Բագրատ Սրբազան. «Հայաստանը ոչ մի խօսք չունի ասելու միջազգային ասպարէզում, ամէն ինչ ասում են մեզ»
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 22-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հանդիպել է իր աջակիցների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխօսութիւն սկսելու եւ Խաղաղութեան եւրոպական հիմնադրամից աջակցութեան տրամադրման մասին ԵՄ որոշմանը, Բագրատ Սրբազանն ասել է.
«Վիզաների ազատականացումը ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան: Ուղղակի մարդիկ հերթ չեն կանգնելու դեսպանատներում, բա ժողովրդագրութիւնն ի՞նչ է լինելու: Հէնց իրենց ընտրողներն են առաջինը գնալու երկրից»:
Խօսելով այն մասին, որ Ադրբեջանը շարունակ մեծացնում է ճնշումը Հայաստանի նկատմամբ, Բագրատ Սրբազանն ասել է.
«Յստակ է, որ Հայաստանը ոչ մի խօսք չունի ասելու միջազգային ասպարէզում, ամէն ինչ ասում են մեզ: Որեւէ սեղանի շուրջ Հայաստանը չկայ: Աշխարհի բոլոր կողմերից՝ ով, ինչ ասում է, անում ենք»:
Բագրատ Սրբազանը նաեւ անդրադարձել է նախօրէին Yak-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարին` ցաւակցելով վթարի հետեւանքով զոհւած աւագ լէյտենանտ Արմէն Իսախանեանի եւ կուրսանտ Արմէն Խաչատրեանի ընտանիքներին եւ հարազատներին. «Մեր պարտքն է իւրաքանչիւր զոհւածին անդրադառնալ, աղօթել նրանց հոգիների խաղաղութեան համար եւ մեր կարեկցանքն ու աջակցութիւնը յայտնել նրանց ընտանիքներին»,-նշել է նա:
Սրբազանը ցաւով տեղեկացրել է, որ յուլիսի 20-ին աւտովոթարի զոհ է դարձել Սրբազան պայքարի ակտիւ մասնակից Էրիկ Մեղրեանը. «Էրիկը եւ Մեղրեանների ընտանիքը միշտ ներկայ են գտնւել հաւաքներին»,-ասել է նա:
Բագրատ Սրբազանը ցաւակցութիւն է յայտնել նաեւ յուլիսի 21-ին մահացած՝ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնութեան հիմնադիր, ակտիւիստ Յովհաննէս Յարութիւնեանի հարազատներին:
«Հիւանդութեան բացայայտումից ընդամենը երկու օր առաջ հանդիպեցինք Յովհաննէսի հետ: Այսօրւայ պէս յիշում եմ մեր խօսակցութիւնը. ասացի՝ որ մի օր չենք տեսնում քեզ, կարօտում ենք, այնպէս որ, մի՛ թաքնւիր որեւէ տեղ: Մեր զաւակները մէկ-մէկ մեկնում են: Մեր կեանքի ու մեր մեկնումի միջեւ ընդամէնը մէկ րոպէի տարբերութիւն է, եւ մեր ապրածի ողջ ճշմարտութիւնն այդ մէկ րոպէի մէջ է։
Մահւանից վախենալ պէտք չէ, բայց ինչպէ՞ս ենք այն դիմաւորելու։ Կրկնում եմ, որ անձնապէս, ես ցանկանում եմ այս կեանքից օրհնւած մեկնել, որ այդ մէկ րոպէն ինձ համար այն ժամը դառնայ, որ ձեռքերս մեկնեմ ու ասեմ՝ Տէր, ինչ-որ տւել ես, ուզեցի, որ աւելիով քեզ վերադարձնեմ, քոնը՝ քեզ»,- ասել է Բագրատ Սրբազանը։