր չեն տեսնում Արցախի ու ՀՀ-ի տարածքների յանձնման հետ կապւած ու իբր Հայաստանում ժողովրդավարութիւն է։ Սա է ՔՊ-ի դիւանագիտութիւնը»,-ասել է նա։