Բենիամին Մատթէոսեան. «ԵՄ-ն մեզ առաջարկում է 10 մլն. եւրոյի դիմաց վաճառել մեր պետականութիւնը»
«ԱԼԻՔ» – «Երբ որոշում է կայացւում, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզաների ազատականացման հետ կապւած գործընթաց պէտք է սկսւի, ԵՄ-ն ճանապարհային քարտէզ է մշակում, որը մօտ կէս տարի է տեւում»: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխօսութիւնը մեկնարկելու որոշում է կայացրել:
«Հաշւի առնելով, որ ԵՄ-ում վերջերս են ընտրութիւնները կայացել, բիւրոկրատական մարմինները դեռ լիարժէք չեն ձեւաւորւել, ամենայն հաւանականութեամբ մեզ վերաբերող ճանապարհային քարտէզը յաջորդ տարւայ սկզբին նոր կը լինի:
Բացի այդ, դա բաւականին երկարատեւ գործընթաց է, 3-4 տարի է պէտք, որ կեանքի կոչենք այն: Բայց այդտեղ էլ երաշխիք չկայ, որ ՀՀ-ն կը ստանայ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը»,- ասել է նա:
Փորձագէտի խօսքով՝ ԵՄ գործընկերները ռացիոնալ քաղաքականութիւն են որդեգրում. Ճիշտ է, նրանք ազատականացնում են վիզային ռեժիմը, բայց իրենց համար ընտրում են հնարաւորինս մեծ էֆեկտիւութեամբ աշխատող կադրերին եւ հէնց այդ կադրերին են հիմնականում վիզաների ազատականացման շրջանակներում տրամադրում վիզաները:
«Այսինքն եթէ մենք աշխատուժ պէտք է մատակարարենք ԵՄ-ին, ես չեմ կարծում, որ մեր նպատակը դա է: Մենք պէտք է հասկանանք, թէ սա ինչի է յանգեցնելու:
Ամենակարեւորը, ԵՄ-ն ունի այստեղ ֆունդամենտալ հարցեր, Մեթիւ Միլլերը խօսում էր ցաւոտ զիջումների մասին, հիմա մեզնից ցաւոտ զիջումներ են ակնկալում: Այդ ցաւոտ զիջումները սկսւում են նրանից, որ «Զանգեզուրի միջանցք»-ը մենք պէտք է յանձնենք Ադրբեջանի եւ Թուրքիայի վերահսկողութեան տակ, վերջացրած նրանով, որ Ալիեւի շուրթերով մեզ ասում են, որ ակնկալում են, որ մի քանի հարիւր ադրբեջանցիներ պէտք է գան այստեղ ապրելու:
Մեզ առաջարկում են մեր պետականութիւնը փոխարինել 100 եւրոյանոց տոմսերով դէպի ԵՄ: Մեզ առաջարկում են 10 մլն. եվրոյի դիմաց վաճառել մեր պետականութեան փշրանքները, որ մնացել են 44-օրեայ պատերազմից ու Արցախի էթնիկ զտումներից յետոյ»,- ընդգծեց Բենիամին Մատթէոսեանը»,- ընդգծել է փորձագէտը:
Եռակողմ ֆորմատից հրաժարւող Փաշինեանը չէր հասկանո՞ւմ՝ վերջում լոնդոնեան ֆորմատի առաջ կարող ենք կանգնել
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պահանջին՝ կապւած մի քանի հարիւր հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակւելուն, Բենիամին Մատթէոսեանը հարց է բարցրացրել. «Ինչու կարելի է թոյլ տալ ադրբեջանցիներին վերադառնալ Շուշի կամ Հադրութ, բայց չի կարելի թոյլ տալ վերադառնալ Երեւան կամ Սիսիան: Ինչո՞վ ենք մենք Արցախից տարբերւում»:
«Յուլիսի 12-ին Էրդողանը յայտարարութիւն է անում, որ եթէ «Զանգեզուրի միջանցք»-ը չի յանձնւում, խաղաղութեան պայմանագիր չի լինում, դա պէտք է խաղաղութեան պայմանագրի վերջնակէտը լինի: Առանց խաղաղութեան պայմանագրի հայ-թուրքական սահմանը չի բացւի: Յուլիսի 12-ից յետոյ Նիկոլ Փաշինեանն այցելել է Արագածոտնի մարզ, ռեստորան է գնացել, Չինաստանի արդէն նախկին դեսպանի հետ է հանդիպել, Վրաստանի ՊՆ նախարարի հետ է հանդիպել, Բեռլին է գնացել, հեծանիւ է քշել, Լոնդոն է գնացել, հեծանիւ է քշել, Ալիեւի հետ չի հանդիպել, բայց Էրդողանի խօսքերին արձագանգելու ժամանակ հաւանաբար չի ունեցել:
Մենք կարո՞ղ ենք ողջամիտ կասկած ունենալ, որ այս ամենի մասին արդէն պայմանաւորւել են իրենք, բայց առիթ են փնտրում լեգիտիմացնելու այն բոլոր պայմանաւորւածութիւնները, որոնք ձեռք են բերւել փակ դռների հետեւում»,- ասել է նա:
Բենիամին Մատթէոսեանը յիշատակել է Նիկոլ Փաշինեանի դեռեւս 2001-ին գրւած «Մենք եւ մեր շհերը» յօդւածը եւ ասել է. «Մարդիկ թող հետեւեալ հարցին պատասխանեն՝ մենք այս վիճակում ենք յայտնւել, որովհետեւ պարտւե՞լ ենք պատերազմում եւ ստիպւած ենք յանձնել միջանցքը եւ այլն, թէ՞ մենք յատուկ ենք պարտւել պատերազմում, որ ստեղծւի այսպիսի վիճակ եւ մենք յանձնենք միջանցքը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:
Անդրադառնալով Լոնդոնում Փաշինեան-Ալիեւ չկայացած հանդիպմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի՝ իրար հակասող յայտարարութիւններին, փորձագէտը նշել է. «Եթէ կողմերը իրար հակասող յայտարարութիւններ են անում, նշանակում է կողմերից մէկը ստում է: Ալիեւը ինչ-որ մանրամասներ է ներկայացրել, ես չգիտեմ՝ որքանով է դա իրականութեանը համապատասխանում, որքանով ոչ, բայց ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանութիւններին եւս մանրամասներ ներկայացնել, թէ կոնկրետ ինչ առաջարկ է եղել, արդեօք Ալիեւի խօսքերը համապատասխանում են իրականութեանը, թէ ոչ բրիտանիայի վարչապետի մասնակցութեան հանդիպման հետ կապւած: Այս չկայացած հանդիպումն ինչի՞ դրսեւորում է:
Եթէ հանդիպումը չի կայանում, մենք դիւանագիտական առումով խնդիր ունենք, իսկ երբ դիւանագիտութիւնը չի աշխատում, թնդանոթներն են աշխատում: Այս ամէնն ինչի՞ հետեւանք է, որովհետեւ շատ կոնկրետ վերցրած մի անձնաւորութիւն, որոշել է, որ ինքը ոչնացնում է եռակողմ բանակցային ֆորմատը՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, դուրս է գալիս այդ ֆորմատից, հրաժարւում է նոյեմբերի 9-ի համաձայնութիւններից, Արցախը յանձնում է Ադրբեջանին եւ դա բացատրում նրանով, որ Ադրբեջանն էլ իր կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը կը ճանաչի: Դա տեղի չի ունենում, բայց էդ արեւմտեան բանակցային հարթակում բանակցութիւնները ինչ-որ ֆորմատով, ինչ-որ պարբերականութեամբ շարունակւում են: Հիմա Ադրբեջանի կողմից առաջարկւած տարբերակներից մէկը Մեծ Բրիտանիայում բանակցութիւններն էին՝ Բրիտանիայի վարչապետի մասնակցութեամբ:
Նիկոլ Փաշինեանը, որ հրաժարւում էր եռակողմ ֆորմատից, ինքը չէր հասկանո՞ւմ, որ վերջում մենք այս ֆորմատի առաջ կարող ենք կանգնել»: