ԵՐԵՔ ՆՒԷՐՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

Յոյսի ու լոյսի հետ անմիջական առնչութիւն ունեցող, եւ բարիով յաղթելու արդիւնքով օծուն պահերի ակնկալիքով ենք սպասում Ամանորին:
Մանկահասակ երեխաների յուսալից սպասողականութիւնը նւէրների, առհասարակ նիւթեղէն բնոյթով է ներկայանում: Մինչ հասուն ու գիտակից մարդկանց սպասումը, անպայման շօշափելի նիւթեղէնը, կամ գումարներով չափւող նւէրը չէ, այլ այն՝ ինչ որ պակասում է նրանց անհատական կեանքից:
Ազգասէր, եկեղեցասէր ու հայրենասէր մեր հայորդիների այս տարւայ ամանորի նւէրը, դեռեւս ծածկւած է մնում Պանդորայի արկղում: Յունական դիցաբանութիւնից ժառանգւած առաջին կինը՝ Պանդորան, Զեւսից է ստանում կնքւած մի արկղ, եւ կանացի հետաքրքրութիւնից մղւած բացում այն, այդպիսով աշխարհ արձակելով բոլոր տեսակի չարիքները, տառապանքները եւ հիւանդութիւնները: Յատակում մնում է միայն յոյսը, մարդու համար անկանխատեսելի հետեւանքների խորհրդանիշը…:
Պարզ է ուրեմն, որ Պանդորայի արկղը բացւել է արդէն, յատկապէս ներազգային մեր կեանքում, որտեղից դուրս են եկել չարիքներն ու ազգադաւ եւ եկեղեցադաւ շարժումները: Երանի՜ այդ անցեալ օրերին, որովհետեւ մեր հայրենիքի վերանկախութիւնից յետոյ, Պանդորայի մեր ազգային արկղը դեռ չէր բացւել…: Բայց այսօր, երբ արդէն գրեթէ դատարկւել է այն, յոյսի վերջին նշոյլին ենք մնացել, սպասողական մեծ ակնկալիքներով:
Յաճախ հանդիպել ենք այնպիսի մարդկանց, որոնք հսկայ մի սնտուկ նւէրի թղթով պատած, նւիրաբերում են իրենց ամենասիրած անձին, դրա մէջ տեղադրելով թանկարժէք նւէրի մանր մի տուփ…: Ոսկեայ, ու ադամանդակուռ մի մատանի, զմրուխտեայ մի մանեակ պարունակող փոքր տուփ, եւ կամ այլ թանկարժէք հանքային մի քար, տեղադրում են փոքր տուփի մէջ, իսկ տուփը տեղադրում՝ հսկայ սնտուկի յատակում:
Տարիներ առաջ, երբ այլ երկրում հոգեւոր ծառայութեան էի կանչւած, գրաւոր արտայայտւել եմ այն երեխու մասին, որը մի դատարկ տուփ նւէրի թղթով սիրուն փաթաթում է, եւ իր հօրը սենեակում, նրա բացակայութեան տեղադրում, ու ապա քնում: Առաւօտեան, երբ հօրը մօտենում է եւ հարցնում, թէ տեսե՞լ էր նւէրը, հայրը ասում է, թէ բացել ու իմացել էր, որ այն դատարկ մի տուփ է, նւէրի թղթով փաթաթւած: Երեխան լացելով ասում է, թէ ինչո՞ւ չի տեսել այն հարիւրաւոր համբոյրները, որոնք դրոշմել էր այնտեղ, իր մանկական շրթներով…: Հայրը գրկախառնւում է երեխուն, ու բազմաթիւ համբոյրներով իր շնորհակալութիւնն է յայտնում, չկարողանալով զսպել իր արցունքները…:
Տուփի դատարկ լինելը մեծապէս տարբերւում է այն սպասումներից, որոնք շօշափելի նիւթերով են ընկալւում այս կեանքում: Մարդկութեան մեծամասնութիւնը, Յիսուսի ծննդեան առիթով մոգերի միջոցով Նրան ընծայւած ոսկին, կնդրուկը եւ զմուռսը քննութեան է ենթարկում, առանց հասկանալու դրանց երկնային շնորհներ՝ հաւատք, յոյս եւ սէր լինելը, եւ ո՛չ թէ երկրաւոր հարստութիւն: Ահաւասիկ երեք նւէրներ, որոնց կարիք ունի համայն մարդկութիւնը, ու մեր ազգը՝ յատկապէս:
Մարդկանց միջեւ փոխադարձ հասկացութիւնը, անսահման սէրը եւ նւիրեալ եղբայրութիւնը իբրեւ անհրաժեշտ նւէրներ, պակասում են այս կեանքի հարթակում: Բարոյապէս այնքա՜ն է աղքատացել մեր ժողովուրդը, որ մուրացիկի ձեռնափայտով իսկ իրարու հարւածելու միջոցին է դիմում, ազգային ու հայրենական ապագայ անորոշութիւնը բոլորովին անտեսելով…: Բոլորի անմիջական հետաքրքրութիւնը ուղղւում է նիւթականի վրայ, ո՛չ թէ անպայման արդար ջանքով ու աշխատանքով շահելու այն, այլ կողոպտելով իր նմանի գրպանից: Անվերջ հաւաքելու, եւ մինչեւ կեանքի վերջին օրը, մահւան անդունդի բերանին կանգնելու ատակ մարդը, իր հետ նիւթական հարստութիւն տանելու որոշմանը կառչած է մնում:
Կեանքում ուրիշներին տիրելու ցանկութիւնը, քաղաքական բարձր պաշտօններ ունեցողներից սկսեալ մինչեւ ամենախեղճ դիրք ունեցողները, ուրիշներին ենթարկելու մեծամտութեամբ են անցկացնում ժամանակը, եւ ո՛չ թէ այլոց կեանքը բարեկարգելու նւիրեալ ծառայութեան յատկացնելով այն: Ոխն ու ատելութիւնը իբրեւ ժառանգ փոխանցւելով սերնդից սերունդ, աւելի են տարածում դժբախտութիւնը մարդկային առօրեայ կեանքում:
Հայաստանի վերանկախացման առաջին տարիներին, երբ նախկին Սովետական Միութեան ճնշումից նոր էին դուրս եկել մեր ժողովրդի զաւակները, արդարօրէն անկախութեան հասած լինելու գոհունակ սրտով եւ երախտագիտութեամբ, մեծ յարգանք ցուցաբերեցին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որը դարեր շարունակ պահպանել էր հայի ինքնութիւնը, լուսաւորչահաստատ Ս. Էջմիածնի դարաւոր արմատների վրայ հիմնւած:
Համայն աշխարհի առջեւ, իր հայրենի պետութեան լեզւով կրած ամօթալի խծբծանքներից խարանւող մեր սուրբ եկեղեցին, ցաւ ի սիրտ, խայտառակւում է, որի աւելի քան 1700 տարւայ պատմութեամբ դեռեւս հպարտանում ենք օտար եկեղեցիների դիմաց: Ի՜նչ ամօթ աշխարհի առաջին քրիստոնեայ երկրի ժողովրդին, որի եկեղեցին, իր պետութեան անդուլ ջանքերով ոչ միայն պախարակւում է, այլեւ իր Սրբութիւն Սրբոցի Միաբանութիւնը պառակտւում է, կեր հանդիսանալով արիւնարբու թշնամու նորագոյն ախորժակին:
Ո՞վ է հետաքրքրւում ներկայ ազգային անբաղձալի օրերին լուծում բերելու խնդրով, կամ ո՞վ է նկատի առնում Ամանորի ու Սուրբծննդեան տօնական օրերի ընթացքին ազգային մեր հաւաքական կեանքում արդիւնաբեր բարու սուրբ գործը: Սեփական փառքը, Աստծու հետ մրցակցութեան առաջնորդող մի տխուր ձգտում է, որտեղից յետ դարձող մարդկանց քիչ է հանդիպել պատմութիւնը…:
Մարդկային կեանքի իւրաքանչիւր գիտակցական պահին ծնւում է յոյսի նոր ակնկալիք, որը բոլորին մղում է դէպի լաւն ու բարին առաջնորդւելու, եւ համերաշխութեամբ ապրելու այս կեանքը: Բայց առաջնահերթութիւնը տրւո՞ւմ է բարուն, թէ՞ անձնասիրութեամբ է խաթարւում աստւածապարգեւ կեանքը: Ինքնասիրութիւնը առաջին արգելքն է մարդկային փոխյարաբերութիւնները խաղաղ պայմաններում իրականացնելու, որը նաեւ փչացնում է հաւասարակշռւած կեանքի երեք նւէրները՝
– Ազգասիրութիւն,
– Եկեղեցասիրութիւն,
– եւ Հայրենասիրութիւն:
Սոյն երեք նւէրների սպասումով է լցւել մեր սիրտն ու հոգին, անհատական եւ հաւաքական մեր կեանքում: Աստծու օրհնութեամբ բացւող նոր՝ 2026 տարւայ համար այլ նւէր չենք ակնկալում, բայց միայն մեր ազգասիրութեան, եկեղեցասիրութեան եւ հայրենասիրութեան երկնապարգեւ շնորհքը:
ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ
Աղօթաձայն օրհնութեամբ՝
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Նոր տարի՝ 2026,
Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ



