ՄիջազգայինՔաղաքական

ԵԱՏՄ երկրները Ինդոնեզիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր են ստորագրել

«ԱԼԻՔ» – Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի (ԵԱՏԲԽ) նիստը, որի արդիւնքներով ստորագրւել է փաստաթղթերի փաթեթ, ներառեալ՝ Եւրասիական տնտեսական միութեան եւ Ինդոնեզիայի Հանրապետութեան միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Այս մասին ըստ Yerevan.today-ի՝ յայտնում է ռուսական «Կոմերսանտ»-ը, յղում անելով Կրեմլի մամուլի ծառայութեանը:

Նեղ կազմով նիստին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Կիրգիզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ինչպէս նաեւ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաեւը: Ընդլայնւած կազմով աշխատանքներին միացել են Ուզբեկստանի նախագահ Շաւքաթ Միրզիաեւը, Ռուսաստանում Իրանի եւ Կուբայի դեսպաններ Քազեմ Ջալալին եւ Էնրիկէ Օրտա Գոնսալեսը. հնչել է նաեւ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսի տեսաուղերձը: Ինդոնեզիայից նիստին մասնակցել է առեւտրի նախարար Բուդի Սանտոսոն:

Ընդունւած որոշումների թւում են՝ ԵԱՏՄ 2026 թւականի բիւջէն, 2026-2027 թւականների մակրոտնտեսական քաղաքականութեան հիմնական ուղենիշները, 2026 թւականի միութեան միջազգային գործունէութեան հիմնական ուղղութիւնները, ինչպէս նաեւ ԵԱՏՄ շրջանակում զբօսաշրջութեան զարգացման հայեցակարգը:

Բացի այդ, մասնակիցները հաստատել են «Եւրասիական տնտեսական ուղի»՝ մինչեւ 2030 թւականը եւ մինչեւ 2045 թւականն ընկած ժամանակահատւածում ինտեգրացիոն գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման «ճանապարհային քարտէզը», ինչպէս նաեւ հաւանութիւն են տւել Ուզբեկստանի հետ մաքսային սահմաններով տեղափոխւող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մասին տեղեկատւութեան փոխանակման համաձայնագրի շուրջ բանակցութիւնների մեկնարկին:

Related Articles

Back to top button