
Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի առիթով Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ-հովիւ Վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը իր կատարած քարոզի ընթացքում ընդգծել է. «Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի նշանաբանն է «Յիշատակը վառ է, պահանջը յաւերժ»: Աստւածաբանական դիտանկիւնից նայելով հնարաւոր է այս խորիմաստ ու տաճարաշունչ նշանաբանին աւելացնել նաեւ Աստծոյ սիրոյ յաւերժականութեան ճշմարտութիւնը:
Բոլորիս կողմից շատ յստակ է, որ չի կարելի – անթոյլատրելի է – մոռանալ Մեծ Եղեռնը՝ ողբերգութիւնը, որ տագնապահարեց ողջ մեր ժողովուրդը 111 տարի առաջ: Կեանքի տարբեր ցաւալի դէպքերից յետոյ յաճախ խորհուրդ են տալիս. «Մոռացի՛ր», «Մի՛ յիշիր», «Հանի՛ր մտքիցդ»: Սակայն ինչո՞ւ պէտք է յիշենք «Եղեռն», «Ջարդ», «Ցեղասպանութիւն» բառերը, որոնք բացասական կշիռ ունեն: Արդեօ՞ք դրանց յիշելը օգտակար է: Ո՞րն է մեր նպատակը այս դառն իրադարձութիւնը յիշելով:
Անւանի աստւածաբան Եօրգըն Մոլտմանը երկրորդ համաշխարհային պատերազմում զինւոր էր. նա գերի է տարւում եւ ականատես է լինում շատ ոճրագործութիւնների: Հետագայում իր լայնածաւալ աստւածաբանական աշխատութիւններում յիշում է թէ՝ «Զոհերին մոռանալը հաւասար է նրանց կրկին սպանելու հետ:
Կաթոլիկ վարդապետ Հենրի Նովէնը ընդգծում է հետեւեալը. «Երկրորդ Համաշխարհային պատերազմում մի քաղաքի բնակիչների մեծամասնութիւնը բռնի տեղահանւեցին եւ սպանւեցին: Հետագայում երբ գնում էի այդ քաղաքը ապշեցուցիչ էր այդ զոհերի հարեւանների վերաբերմունքը, նրանք այնպէս էին ձեւացնում, որ կարծես այդ մարդիկ ընդհանրապէս գոյութիւն չեն ունեցել, ո՛չ նրանց հետ ապրել են, ո՛չ կեր ու խում արել, ո՛չ ընկերակցել: Կարծես անհետացած բնակիչներին երկրորդ անգամ սպանել էին հէնց իրենց հարեւանները՝ նրանց մոռացութեամբ։ Ուստի, պէտք է վառ պահել յիշատակը մինչ այն ժամանակ, որ արդարութիւնը չի իրագործւել:
Տարիներ առաջ «Պատկերացրու Արգենտինա» վէպը մրցանակ շահեց: Այս գրքում Երկրորդ Համաշխարհային պատերազմի վերապրողներից մէկը գնում է Արգենտինա, մի պարտէզ է մշակում եւ այդ պարտէզում թռչուններ է պահում, որոնց անւանում է իր ընտանքի զոհւածների անուններով: Նա իր արարքը բացատրում է դրանով, որ ցանկանում է անվերջ շրջապատւած լինել զոհւածներով եւ միշտ յիշել նրանց: Քաւ լիցի, որ յանկարծ մոռանայ նրանց, չյիշի նրանց յաւերժ յիշատակը»:
Վերապատւելին այսպէս է շարունակել. «Մենք պահանջատէր եւ արդարութեան սպասող ժողովուրդ ենք: Արդարութիւնը տակաւին չի գործադրւել եւ մենք սպասում ենք Աստւածային արդարութիւնը մարդկային միջոցով գործադրւի մեր ազգի նկատմամբ: Եւ մինչ դա չի իրականացել, մենք մնալու ենք այն ժողովուրդը, որ արդարութեան իրականացման համար աղօթում եւ աշխատում է: Յիշելով անցեալը՝ մենք կը կերտենք մեր ապագան:
Աշխարհի մարդիկ իրար կապւած կեանք են ապրում: Որպէս օրինակ յիշենք այսօրւայ Հորմոզի նեղուցի փակւելը, որը կատարւել է Իրանի ինքնապաշտպանութեան նպատակով: Այս իրադարձութիւնը ազդել է համայն աշխարհին, այնպէս որ բոլորը, անգամ անտարբեր ձեւացած երկրները այժմ մտահոգութիւն են ցուցաբերում: Իհարկէ սա անարդարութեան նմուշ չէ, սակայն մի նմուշ է, որ աշխարհում իւրաքանչիւր վճռորոշ իրադարձութիւնից ազդւում է բոլոր մարդկութիւնը: Ուրեմն Հայոց դէմ գործւած այս մեծ ոճրագործութիւնը ազդեց նաեւ աշխարհի վրայ, եւ ի փաստ՝ դրանից յետոյ տեղի ունեցած բազմաթիւ ցեղասպանութիւններ կան, որոնք տակաւին շարունակւում են, ինչպէս Գազայում։ Արդարութիւնը կատարւելու եւ հետագայ ցեղասպանութիւնները կանխելու համար պէտք է.
