
Ապրիլեան եւ պահանջատիրական ոգով տոգորւած գեղարւեստական յայտագրով միջոցառում էր կազմակերպւել Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ, միութեան «Արցախ» սրահում, երէկ՝ ապրիլի 29-ի, երեկոյեան:
Տէրունական աղօթքով եւ Հայաստանի ու Արցախի օրհներգերով մեկնարկած ծրագրի սկզբում միութեան սկաուտները ծաղիկներ տեղադրելով խորհրդանշական խաչքարի դիմաց, երդւեցին հաւատարիմ մնալ հայ ժողովրդի գերագոյն նպատակներին:
Հաղորդավար Գամեր Աբնուսեանը փոխանցեց օրւայ խօսքը, որի մի բաժնում այսպէս էր նշւած. «Ցեղասպանութիւնը հայ ժողովրդի անմեղութեան փաստն է նետւած մարդկային արդարադատութեան երեսին»: Խօսքի այլ բաժնում անդրադառնալով Սփիւռքի կարեւորութեանը ընդգծւել էր. «Այսօր Սփիւռքը իր հայապահպանման ու հայեցի դաստիարակութեան վերաբերեալ ծաւալած աշխատանքներին զուգընթաց պարտաւոր է իր համայնքներին յատուկ աշխարհագրական, քաղաքական եւ մի խօսքով տեղայնական պայմաններին ի տես ստանձնել յաւելեալ դերակատարութիւն ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչեցման գործընթացում, այլ Ցեղասպանութիւնը կանխելու ուղղութեամբ եւ հետամուտ լինելու Արցախի ազատագրման դատի պահանջատիրութեան»:
Օրւայ գեղարւեստական յայտագիրը յագեցած էր ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ, օրւան յարիր հայկական հեզաճկուն պարերի ներկայացմամբ եւ ասմունքային կատարմամբ: Գեղարւեստական յայտագիր, որը մեծ խանդավառութիւն եւ միաժամանակ յուզում առաջացրեց դահլիճում: Գեղարւեստական միջոցառումը եկաւ ապացուցելու հայ ժողովրդի անկոտռում կամքը իր պահանջատիրական երթը շարունակելու առումով:
Երգերի եւ նւագարանների կատարմամբ հանդէս եկան՝ երգիչ Ռոմիկ Ազիզեանը, հարւածային գործիքի կատարմամբ Արմէն Աւանէսեանը, էլեկտրական գիտառով Հենրիկ Տէր Պօղոսեանը, բաս գիտառով Զարեհ Բեգիջանեանը եւ ստեղպնաշարային գործիքով Սեւան Սարգսեանը: Իր «Դելէ Եաման» ասմունքային կատարումով եւ երգով հանդիսատեսի սրտերում յուզում առաջացրեց Մելանի Աղանեանսը:
Պարային կատարումները իրականացրեցին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախմբի սաները, իրենց պարացանկը նւիրելով Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած Նահատակների անմեռ յիշատակին: Պարախմբի պարուսոյց Թինա Անտոն:
Օրւայ ծրագրին հրաւիրւեց խօսք փոխանցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Հայր Սուրբը իր ոգեշնչող ելոյթի սկզբում փոխանցելով թեմի առաջնորդի ողջոյնները եւ գնահատելով միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութիւնը ընդգծեց. «Ազգային յեղափոխական երգերի, պարերի եւ ասմունքի միջոցով այսօր մեզ փոխանցւեցին պահանջատիրութեան անմեռ ոգին եւ ազգային վառ ապրումները: Այսօրերին երբ ապրում ենք մի աշխարհում, որտեղ վերիվայրումները եւ իրադարձութիւնները արագ են եւ յաջորդական, կարող է մի պահ մեզ թւալ թէ՝ այս պայմաններում դժւար է շարունակել մեր պահանջատիրութիւնը, սակայն մէկ բան պէտք է լաւ իմանալ, որը այսօրւայ միջոցառմամբ փոխանցւեց, թէ՝ ժամանակի ընթացքում պահանջատիրութեան ձեւերը, միջոցները եւ ճանապարհները կարող են փոխւել, սակայն ոգին պէտք է մնայ նոյնը եւ այսօր այդ ոգին էր, որ բոլորիս համախմբեց այստեղ եւ երբ այդ ոգին մեր մէջ արթուն է, անոր միջոցով մենք յիշում ենք Արցախը, եկեղեցին, մեր պատմական Հայաստանը եւ մեր մէկուկէս միլիոն Սրբադասւած Նահատակներին եւ դա ոչ մի ճամբով, եւ ոչ ոք չի կարող դուրս բերել մեր սրտից ու մեր հոգուց»:
Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Գառօ Յովհաննիսեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչներ, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ-հովիւ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիրներ՝ Արփի Ալավերդեանը եւ Արտոյտ Զոհրաբեանը, Թեմական խորհրդի ատենադպիր՝ Հայրիկ Աղանեանը, Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Մհեր Անդրէասեանը, քահանայ հայրեր, ազգային իշխանութեան, մարմինների, միութիւնների, եկեղեցու Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:
Ապա հրաւիրւեց միութեան վարչութեան նախագահ Ֆրէդ Աշուղեանը, ով գնահատելով գեղարւեստական յայտագիրը նշեց, որ հայ ժողովրդի յեղափոխական երգերը մեր ժողովրդի զոհաբերութեան, նւիրումի պատմութիւնն են, որոնցից պէտք է դասեր քաղել եւ մէջբերում կատարելով երջանկայիշատակ Ամենայն հայոց Վազգէն Կաթողիկոսին նշեց. «Իր պատմութիւնը չիմացող ազգը՝ յիշողութիւնը կորցրած մարդու է նման»: Նա աւելացրեց. «Մենք իրաւունք չունենք մեր պատմութիւնը մոռանալ, իրաւունք չունենք մեր Բիւրաւոր Նահատակների կտակը չյիշել, իրաւունք չունենք Արցախի ազատամարտիկների յեղած արիւնը մեր Սուրբ Հայրենի հողի վրայ չյիշել, նրանք փակել են ուրացման ճամբան եւ այդ զոհերը իրենց արեամբ, մեզ համար մէկ ուղի են ճշտել յարատեւ պայքար մինչեւ Հայ ժողովրդի արդար Դատի լուծումը»:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ











