ԻրանՔաղաքական

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը խոստանում է շուտով ներկայացնել նոր զինատեսակ, «որից թշնամին վախենում է»

Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմածովային ուժերի հրամանատարը՝ փոխծովակալ Շահրամ Իրանին, յայտարարել է, որ առաջիկայ օրերին Իրանը կը յայտնաբերի նոր հնարաւորութիւններ ծովային ոլորտում, ներառեալ այն զինատեսակը, «որից, ըստ նրա, թշնամիները մեծապէս վախենում են»։

Նրա խօսքով՝ Իրանը վերահսկում է տարածաշրջանի երեք առանցքային ծովային անցումներ, ներառեալ Հորմուզի նեղուցը, ինչը երկրին տալիս է ռազմավարական առաւելութիւն։ Իրանը, ըստ հրամանատարի, տարիների ընթացքում կարողացել է կանխել արտաքին ուժերի ձգտումները վերահսկել տարածաշրջանը։

Փոխծովակալ Իրանին նշել է, որ Իրանի զինւած ուժերը տարբեր փուլերում դիմագրաւել են լայնածաւալ ճնշումների, այդ թւում՝ մեծ ծովային ուժերի ներկայութեանը Հնդկական ովկիանոսի հիւսիսում։ Նա յայտարարել է, որ Իրանը մի քանի հրթիռային հարւած է հասցրել «Աբրահամ Լինքոլն» աւիակիրին, ինչի պատճառով վերջինս ժամանակաւորապէս կորցրել է գործառնական հնարաւորութիւնները։

Հրամանատարը ընդգծել է, որ Իրանը շարունակում է բարձրացնել իր պաշտպանական կարողութիւնները՝ օգտւելով ներքին տեխնիկական հնարաւորութիւններից եւ պատերազմների ընթացքում ձեռք բերւած փորձից։ Նրա խօսքով՝ երկրի նաւաշինական արդիւնաբերութիւնը հասել է այն մակարդակի, որ այժմ Իրանը կառուցում է ոչ միայն «Դենա» անւամբ ռազմանաւեր, այլեւ աւելի ծանր դասի կործանիչներ։

Իրանի ռազմածովային ուժերի ղեկավարութիւնը յայտարարում է, որ պատրաստ է պաշտպանել երկրի ջրային սահմանները՝ կիրառելով ինչպէս մարդավար, այնպէս էլ անօդաչու համակարգեր՝ ծովի յատակից մինչեւ օդային տարածք։

Փոխծովակալ Իրանին նշել է, որ երկիրը չի վստահում արտաքին ուժերին, նոյնիսկ հնարաւոր խաղաղութեան պայմաններում, եւ շարունակելու է ամրապնդել իր պաշտպանական կարողութիւնները։

Related Articles

Back to top button