ՀամայնքՆոր Ջուղա

Ամանորի շնորհաւորական պատգամ Սպահանի ազգային իշխանութեան կողմից

Սիրելի հայրենակցներ,

Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների անունից շնորհաւորում ենք Ամանորն ու Ս. Ծնունդը:

2026 թւականը դիմաւորում ենք այն հաստատ համոզումով, որ հին տարւայ բոլոր փորձութիւններն ու դժւարութիւնները մնալու են անցեալում եւ Նոր տարին լինելու է սիրոյ, բարութեան եւ նոր ձեռքբերումների ու յաղթանակների տարի։

Մեր Ամանորեայ մաղթանքն է, որ եկող տարի Իրանում տիրի կայուն խաղաղութիւն, երկիրը զերծ մնայ արտաքին ոտնձգութիւններից եւ նոր հորիզոններ բացւեն Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւններում։

Բարձրեալն Աստծուց հայցում ենք, որ Հայաստանը հեռու լինի չարաղէտ փոթորիկներից եւ գալ տարին լինի համազգային իղձերի իրականացման, միասնականութեան եւ վերածննդի տարի, եւ որ իրականութիւն դառնայ արցախահայութեան հաւաքական վերադարձն իր պապենական հայրենիք։

Ցանկանում ենք 2026 թւականին իրանահայութիւնը ծաղկի ու բարգաւաճի եւ իւրաքանչիւր հայի ընտանիքում տիրի սէր, ուրախութիւն եւ մտքի ու հոգու հանգստութիւն։

Լաւատեսութեամբ մուտք գործենք Նոր տարի։

Related Articles

Back to top button