Արմէն Ռուստամեան. «Տպաւորութիւն ունեմ, որ գործող իշխանութիւնները պատանդ են Ադրբեջանի իշխանութիւնների ձեռքին»
«ԱԼԻՔ» – «Շոկի մէջ եմ, վատ երազում էլ չէի տեսնի, որ գերիների հարցն ԱԺ-ում կարող են դարձնել իմ ու քո հարց»: ՔՊ-ի կողմից «Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների վերաբերեալ» ՀՀ ԱԺ յայտարարութեան նախագծի ընդունման տապալումից յետոյ, լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
«20 տարւայ պատգամաւորական կենսագրութիւն ունեմ, բայց չէի պատկերացնում, որ ժողովը, որը կոչւում է ՀՀ Ազգային ժողով, կարող է գերիների հարցը դարձնել ոչ միայն իմ ու քո հարց, այլեւ՝ մերժել։ Այսպիսի բան կարող էր լինել միայն Միլլի մեջլիսում։ Այստեղ, փաստօրէն, մենք ունենք իրավիճակ, որ ռազմագերիների հարցի մասով, որը մեր արժանապատւութեան հարցն է, որոշ մարդիկ յայտարարում են, որ ընդդիմութիւնն այս ամէնն անում է՝ թքած ունենալով գերիների վրայ։ Այսի՞նքն։ Մենք այնտեղ մօտիկ ընկերներ ունենք, որ այսօր գտնւում են բանտերում, ուրեմն Գեղամ Մանուկեանը թքա՞ծ ունի իր եղբօր ճակատագրի վրայ, ես թքա՞ծ ունեմ Բիւրոյի իմ գործընկեր Դաւիթ Իշխանեանի վրայ: Լաւ, կարելի է այդ աստիճանի անամօթ յայտարարութիւներ անե՞լ:
Իմ մօտ արդէն խորանում է այն տպաւորութիւնը, որ մեր իշխանութիւնները պատանդ են Ադրբեջանի իշխանութիւնների ձեռքին։ Սրանք սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Այս ամէնը հնարաւոր չէ այլ կերպ մեկնաբանել»,- ասել է Ռուստամեանը։
Պատգամաւորը յստակեցրել է, որ առաջարկւած յայտարարութեան մէջ որեւէ ներքաղաքական խնդիր չի եղել. «Շատ տարաձայնութիւններ ունենք իրենց հետ, բայց իշխանութեանն ուղղւած որեւէ մեղադրանք չկար դրա մէջ»:
Նշենք, որ գերիների վերադարձի թեմայով ընդդիմութեան ներկայացրած նախաձեռնութեան քննարկման ժամանակ Արմէն Ռուսատմեանն իր ելոյթում յայտարարել էր. «Այս նախաձեռնութիւնը նախեւառաջ առիթ է, որ մենք ճիշտ պահն օգտագործենք, արձագանգենք այն կարեւորագոյն խնդրին, որն առաջացել է մեր ռազմագերիների հետ կապւած հարցով։ Այս առումով ՀՀ-ի պաշտօնական տեսակէտ հրապարակային, ամբողջական, լիարժէք չի հնչել»:
Նա զգուշացրել էր, որ քանի դեռ այս թեմայով պաշտօնական դիրքորոշումը չի հնչել յստակ, լոբբիստական աշխատանքներն ունենում են դժւարութիւն։
Արմէն Ռուստամեանը կարծիք էր յայտնել, որ COP29-ով այս գործընթացը չի աւարտւելու. «Այն առիթ էր այս համաշխարհային զօրաշարժը փորձել իրականացնել, եւ այս իմաստով ՀՀ-ի կրաւորական պահւածքը բոլորովին բացատրելի չէ։ Մենք չենք կարող սպասել՝ իբր թէ Ադրբեջանում արդարադատութեան։ Ադրբեջանն այսօր ԵԽ-ից է վտարւած մէկ տարով հէնց այն պատճառով, որ գնահատւել է, որ ունի լուրջ խնդիրներ դատական համակարգում։ Մենք չենք կարող Ադրբեջանից արդարադատութիւն ակնկալել, պէտք է պաշտպանենք մեր հայրենակիցներին այնտեղ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը դատելով՝ իրենք դատում են արցախահայութեանը՝ հաւաքական իմաստով։ Պէտք է թոյլ չտանք, որպէսզի Ադրբեջանն իր նպատակներն իրականացնի»: