Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Բաքւում պահւողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, յետոյ վերադարձի հաւանակնութիւնը հաւասարւելու է զրոյի»

«ԱԼԻՔ» – «Անցեալ տարի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը միասին յայտարարութիւն տարածեցին՝ գուժելով, որ Հայաստանի Հանրապետութիւնն աջակցում է Ադրբեջանին կամ իր աջակցութիւնն է յայտնում, որ Ադրբեջանում կազմակերպւի COP29»։ Այս մասին երէկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ-ում գերիների վերադարձի թեմայով ընդդիմութեան ներկայացրած նախաձեռնութեան քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«Մի երկրում, որն այդ պահի դրութեամբ բռնազաւթել էր Արցախի Հանրապետութիւնը, էթնիկ զտման, որը ցեղասպանութեան մի տեսակ է, ենթարկել էր Արցախի Հանրապետութեան բնակիչներին, գերեվարել էր մեր հայրենակիցներին, ներառեալ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեանը, գտնւում էր Հայաստանի Հանրապետութեան տարածքում, զաւթել էր ՀՀ տարածքի մի հատւած, չէր վերացրել շրջափակումը, շարունակաբար յոխորտում եւ սպառնում էր Հայաստանի Հանրապետութեանը։ Փոխարէնը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 32 գերի»,- ասել է նա:

Խաչատրեանի խօսքով՝ Ադրբեջանը շարունակում է գերիներին որպէս լծակ օգտագործել Հայաստանի Հանրապետութեան դէմ։

«Այսօր քանի գերի մենք ունենք՝ Հայաստանի, Արցախի քաղաքացիներ, որոնք պահւում են Ադրբեջանում։ Յստակ թիւը, անուն-ազգանուններով հրապարակւած չի, մենք չգիտենք քանի հոգի են։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպէս լծակ Հայաստանի Հանրապետութեան դէմ։ Ե՞րբ կը կարողանանք կանխել, ե՞րբ կը կարողանանք Հայաստանի գլխից հեռացնել այդ դամոկլեան սուրը, երբ այլեւս Ադրբեջանում գերիներ չունենանք։ Ո՞րն է ամենապատեհ առիթը պահանջելու, որ արցախցիները եւ ՀՀ մեր հայրենակիցները վերադարձւեն, եթէ ոչ COP29-ը։

Մենք հասկանում ենք, որ եթէ այսօր իրենք չվերադարձւեն, ապա հաւանականութիւնը, որ տեսանելի ապագայում կը վերադարձւեն, ձգտում է զրոյի։ Միգուցէ ընտրութիւններից առաջ ինչ-որ լաւութիւն անեն, ում՝ պարզ է։ Բայց այսօր մենք պէտք է օգտագործենք այս առիթը՝ պահանջելու բոլորի վերադարձը: Այլապէս ի՞նչ ենք մենք տեսնում։ Եւրախորհրդարանը հանդէս է գալիս գերիների վերադարձի պահանջով, տարբեր երկրներ՝ բարձրագոյն մակարդակով, պահանջում են վերադարձնել մեր գերիներին, ստեղծւել է նախաձեռնող խումբ, այլազգիները ակտիւօրէն մասնակցում են այդ հարցում, Հայաստանի իշխանութիւնը լուռ է։

Հիմա պատկերացրէք ջանքերը, գնում-ասում ես՝ պահանջէ՛ք, իրենք ասում են՝ բա Հայաստանը ինչո՞ւ է լուռ։ Եւ իրօք, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետութիւնը լուռ, ինչո՞ւ պահանջ չի հնչեցնում։ Կասեք՝ դիւանագիտութիւնը ամէն ինչ չէ, որ բարձրաձայն ասւում է։ Բարձրաձայն չասւող դիւանագիտութեան արդիւնքները մենք դարձեալ տեսնում ենք, որեւէ առաջընթաց չկայ։ Մեր եղբայրները ոչ թէ վեց ամիս, շատերը համարեա չորս տարի է՝ դիմանում են»,- ասել է Խաչատրեանը:

Related Articles

Back to top button