– Ճանաչւի Հայոց Ցեղասպանութիւնը: Աշխարհի երկրները պէտք է ընդունեն այն ինչ կատարւեց, որոնց համար յստակ փաստեր կան:
– Ընդունեն, որ այս ժողովուրդը ապրում էր իր հայրենական հողի վրայ եւ թողնելով իր տուն ու տեղը տեղահանւեց իր պապենական հայրենիքից: Դա հայ ժողովրդի իրաւունքն է, որ պէտք է վերականգնւի:
– Պէտք է փոխհատուցւի այս բոլորը:
Որպէս քրիստոնեայ մտաւորական՝ անհրաժեշտ եմ համարում նաեւ աստուածաշնչական դիտանկիւնից քննարկել արդարութեան իրագործումը ցեղասպանութեան համատեքստում։ «Արդարութիւն» բառը յունարէնով δικαιοσύνη «դիքայոսունէ» է կոչւում: Արդարը այն մարդն է, որ սովորաբար չարչարանքների միջով անցել է, եւ Աստւած նրան արդար է յայտարարել՝ հաստատելով, որ նա ճշմարտութեան մէջ է»:
Քարոզի այլ բաժնում վերապատւելին ընդգծել է .«Մեծ նմանութիւններ կան մեր ժողովրդի ապրած կեանքի եւ Քրիստոսի չարչարանքների միջեւ։ Մեր ժողովուրդն էլ Քրիստոսի պէս մեղադրւեց: Երբ կարդում ենք պատմութիւնը, ջարդը միանգամից չպատահեց, այլ սկսւեց մեղադրանքներով, ապա հայ ժողովուրդը դատապարտւեց, հալածւեց, չարչարւեց, մեր ժողովուրդը իր կեանքը կորցրեց, որպէսզի ուրիշը իր տեղն ապրի, ինչպէս Բարաբբան ապրեց Քրիստոսի փոխարէն, հայ ժողովրդի տուն ու տեղում ուրիշները ապրեցին: Մեր ինքնութեան հետ շաղախւել է ցեղասպանութիւնը: Ինչպէս որ Քրիստոսի ինքնութեան մէջ ընդգրկւել է Նրա վէրքերը եւ խոցերը: Երբ Նա յարութիւն առաւ, աշակերտները ականատես եղան, որ Նրա խոցերի տեղը իր հետ էին: Նա խաչեալ եւ յարուցեալ Տէրն է: Այդպէս էլ մենք, չենք կարող ուրանանք մեր խոցերը, չենք կարող ժխտենք, որ այն ժողովուրդն ենք, որ մէկ ու կէս միլիոն իր զաւակներից կորցրել է: Դա մեր ինքնութիւնն է: Անգամ եթէ արդարութիւնը գործադրւի, մեր ինքնութեան անբաժանելի բաղադրիչն է Հայոց Ցեղասպանութիւնը:
Սակայն մեր ժողովուրդը նաեւ Յիսուս Քրիստոսի պէս յարութիւն ստացաւ:
Յովհաննէս Շիրազը իր պատկերային լեզւուվ յաճախ հայ ժողովրդին նմանեցնում է սերմերի, որ ցրւում, վերապրում եւ յարատեւում են: Եւ այդպէս ամբողջ աշխարհում սփռւած են հայերը: Հայոց լեզուն, գրականութիւնը, մշակոյթը, նոր սերունդը, բոլորը փաստեր են, որոնք վերապրում է հայ ժողովուրդը: Որպէս օրինակ այս տարւայ ոգեկոչման միջոցառումները, որի կազմակերպումը այս պատերազմական իրավիճակում ընդհանրապէս դիւրին չէին եւ շատ գնահատելի էր: Իմ հաշւարկումով շուրջ 100 հոգի դերակատար էին միայն ՀՈՒՍԿ Հաստատութեան կազմակերպած ծրագրում: Եթէ սա յարութիւն չէ, ապա ի՞նչ է»: Իր քարոզը այսպէս աւարտեց վերապատւելին. ««Յիշատակը վառ է, պահանջը՝ յաւերժ, եւ մեր ժողովուրդը Քո սրտում կերտւած է յաւիտեան, Տէ՛ր։ Ամէն»»:
Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ-հովիւ
Վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանի քարոզը
Նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակին
26.04.26
Կազմեց՝ Լուսիէն Նազարը



